Երևանյան բեսթսելեր 3/24. Էկզյուպերի, Վերնոյ, Վահան Հովհաննիսյան. նրանց գործերը պահանջված են
ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում է Անտուան դը Սենտ Էկզյուպերիի «Փոքրիկ իշխանը» ստեղծագործությունը՝ «Անտարես»-ի և «Էդիթ Պրինտ»-ի վերահրատարակությամբ: «Փոքրիկ իշխանը» թարգմանվել է ավելի քան 190 լեզվով և վաճառվել 80 միլիոնից ավելի օրինակով: Ունեցել է հայերեն մի քանի հրատարակություն:
Էդգար Հարությունյանի «Նվիրվելու արվեստը կամ ձոն վարդին» ժողովածուն երկրորդ հորիզոնականում է: Գրիգոր Նարեկացու` «ՄՀՄ», «Նաիրի», «Զանգակ» հրատարակչությունների լույս ընծայած «Մատյան ողբերգության» ժողովածուն երրորդ հորիզոնականում է:
«Ո՞ւր է իմ պանիրը» աշխարհում ամենաշատ ընթերցված գրքերից է. այն պատմություն է փոփոխության մասին, որի գործողությունները ծավալվում են լաբիրինթոսի մեջ, որտեղ չորս հերոսներ առերեսվում են փոփոխության հետ, յուրաքանչյուրը ցուցաբերում է յուրօրինակ վարքագիծ. դրանով հեղինակը ներկայացնում է մեր իսկ վարքագիծը: Գրքի հեղինակը՝ դոկտոր Սպենսեր Ջոնսոնը գրել է առաջին հայացքից պարզ մի պատմություն, որը սակայն ունի շատ կարևոր պատգամ և կարող է արմատապես փոխել մեր մոտեցումը փոփոխության նկատմամբ:
Ֆրանսահայ հանրահայտ կինոռեժիսոր Անրի Վեռնոյի ինքնակենսագրական «Մայրիկ» գիրքը հինգերորդ հորիզոնականում է: Այն հուզիչ պատում է ճակատագրի բերումով Ֆրանսիայում ապաստանած հայ ընտանիքի մասին: Անծանոթ աշխարհի անտարբերության և սառնության օղակում մի բուռ մարդիկ ապավինում են իրենց անսահման աշխատասիրությանը և բարությանը՝ դրանով իսկ նվաճելով վերապրելու իրենց իրավունքը:
Փորձառու օրենսդիր եւ քաղաքական գործիչ, երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանն ընթերցողի դատին էր հանձնել իր առաջին գրական ստեղծագործությունը` պատմական ինտելեկտուալ դետեկտիվի ժանրում: «Մանդիլիոն» գիրքն այս շաբաթ վեցերորդ հորիզոնականում է: Գրքում գործողություններն ընթանում են լայն պատմական հենքի վրա, որը ներառում է տարբեր դարաշրջաններ: «Մանդիլիոն» գրքի համար «Տարվա բեսթսելեր» մրցանակաբաշխության ընթացքում երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանը հատուկ մրցանակ է ստացել:
Հարփըր Լիի «Ծաղրասարյակ սպանելը…» վեպի գործողությունները ծավալվում են ամերիկյան մի փոքր քաղաքում համեստ մի ընտանիքի պատմության շուրջ: Իննամյա հերոսուհու աչքերով հետևելով վեպի իրադարձություններին` սկսում ես խորհրդածել այնպիսի լուրջ հարցերի շուրջ, ինչպիսիք են հանդուրժողականությունը, արդարադատությունը, բարությունը, խիղճն ու պարտքի զգացումը:
Ջորջ Օրուելի «1984» վեպը ութերորդ հորիզոնականում է: Այն ընդգրկված է «Անտարես»հրատարակչության «Արգելված գրքեր» մատենաշարում: Գիրքը մինչ օրս բազմաթիվ երկրներում նման պիտակ է կրում:
Գարսիա Մարկեսի «100 տարվա մենություն» վեպը, որը ռուսերենից թարգմանել է Ռուբեն Հովսեփյանը, իններորդն է: Այն նոր հրատարակությամբ լույս է ընծայել «Բուկինիստ» հրատարակչությունը:
Վարկանիշային աղյուսակը եզրափակում է Օրհան Փամուքի «Իմ անունը կարմիր է» գիրքը: Փամուքի վեպը, հեղինակի խոստովանությամբ, իր ամենագունեղ և լավատեսական ստեղծագործությունն է: Վեպի ժանրին տիրապետելու իր հմտություններով ու կիրառված ինքնատիպ լուծումներով հանդերձ՝ Փամուքի վեպի գրավչության ամենամեծ գաղտնիքը իր նյութի հանդեպ հեղինակի անսահման սերն է:
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Էդիթ Պրինտ» (57-70-09), «Նարեկ» (51-91-36) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:
Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
1 | +2 |
Անտուան դը Սենտ Էկզյուպերի «Փոքրիկ իշխանը» |
Անտարես/Էդիթ | 26/20 | |
2 | * |
Էդգար Հարությունյան «Նվիրվելու արվեստը կամ ձոն վարդին» |
Անտարես | 15 | |
3 | -2 |
Գրիգոր Նարեկացի «Մատյան ողբերգության» |
ՄՀՄ/ Զանգակ/ Նաիրի | 15/10/7 | |
4 | +5 |
Սպենսեր Ջոնսոն «Ո՞ւր է իմ պանիրը» |
Էդիթ Պրինտ | 10 | |
5 | * |
Անրի Վեռնոյ «Մայրիկ» |
Ար Էդիթ | 10 | |
6 | * |
Վահան Հովհաննիսյան «Մանդիլիոն» |
Անտարես | 8 | |
7 | 0 |
Հարփըր Լի «Ծաղրասարյակ սպանելը…» |
Զանգակ | 7 | |
8 | * |
Ջորջ Օրուել «1984» |
Անտարես | 7 | |
9 | -5 |
Գարսիա Մարկես «100 տարվա մենություն» |
Բուկինիստ | 6 | |
10 | * |
Օրհան Փամուք «Իմ անունը կարմիր է» |
Անտարես | 6 |
Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:
«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում