Փոդքասթ

Podcast-Հարց բժշկին. վթարների ժամանակ ամրակապված չլինելը կարող է առաջացնել ողնաշարի լուրջ տրավմաներ

3 րոպեի ընթերցում

Podcast-Հարց բժշկին. վթարների ժամանակ ամրակապված չլինելը կարող է առաջացնել ողնաշարի լուրջ տրավմաներ

Ժամանակի ընթացքում ողնաշարի ոչ ճիշտ խնամքի և ոչ ճիշտ ֆիզիկական ակտիվության հետևանքով վերջին տարիներին շատացել են ողնաշարի դեգեներատիվ հիվանդությունները (գրիժա). կարելի է ասել գրեթե ամեն երրորդ անձի մոտ  այս խնդիրը հանդիպում է:

Այս մասին «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում ընդգծեց «Հերացի» համալսարանական հիվանդանոցի Մասնագիտացված անոթային նյարդավիրաբուժական ծառայության նյարդավիրաբույժ Արտակ Բաբայանը:

«Ողնաշարի խնդիրների դեպքում ամենամեծ ռիսկի խմբում են հենց մեքենա վարողները, քանի որ ամենամեծ ծանրաբեռնվածությունը  ողնաշարի գոտկային հատվածի վրա ընկնում է հենց նստած դիրքում։ Հենց սա է պատճառը, որ ողնաշարի ճողվածքների մեծ թիվը հենց գոտկային հատվածում է լինում: 

Վարելու ընթացքում շատ են լինում լարված պահեր, անհարթ ճանապարհներ, վթարային իրավիճակները, երբ վարորդները ամբողջությամբ լարում են ամբողջ  մեջքը, պարանոցային, կրծքային հատվածները՝ փորձելով մեքենան դուրս բերել և չստեղծել վթարային իրավիճակ և դա անելով իրենց առողջության հաշվին: Շատ են նաև հանդիպում վթարների հետևանքով առաջացած տրավմատիկ ճողվածքներ»,- ասաց Բաբայանը:

Նա ընդգծեց՝ այս պարագայում վարորդները  նաև շատ մեծ ռիսկի տակ են դնում իրենց առողջությունը, երբ չեն ամրակապվում, քանի որ, ըստ մասնագետի՝ վթարների ժամանակ հնարավոր է մեքենայի մեջ այնպիսի տեղաշարժեր լինեն, որ  մարդու ողնաշարի բոլոր հատվածները վնասվեն:

Մասնագետը հորդորեց մեքենա վարելիս անպայման ամրացնել ամրագոտին, իսկ առողջ ու առանց խնդիրների ողնաշար ունենալու համար օրվա ընթացքում գոնե 15 րոպե զբաղվել մարմնամարզությամբ: 

Նստակյաց աշխատանքային առօրյա ունեցողներին բժիշկ Բաբայանը նաև խորհուրդ տվեց օրվա ընթացքում քայլել, զբաղվել սպորտով, լողով և այլն: 

Վերջին տարիներին ամբողջ աշխարհում և Հայաստանում ողնաշարի հետ կապված ի՞նչ հիվանդություններ ու խնդիրներ են առավել շատ հանդիպում: Երկար ժամանակ համակարգչի առջև նստելը ի՞նչ հետևանքներ կթողնի ողնաշարի վրա: Վիրահատական ի՞նչ հնարավորություններ այսօր կան մեր երկրում: Ողնաշարի խնդիրները նյարդային և անոթային ի՞նչ խնդիրներ կարող են առաջացնել:   

Այս և մի շարք այլ հարցերի ու մասնագետի կողմից առաջարկվող լուծումներին առաջարկում ենք ծանոթանալ՝ լսելով փոդքասթը:  

Լսեք նաև այլ թեմաներով Podcast-ները

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում