Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուսինե Սարգսյանը հունվարի 27-ին ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ միավորելու համար կառույցների ջանքերն ու ռեսուրսները երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵՊՀ-ից, հուշագրի կնքմամբ կողմերը նպատակ ունեն գործադրելու իրենց բոլոր ջանքերը` երկարաժամկետ համագործակցություն և գործընկերություն հաստատելու համար կայուն զարգացման օրակարգի, մասնավորապես, ժողովրդագրական դիմակայունության, երիտասարդների զորացման, գենդերային հարցերի, տվյալների ու հետազոտության շրջանակում կորպորատիվ սոցիալական պատասխանատվության առաջխաղացման գործում:
«Ակադեմիական և ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդում ժողովրդագրական դիմակայունության ոլորտում, կարողությունների զարգացում, տվյալների կառավարում և բնակչության կանխատեսումների իրականացում, ՄԱԲՀ գիտելիքի և փորձագիտության ինտեգրում, նոր դասընթացների մշակում և առկա դասընթացների կատարելագործում, այդ թվում` ԵՊՀ կրթական ծրագրերի շրջանակում հեռավար ուսուցման դասընթացների և քաղաքացիական ծառայողների շարունակական մասնագիտական վերապատրաստման ծրագրերի ներառում. հենց այս ուղղություններով է իրականացվելու համագործակցությունը։
Համատեղ գործունեության շրջանակում կողմերը մշակելու և իրականացնելու են համագործակցությունը, գիտելիքի փոխանակումը խթանող համատեղ միջոցառումներ և նախաձեռնություններ: Դրանք ներառելու են և՛ սեմինարներ, և՛ աշխատաժողովներ, և՛ համաժողովներ՝ նվիրված ժողովրդագրական դիմակայունությանը, կատարված հետազոտությունների արդյունքներին և քաղաքականության մշակման միջազգային լավագույն փորձին», ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն ընդգծել է, որ այսօր մի կարևոր քայլ է կատարվում կրթական և գիտահետազոտական բնագավառներում նոր նախագծերի իրականացման ուղղությամբ:
«Ինչպես գիտեք, մենք ստեղծել ենք Ժողովրդագրական հետազոտությունների կենտրոն, որտեղ նախատեսում ենք իրականացնել խորը, համապարփակ և բազմաբովանդակ աշխատանքներ։ Մեր հիմնական գործընկեր կառույցներն են լինելու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, այսինքն՝ այս նախաձեռնությունը վերածվելու է եռակողմ համագործակցության։ Այսպիսով մենք դնում ենք այն գործընթացի անկյունաքարը, որը, վստահաբար կարող ենք ասել, հետագայում կտա իր պտուղները»,- ասել է ԵՊՀ ռեկտորը։
Խոսելով հուշագրի կարևորության մասին՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գրասենյակի ղեկավար Լուսինե Սարգսյանը նշել է. «Մեծ ուրախություն և պատասխանատվություն է ԵՊՀ-ի հետ հուշագիր կնքելը, քանի որ սկիզբ ենք դնում մի նոր համագործակցության, որն ունի հսկայական ներուժ։ Այն անհրաժեշտ է ինչպես մեզ՝ ծրագրերի իրականացմանն աջակցելու, այնպես էլ պետությանը՝ իր նախաձեռնությունները կյանքի կոչելու և մարդկանց կյանքը դեպի լավը փոխելու հարցում։ Կարծում ենք, որ մենք կարող ենք օգտակար լինել՝ առաջարկելով այն, ինչը կարող է ավելացնել այդ ներուժը»։
Ըստ Լուսինե Սարգսյանի՝ ակնկալվում է, որ համատեղ աշխատանքը կօգնի բարելավելու հանրային ծառայությունները, քանի որ այդ ոլորտի մասնագետների մեծագույն մասը ԵՊՀ շրջանավարտներ են։
Նշվում է, որ համագործակցության արդյունքում ուսանողների, հետազոտողների համար կստեղծվեն գիտելիքի փոխանակման և կապերի ստեղծման ու ամրապնդման հնարավորություններ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում։