Հազարավոր պաղեստինցիներ վերադառնում են Գազայի հատվածի հյուսիս այն բանից հետո, երբ Իսրայելը և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը համաձայնության են եկել վեց պատանդի ազատ արձակման շուրջ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտնել է, որ երեք իսրայելցի պատանդ ազատ կարձակվի հունվարի 30-ին, ևս երեքը՝ փետրվարի 1-ին:
Գրասենյակի հայտարարության համաձայն՝ հունվարի 30-ին ազատ կարձակվեն քաղաքացիական անձ հանդիսացող Արբել Յեհուդը, զինծառայող Ագամ Բերգերը և մեկ արական սեռի պատանդ, որի անունը չի նշվում։
BBC-ն հաղորդում է, որ պաղեստինցիները պետք է Գազայի հյուսիս վերադառնային հունվարի 25-ին, սակայն Իսրայելը դա թույլ չի տվել, քանի որ նույն օրն ազատ արձակված պատանդների շարքում չի եղել Արբել Յեհուդը, որը քաղաքացիական անձ է։ Մինչդեռ ՀԱՄԱՍ-ն ազատ էր արձակել իսրայելցի 4 կին զինվորի։ Իսրայելն այս պատճառով մեղադրել էր ՀԱՄԱՍ-ին հրադադարի համաձայնագիրը խախտելու մեջ։
Իսրայելը նաև հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ից փաստաթուղթ է ստացել պատանդների մասին, որոնք պետք է ազատ արձակվեն հրադադարի համաձայնագրի առաջին փուլում:
Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչ Ավիչայ Ադրայը Գազայի հատվածի բնակիչների՝ անկլավի հյուսիս վերադառնալու երթուղիները հրապարակել է սոցցանցերում։ Բացի ոտքով վերադառնալու թույլտվությունից, բնակիչները կկարողանան վերադառնալ նաև մեքենաներով՝ համապատասխան զննում անցնելուց հետո։