Հայաստան

Երևանում նշվեց Հայրենական Մեծ պատերազմում բլոկադայի ենթարկված Լենինգրադի ազատագրման հերթական տարեդարձը

5 րոպեի ընթերցում

Երևանում նշվեց Հայրենական Մեծ պատերազմում բլոկադայի ենթարկված Լենինգրադի ազատագրման հերթական տարեդարձը

Երևանի Վահագն Դավթյանի անվան այգում, պաշարված Լենինգրադի երեխաների հուշարձանի մոտ տեղի ունեցավ ֆաշիստական շրջափակումից քաղաքի ամբողջական ազատագրման 81-րդ տարեդարձը։ Պաշարված Լենինգրադի երեխաների հուշարձանին դրվեցին ծաղիկներ ու ծաղկեպսակներ՝ որպես հարգանքի տուրք ողբերգական իրադարձությունների զոհերի հիշատակին։ Արարողությանը ներկա էին ՀՀ-ում ՌԴ դեսպանատան և ՀԿ-ների ներկայացուցիչներ։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն իր ելույթում նշեց, որ ավանդույթի համաձայն Երևանում նշվում է Լենինգրադի ազատագրման և ահավոր բլոկադայի հերթական տարելիցը։ 

«Բոլորս գիտենք լենինգրադցիների մեծագույն հերոսության, տառապանքների և հոգու արիության մասին, որոնց շնորհիվ պաշարված Լենինգրադի բնակիչները՝ զինվորականներն ու խաղաղ բնակիչները, կարողացան վերապրել ահավոր փորձությունը, սովը, ռմբակոծություններն ու դիմանալ այդ ամենին։ Դա օրինակ է, որը ոգեշնչել է, ոգեշնչում է և դեռ ապագայում էլ կոգեշնչի գալիք սերունդներին։ Դա անսահման տոկունության և հայրենասիրության օրինակ է»,- ասաց Կոպիրկինը։ 

Նա հավելեց, որ ավանդույթի համաձայն՝ ամեն տարի բլոկադայի ենթարկված Լենինգրադի երեխաներին նվիրված հուշարձանի մոտ անցկացվում է կարևոր միջոցառում, ինչն, ըստ էության, այն որակների վառ արտահայտությունն է, որոնք բնորոշ են հայ-ռուսական հարաբերություններին։

«Հատկապես եղբայրությունը, փոխօգնությունը, փոխաջակցությունն ու հոգևոր-մշակութային արժեքներն այն գործոններն են, որոնք մեզ միշտ միավորել են և թույլ տվել Խորհրդային Միության բոլոր ժողովուրդներին հաղթել ահավոր պատերազմում։ Այդ գործոնները թույլ են տալիս նաև հաղթահարել այն փորձություններն ու մարտահրավերները, որոնք մեզ բերում է ժամանակակից բարդ աշխարհը։ Այս հուշարձանը Երևանի քաղաքապետի և Սանկտ-Պետերբուրգի նահանգապետի համատեղ նախաձեռնությամբ բացվել է տասը տարի առաջ, ինչը նույնպես խորհրդանշական տարեդարձ է։ Ամեն տարի գալիս ենք այստեղ և հարգանքի տուրք մատուցում հումանիզմի ու մարդասիրության մեծագույն դրսևորմանը, որ ցուցաբերել է հայ ժողովուրդը բլոկադայի ենթարկված Լենինգրադի երեխաներին»,- նշեց դիվանագետը։

Կոպիրկինը վստահեցրեց, որ ռուս ժողովուրդը երբեք չի մոռանա այդ աջակցության մասին։ Ըստ նրա՝ ընթացիկ տարին լինելու է բացառիկ, որովհետև տվյալ միջոցառումը բացում է մի շարք նախաձեռնությունների շղթա, որոնք նվիրված են լինելու Հայրենական Մեծ պատերազմում և Երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակի 80-ամյա հոբելյանին։ Նա հույս հայտնեց, որ ՀՀ իշխանությունները նույնպես կմասնակցեն հանդիսություններին։ 

«Ցավոք, այսօր սրությամբ դրված է պատմական հիշողության պահպանության հարցը, որի հանդեպ տեղի են ունենում ոտնձգություններ տարբեր կողմերից։ Դրանք կապված են կոնյուկտուրային, նեղ անձնական շահերի հետ, որոնք, ցավոք, բավականին ուժեղ են ժամանակակից աշխարհում։ Այսօր փորձ է արվում ոչ միայն կեղծել պատմությունը, այլև այն խլել մեզանից, հետևաբար մեր ժողովուրդների բարոյական խնդիրն է պաշտպանել ճշմարտությունը։ Ներկա միջոցառումը դրա լավագույն առհավատչյան է»,- եզրափակեց Կոպիրկինը։ 

«Россотрудничество» կազմակերպության ղեկավար Վադիմ Ֆիֆիլովն իր հերթին ընթերցեց ՌԴ Սանկտ-Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովի ուղերձը՝ ուղղված Հայրենական Մեծ պատերազմի վետերաններին, բլոկադայի ենթարկված Լենինգրադի պաշտպանության մասնակիցներին և բնակիչներին, որոնք այսօր ապրում են արտերկրում։ 

«Լենինգրադի ազատագրման 81-րդ տարեդարձը մեր Հայրենիքի համար լուսավոր իրադարձություն է։ Անպարտելի քաղաքն իր պաշտպանների ու բնակիչների արիության և տոկունության շնորհիվ համաշխարհային պատմության մեջ գրեց ամենահերոսական էջերից մեկը։ Ձեր անօրինակ սխրանքն ապացուցեց, որ հնարավոր չէ ծնկի բերել կամ հաղթել մեր բազմազգ երկրին։ Ֆաշիզմի նկատմամբ մեր երկրի տարած հաղթանակի 80-ամյակի առթիվ իմ և պետերբուրգցիների անունից ընդունեք երախտիքի խոսքեր՝ Հայրենիքի ազատության և անկախության համար, ինչպես նաև աշխարհի գեղեցկագույն քաղաքներից մեկի պահպանումը գալիք սերունդների համար»,- ասված է ուղերձում։  

Վերջում Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր ներկայացուցիչն անցկացրեց Լենինգրադի բլոկադայի նահատակների հիշատակին նվիրված ծիսակատարություն։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում