Տնտեսություն

ՄՊՀ-ն նոր տեխնիկական լուծումներ է առաջարկում հեղուկ գազի շուկայում թերլիցքավորման խնդիրները լուծելու համար

2 րոպեի ընթերցում

ՄՊՀ-ն նոր տեխնիկական լուծումներ է առաջարկում հեղուկ գազի շուկայում թերլիցքավորման խնդիրները լուծելու համար

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը ամփոփիչ ասուլիսի ընթացքում խոսեց հեղուկ գազի շուկայի գների փոփոխության դինամիկայի և ոլորտում առկա թերլիցքավորման խնդիրների մասին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գեղամ Գևորգյանը նշեց, որ հեղուկ գազի գների փոփոխությունը կախված է միջազգային շուկայից։

«Հեղուկ գազի շուկայում բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտներ կան։ Այստեղ տեսականորեն չի կարող լինել ոչ գերիշխող դիրքի չարաշահում, ոչ էլ պայմանավորվածություն»,-ասաց Գևորգյանը։

Չնայած գների փոփոխությունների բնական դինամիկային՝ ՄՊՀ-ն հայտնաբերել է թերլիցքավորման խախտումներ հեղուկ գազի մատակարարման գործընթացում։ 

«Օրինակ՝ մի տնտեսավարողի մոտ իրականացինք ստուգում և պարզեցինք, որ 30 տոկոս լիցքավորման մեջ խաբում է։ Հիմա նրան ենթարկել ենք պատասխանատվության և տուգանքը բավականին մեծ ծավալ է կազմում»,-նշեց ՄՊՀ նախագահը։

Նա տեղեկացրեց, որ ՄՊՀ-ն այժմ աշխատանքներ է տանում տեխնիկական լուծումների ներդրման ուղղությամբ, որոնք կնվազեցնեն նման խախտումների թիվը։ Մասնավորապես, առաջարկվում է կիրառել չիպային տեխնոլոգիաներ՝ մուտքի և ելքի գազի քանակի վերահսկման համար։

Գևորգյանը հիշեցրեց, որ հանձնաժողովը տեղադրել էր բալոններ, որոնք հնարավորություն էին տալիս սպառողներին ստուգել մատակարարվող գազի քանակը։ Այնուամենայնիվ, ըստ Գևորգյանի, այս մեխանիզմն արդյունավետ չի գործում։ 

«Մենք սպառողներին տվել ենք քանակը ստուգելու հնարավորություն, սակայն այն լայնորեն չի կիրառվում։ Այժմ մտածում ենք նոր մեխանիզմների ներդրման մասին»,-եզրափակեց նա։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում