Ադրբեջան

Բաքվում շարունակվում է Արայիկ Հարությունյանի և ԼՂ-ի նախկին պաշտոնյաների նկատմամբ շինծու դատավարության հերթական նիստը

2 րոպեի ընթերցում

Բաքվում շարունակվում է Արայիկ Հարությունյանի և ԼՂ-ի նախկին պաշտոնյաների նկատմամբ շինծու դատավարության հերթական նիստը

Բաքվի ռազմական դատարանում հունվարի 27-ին ընթանում է Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ ապօրինի և շինծու դատավարության հերթական նիստը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես ավելի վաղ հայտնում էին ադրբեջանական լրատվամիջոցները, հունվարի 27-ին մեկնարկել է նաև ԼՂ-ի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ դատավարության հերթական նիստը՝ ԼՂ-ի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի և մյուս պաշտոնյաների դատավարություններից առանձին: 

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 25-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Երևանը հետախուզական տվյալներ ունի, որ Ադրբեջանը Բաքվում պահվող հայ գերիների նկատմամբ հոգեներգործուն արգելված միջոցներ է կիրառում, որպեսզի տարածաշրջանային էսկալացիաները հրահրելուն ուղղված խոսույթներ, ցուցմունքներ կորզի։

Ադրբեջանն ապօրինի ձերբակալել և շինծու մեղադրանքներ է առաջադրել Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Իշխանյանին, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանին, Պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանին, Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։ 

Կեղծ մեղադրանքներ են առաջադրվել նաև Վասիլի Բեգլարյանին, Էրիկ Ղազարյանին, Դավիթ Ալահվերդյանին, Գուրգեն Ստեփանյանին, Լևոն Բալայանին, Մադաթ Բաբայանին, Գարիկ Մարտիրոսյանին, Մելիքսեթ Փաշայանին։ 

Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու քրեական գործն անջատվել է մյուսների գործից, դատաքննությունն անցկացվել է առանձին։ 

Թե Ռուբեն Վարդանյանի, թե մյուս շինծու մեղադրյալների գործով դատական նիստն անցկացվել է հունվարի 17-ին։ Մյուս մեղադրյալների գործով ևս մեկ նիստ կայացել էր հունվարի 21-ին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում