Միջազգային

Վախճանվել է բրիտանացի երգիչ Ջո Կոկերը

2 րոպեի ընթերցում

Վախճանվել է բրիտանացի երգիչ Ջո Կոկերը

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ԱՄՆ-ում մահացել է բրիտանացի երգիչ Ջո Կոկերն, ըստ «Ինտերֆաքս»-ի, հաղորդում է The Yorkshire Post-ը: Նա մահացել է Կոլորադո նահանգում գտնվող իր տանը: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ` նախկինում Կոկերի մոտ թոքերի քաղցկեղ է ախտորոշվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով BBC News-ը, երգչի ներկայացուցիչը հայտնել է, որ նա մահացել է հիվանդությունից, սակայն չի ճշտել, թե որ հիվանդությունից:

Կոկերը ծնվել է 1944թ. Մեծ Բրիտանիայի Շեֆիլդ քաղաքում: Երաժիշտը կարիերան սկսել է 1960-ականների սկզբին. ցերեկներն աշխատում էր որպես գազի փականագործ, իսկ գիշերները ելույթ էր ունենում հարազատ քաղաքի փաբերում:

Ջո Կոկերը 1966-ին հիմնել է Grease Band-ը, որի հետ շրջագայել է Անգլիայում: Երգիչը հայտնի է դարձել 1968-ին, երբ ձայնագրեց The Beatles-ի With A Little Help From My Friends երգի cover-տարբերակը, իսկ 1969-ին խումբը շրջագայության է մեկնում ԱՄՆ, որտեղ հաջողությամբ ելույթ է ունենում նույն տարվա ընթացքում կայացած «Վուդսթոք» փառատոնում:

Կոկերն առավելապես աշխատում էր բլյուզի և ռոքի ժանրերում: Նրա ամենահայտնի երգերից են` My Father's Son, Unchain My Heart, You Can Leave Your Hat On, Now That the Magic Has Gone, You Are So Beautiful. Նա «Գրեմմի» և «Օսկար» մրցանակների դափնեկիր է` Up Where We Belong երգի համար, որը կատարել է Ջենիֆեր Ուորնսի հետ; Երգը «Սպան և ջենտլմեն»-ը ֆիլմի (1982) սաունդտրեկն է:

Կոկերի վերջին` Fire It Up ալբոմը լույս է տեսել 2012-ին: Նա 2010-ի հոկտեմբերին հանդես է եկել Երևանում, իսկ վերջին համերգը երգիչը տվել է այս տարվա հունիսին Լոնդոնում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում