Քաղաքականություն

Ակնհայտ է Սիրիայի պարագայում Թուրքիայի, իսկ Լիբանանի դեպքում Սաուդյան Արաբիայի ազդեցության մեծացումը. Շահան Գանտահարյան

9 րոպեի ընթերցում

Ակնհայտ է Սիրիայի պարագայում Թուրքիայի, իսկ Լիբանանի դեպքում Սաուդյան Արաբիայի ազդեցության մեծացումը. Շահան Գանտահարյան

Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր, միջազգայնագետ Շահան Գանտահարյանն ակնհայտ է համարում Լիբանանում տիրող քաղաքական գործընթացների վրա Սաուդյան Արաբիայի ներգրավվածության, ազդեցության մեծացումը. նրա բնորոշմամբ՝ ինչպես Սիրիայի դեպքում, այնպես էլ Լիբանանի դեպքում քաղաքական ուղղության փոփոխություններ են նկատվում, ինչն արտահայտվում է Սիրիայի դեպքում Դամասկոսի նկատմամբ Անկարայի ազդեցության ավելացմամբ, իսկ Լիբանանի դեպքում Սաուդյան Արաբիայի ազդեցության մեծացմամբ:  

Միջազգայնագետը նման տեսակետ է հայտնել «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում՝ անդրադառնալով Լիբանանում հունվարի 9-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններին, նորընտիր նախագահ Ժոզեֆ Աունի նկատմամբ հասարակության մոտ առկա սպասելիքներին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում՝ մասնավորապես Լիբանան-Սիրիա, Լիբանան-Իսրայել հարաբերություններում տիրող իրադրությանը։ 

Գանտահարյանը հիշեցրեց, որ ըստ Իսրայելի և «Հեզբոլլահ» խմբավորման միջև դեռևս նոյեմբերի 27-ին ուժի մեջ մտած հրադադարի համաձայնագրի՝ այս օրերին ավարտվում է կողմերի միջև ճշտված 60 օրյա ժամկետը, որի համաձայն՝ իսրայելյան ուժերը պետք է հեռանան լիբանանյան տարածքներից, ինչը, սակայն, դեռևս չի կայացել։ 

«Տեսնենք, թե այդ ժամկետը հարգվելու է, թե ոչ։ Սա շատ կարևոր է։ Իսրայելի հետ հարաբերություններ չկան դեռևս, բայց ամեն ինչ կախված է հրադադարի համաձայնության հարգումից: Եթե դա տեղի ունենա, ապա հետո չի բացառվում, որ միջնորդավորված բանակցություններ սկսվեն, որովհետև լիբանանա-իսրայելական օրակարգի առաջնային հարցը ցամաքային սահմանազատումն է»,-նշեց Գանտահարյանը՝ հիշեցնելով, որ երկու պետությունների միջև դեռևս տարիներ առաջ իրականացված ծովային սահմանազատումը բավականին երկար ժամանակ է տևել:

Նրա դիտարկմամբ՝ բանակցությունների ձևաչափը դեռևս պարզ չէ, բայց, ամենայն հավանականությամբ, այն կլինի դարձյալ միջնորդավորված՝ Միացյալ Նահանգների հատուկ բանագնացի կամ պատվիրակի միջնորդությամբ:  

«Այդ բանակցություններն ուղիղ չեն լինի, բայց դրանց մեկնարկը ևս կախված է հրադադարի համաձայնության կետերի հարգումից։ Այս 60-օրյա ժամկետը, կարծում եմ, նաև այդ առումով ուղենշային է լինելու, եթե այդ համաձայնությունը հարգվի ու իսրայելական զորքերն ամբողջովին հեռանան լիբանանյան տարածքներից»,-ասաց միջազգայնագետը: 

Խոսելով արդեն Սիրիայում տիրող իրավիճակի և Բեյրութի ու Դամասկոսի միջև հարաբերությունների մասին՝ Գանտահարյանը նշեց, որ Սիրիայում դեռ չեն ձևավորվել նորմալ գործող ինստիտուտներ, որպեսզի կարելի լինի խոսել հարաբերությունների հստակության մասին: 

«Այս դեպքում ասեմ, որ այնտեղ՝ Սիրիայում, ինչպես և Լիբանանում վարչակազմի փոփոխություն է, բայց դեռևս պետական ինստիտուտների նորմալ աշխատանքի ռեժիմ չէ, որովհետև այնտեղ ևս իշխանության եկած ուժերը բավականին տարբեր են, խայտաբղետ խճանկար է, ու որոշակի ճանապարհ պետք է անցնել՝ միավորվելու, պետական ինստիտուտների վերածվելու և պետական ինստիտուտները ղեկավարելու առումով, բայց համեմատաբար ընդհանուր անվտանգության առումներով հանգիստ է իրավիճակը»,-նկատեց Շահան Գանտահարյանը:  

Նրա բնորոշմամբ՝ Լիբանանում նախագահի ընտրվելուց հետո նշանակվեց վարչապետը, գործընթացները բավականին արագ ընթացան, իսկ հիմա կառավարության կազմի շուրջ բանակցություններ են ընթանում։ 

«Խորհրդարանական խմբակցություններ-վարչապետ ձևաչափով որոշ դժվարություններ կան, որովհետև երկիրը փուլ առ փուլ անցում է կատարում նախկին իրավիճակից դեպի նոր իրողության, որտեղ նաև կառավարության կազմության ձևաչափի, թվաքանակի, նախարարական պորտֆելների առումով կան տարբեր մոտեցումներ ու պահանջներ»,-ասաց Գանտահարյանը: 

Շահան Գանտահարյանը ստեղծված նոր իրավիճակում հատկանշական համարեց այն, որ Միացյալ Նահանգները՝ հատկապես Սաուդյան Արաբիայի միջոցով, ազդեցության նոր ուղղություններ է ձեռք բերել Մերձավոր Արևելքում:  

«Ակներև է նաև Սաուդյան Արաբիայի ներգրավվածությունը ներլիբանանյան գործընթացներում՝ նախագահի ընտրության, վարչապետի նշանակման և այլ հարցերում: Եվ այս առումով պետք է մեկ բան նկատել, որ ինչպես Սիրիայի դեպքում, այնպես էլ Լիբանանի դեպքում քաղաքական ուղղության փոփոխություններ են նկատվում: Եթե Սիրիայի դեպքում Դամասկոսի նկատմամբ իր ազդեցությունն ավելացրեց Թուրքիան, ապա Լիբանանի դեպքում իր ազդեցությունը մեծացրեց Սաուդյան Արաբիան: Վաղուց էր նկատվում սուննի արաբական զանգվածի վրա ազդեցությունների մրցակցություն Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի միջև, և սա հիմա նկատվում է Սիրիայի և Լիբանանի դեպքում»,-նկատեց միջազգայնագետը: 

Շահան Գանտահարյանն, անդրադարձ կատարելով Լիբանանի նորընտիր նախագահից առկա սպասելիքների վերաբերյալ հարցին, կարևորեց այն հանգամանքը, որ եթե ժամանակին Լիբանանի նկատմամբ խախտված էր միջազգային ընկալելիությունը, որովհետև միջազգային հանրությունը հայտարարում էր, որ Իրանը շատ է ներգրավված Լիբանանում, մեծ ազդեցություն ունի Բեյրութի նկատմամբ, ապա հիմա նոր իրավիճակ է: 

«Միջազգային հանրությունը ողջունում է Լիբանանի նոր նախագահի ընտրությունը, վարչապետի նշանակումը և խոստանում է՝ եթե երկիրը փուլ առ փուլ դուրս գա այդ վիճակից, ազդեցության գոտիներից, ապա միջազգային ընտանիքից ակնկալվում է օժանդակություն, օգնություն՝ երկրի  վերականգնման գործում»,-ասաց զրուցակիցը:

Միջազգայնագետ Շահան Գանտահարյանը, գնահատելով նաև Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի մասին ձեռք բերված համաձայնությունը, ընդգծեց, որ նման համաձայնությունը վաղուց էր սպասվում:

«Այս համաձայնագիրը վաղուց արծարծվում էր։ Հիմնական խոչընդոտը, կարծում եմ, իսրայելյան կողմն էր, որովհետև այնտեղ կային նաև ներկառավարական խնդիրներ, նաև Նեթանյահուի դեմ կար բողոքի զանգվածային ալիք, անգամ Իսրայելից դուրս, ինչը փոխվեց, երբ պատերազմի էպիկենտրոնը դարձավ Լիբանանը»,-նշեց Գանտահարյանը: 

Նրա դիտարկմամբ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երկընտրանքի առաջ էր կանգնած, քանի որ հրադադարի գնալու հարցում մի կողմից կար Միացյալ Նահանգների ճնշումը, իսկ մյուս կողմից էլ կային ներքին դժգոհություններ, որովհետև հասարակությունը պահանջում էր պատանդների ազատ արձակումը։ 

«Կարծում եմ, որ Գազայի հրադադարը, գուցե, ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի օրոք վերջին փաստաթուղթն էր, որ ստորագրվեց Վաշինգտոնի միջնորդությամբ և ճնշումով։ Իհարկե, այստեղ Կատարը ևս իբրև միջնորդ ներկայացվում է, բայց այս գործընթացի հետևում կանգնած է Միացյալ Նահանգները: Ընդհանրապես, Միջին Արևելքի քաղաքական քարտեզի վերագծման տանող այս գործընթացների հիմնական վերահսկողը, մրցավարը շարունակում է մնալ Վաշինգտոնը»,-նշեց Գանտահարյանը՝ կարծիք հայտնելով, որ այս հրադադարից հետո, ամենայն հավանականությամբ, կվերսկսվեն Իսրայելի և արաբական երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնման շուրջ բանակցությունները, որոնք կանգ էին առել 2023 թվականի հոկտեմբերին՝ պայմանավորված Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմով: 

Գանտահարյանի կարծիքով՝ այդ գործընթացը կվերսկսվի, իսկ միջազգային առումով հետզհետե օրակարգ է վերադառնում Իսրայելի և Պաղեստինի վերաբերյալ 2 պետության հարցը:

«Կարծում եմ՝ դա վերստին օրակարգային կլինի, բայց արդեն Գազայի հատվածում ուժերի նոր վերադասավորմամբ»,-եզրափակեց Շահան Գանտահարյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում