Հայաստան

Կասկածներ ունենք, որ մանկապարտեզներին մատակարարվել են որակի չափանիշներին չհամապատասխանող կարագ և պանիր․ ՄՊՀ նախագահ

2 րոպեի ընթերցում

Կասկածներ ունենք, որ մանկապարտեզներին մատակարարվել են որակի չափանիշներին չհամապատասխանող կարագ և պանիր․ ՄՊՀ նախագահ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը բարձրաձայնեց մանկապարտեզների և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող կառույցներում սննդի գնումների խնդիրները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ամփոփիչ ասուլիսի ժամանակ նա ասաց, որ ուսումնասիրության հիմնական առարկաներն են եղել կաթնամթերքը, կարագն ու պանիրը։

Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանձնաժողովին է ներկայացրել հարցը՝ խնդրահարույց գնումների վերաբերյալ ուսումնասիրություն իրականացնելու նպատակով։ Հանձնաժողովը դիտարկել է բոլոր համայնքները և արձանագրել է մի շարք խախտումներ։

«Հաճախ մանկապարտեզներում մատակարարվում են կարագ և պանիր, որոնք գնային սեգմենտով շատ էժան են: Արդյունքում մենք հիմնավոր կասկածներ ունենք, որ այդ ապրանքները ֆորմալ առումով համապատասխանում են տեխկանոնակարգերի պահանջներին, բայց իրականում չեն համապատասխանում որակի չափանիշներին»,- նշեց Գևորգյանը։

Նա ասաց, որ հանձնաժողովը նախատեսում է ոչ միայն վարչական պատասխանատվության ենթարկել խախտում կատարող տնտեսվարողներին, այլև ձեռնարկել համակարգային փոփոխություններ։ «Մենք ցանկանում ենք, որ գնումների գործընթացում կարգավորումներ իրականացվեն, որոնք կբացառեն որակապես ոչ համապատասխան ապրանքների մատակարարումը մանկապարտեզներին և այլ սոցիալական կառույցներին»,- ասաց Գևորգյանը։

Գևորգյանը մատնանշեց, որ կաթնամթերքի որոշ տեսակներ՝ կարագը և պանիրը, վաճառվում են շուկայականից զգալիորեն ցածր գներով, ինչը ենթադրում է հնարավոր խախտումներ։  

«Հանձնաժողովի ուսումնասիրությունը դեռ շարունակվում է, և վերջնական արդյունքները կներկայացվեն առաջիկա ամիսների ընթացքում»,- եզրափակեց Գևորգյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում