1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արաքսի Սարյանի ժողովածուն ներկայացվեց Կոմիտասի թանգարան-ինստիտուտում

Արաքսի Սարյանի ժողովածուն ներկայացվեց Կոմիտասի թանգարան-ինստիտուտում

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երաժշտագետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արաքսի Սարյանի «Հոդվածներ, զեկուցումներ, հաղորդումներ» ժողովածուն ներկայացվեց Կոմիտասի թանգարան-ինստիտուտում:

Գործչի դստեր` Սոֆյա Սարյանի խոսքով`ժողովածուն սպասված էր, և նրա ստեղծման հարցը քննարկվում էր դեռ Արաքսի Սարյանի կենդանության օրոք:

«Ավաղ, նա չհասցրեց դա անել: Ես իմ պարտքը համարեցի կազմել ժողովածու այն բոլոր նյութերից, որոնք նա հրատարակել էր կամ գրանցել իր արխիվում: Կարևոր է պահպանել և սերունդներին փոխանցել Արաքսի Սարյանի`որպես մեր երաժշտագիտական մտքի լավագույն ավանդների ժառանգորդի խոսքը: Նա կարողանում էր ամեն մի երաժշտի,կոմպոզիտորի, կատարողի արժևորել, գնահատել, բնութագրել այնպես, որ նա երևար իր նշանակությամբ և ներդրմամբ: Միևնույն ժամանակ`դիտում էր հայ երաժշտական մշակույթի համատեքստում: Նեցուկ էր իսկականին և ճշմարիտին»,-«Արմենպրես» -ի հաղորդմամբ`նշեց նա:

Սոֆյա Սարյանի համոզմամբ`այն ուղղված է հատկապես երիտասարդաներին, որպեսզի նրանք ծանոթանան մեր կոմպոզիտորներին:

Երաժշտագետ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Աննա Արևշատյանի խոսքով` Արաքսի Սարյանի ներկայությունը շատ նշանակալից է եղել մեր երաժշտական-հասարկական կյանքում:

«Նա իրեն դրսևորել է և' իբրև գիտնական, և' հրապարակախոս, և' դասախոս, և' գրաքննադատ : Վարել է բազմակողմանի գործունեություն: Կարծում եմ, որ գիրքը կգտնի իր ընթերցողին, և օգտակար կլինի հատկապես երիտասարդ երաժշտագետների համար`սովորեցնելով, թե ինչպես պետք է շարադրել գիտական խոսքը: Ժողովածուում նրա ամբողջ գործունեությունն է`60-ականներից մինչև վերջին հրապարակումները: Նրա ուշադրության կենտրոնում է եղել ազգային երաժշտական մշակույթն իր բոլոր դրսևորումներով»,-շեշտեց նա`հավելելով, որ գրեթե որևէ կողմ չի մնացել Սարյանի գիտական հետաքրքրություններից դուրս:

«Սա առաջին հետմահու ժողովածուն է: Գիրքը բաղկացած է չորս բաժիններից»,-հավելեց Աննա Արևշատյանը:

Շնորհանդեսին հաջորդեց համերգային հատվածը:

Արաքսի Սարյանը հայ երաժշտագիտության մեծերից էր ու մանկավարժական գործի նվիրյալ: Երաժշտագետը մասնակից էր Հայաստանի երաժշտական կյանքի բոլոր ոլորտներում կատարվող գործընթացներին։ Մանկավարժի, գիտնականի ու հասարակական գործչի՝ շուրջ հիսուն տևած աշխատանքային ուղին ընթացավ երաժշտական դպրոցներում, Ռադիոկոմիտեում, Գիտությունների ազգային ակադեմիայում, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Նա երկար տարիներ ղեկավարել է ՀՀ պետական մրցանակի հանձնաժողովը` երաժշտական արվեստի բնագավառում։ Արաքսի Սարյանն անցել է երաժշտագիտական լուրջ դպրոց` իր ուրույն հետքը թողնելով հայ երաժշության պատմության մեջ: Նրա գիտական հետաքրքրությունների գլխավոր թեման եղել է Հայ քաղաքային երգը: 1960-ականներին Ազգագրության ինստիտուտում նա սկսեց զբաղվել հայ երաժշտագիտության համար դեռևս չուսումնասիրված այս թեմայով: Իր գործունեությամբ լուսաբանեց ու հարթեց հայ կոմպոզիտորական, կատարողական արվեստի բազմաթիվ խնդիրներ: Այդ են վկայում տասը մենագրությունը, գրքերի թարգմանությունները, շուրջ հիսուն գիտական հոդվածները, բազմաթիվ հրապարակումները պարբերական մամուլում, զեկուցումները հայաստանյան և միջազգային գիտաժողովներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]