ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ եթե բանակը բարեփոխվի Արարատի և պատմական Հայաստանի խոսույթի ներքո, ոչ ոք Հայաստանին զենք չի վաճառի և ռազմական համագործակցություն չի հաստատի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Նիկոլ Փաշինյանն ասաց Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում՝ անդրադառնալով Արարատի և Արագածի վերաբերյալ դիսկուրսի կարևորությանը երկրի կենսական կարևորության և անվտանգային խնդիրների համատեքստում:
«Ուրիշ բան է, որ դու ասում ես` գիտեք ինչ, ես իմ բանակը բարեփոխում եմ, որովհետև Արարատն իմն է և ես պետք է գնամ Արարատը հետ բերեմ, ուրիշ բան է, երբ ասում ես` ես բանակը բարեփոխում եմ, որովհետև Արագածն իմ միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքն և ես իրավունք ունեմ ունենալ մարտունակ բանակ` իմ տարածքային ամբողջականությունը, անկախությունը, ինքնիշխանությունը, իմ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար: Ավելին, միջազգային օրենքներով, ցանկացած պետություն պարտավոր է միջոցներ ձեռնարկել իր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար»,- ընդգծեց Փաշինյանը՝ հավելելով, որ Արարատի և Արագածի դիսկուրսը շատ պրակտիկ խնդիրներ լուծելու համար է, որովհետև այդ խնդիրներն առաջանում են աշխարհայացքից, աշխարհընկալումից և սոցիալ-հոգեբանությունից:
Վարչապետն անհետաձգելի, էական ու կարևոր է համարում ապագայի ռազմավարության հարցում կողմնորոշվելը:
«Մենք Արարատի դիսկուրսի ներքո չենք կարող ունենալ մարտունակ բանակ, մենք Արարատի դիսկուրսի ներքո չենք կարող ժամանակակից զենքեր գնել, Արարատի դիսկուրսի ներքո մեզ կտան օգտագործված, համարյա ժամկետներն անցած զենքեր: Ընդ որում, մի մասը կնվիրեն, մի մասը կվաճառեն, որովհետև իրենք մեկ է չէին օգտագործելու, այլ դեն էին գցելու, ինչն էլ մեզ հետ երկար տարիներ տեղի է ունեցել: Եվ այս խոսույթի ներքո մենք ամեն օր կկորցնենք մեր անկախությունը` առանց դա նկատելու, հայրենասիրական մղումներով: Սրա մասին է խոսքը: Հենց այդ նկատառումով է այդ ամեն ինչն արվում»,- ավելացրել է նա: