Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Սիրիայի հայկական կառույցները շարունակում են հայապահպան գործունեությունը

Սիրիայի հայկական կառույցները շարունակում են  հայապահպան գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում բոլոր հայկական վարժարանները, մշակութային կառույցները գործում են` նպաստելով հայապահպանությանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Դամասկոսի թեմի առաջնորդ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը: «Այսօր Սիրիայում բոլոր վարժարանները գործում են: Որոշ մասն իրենց շենքի մեջ չեն գործում, բայց, այլ շենք անցնելով, մի քանի վարժարանների միացումով ու առավոտվա ու կեսօրվա դասընթացներն իրար հետ անցկացնելով` բոլոր վարժարանները, այնուամենայնիվ, գործում են: Սեպտեմբերի 15-ին դպրոցների վերաբացումը եղավ, և մեծ ոգևորությամբ աշակերտներ եկան ու սկսեցին ուսումնական տարին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հայտնեց Արմաշ Սրբազանը:

Անդրադառնալով Սփյուռքի տարբեր գաղթօջախներում հայապահպանության խնդրին` Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը նշեց, որ այդ հարցը միշտ առկա է, բայց  չի կարելի ասել, որ հայապահպանությունը համատարած վտանգված է կամ չի իրականանում: «Թեմերը տարբեր են, ամեն երկիր յուրահատուկ է` իր դժվարություններով, մարտահրավերներով: Ինչ վերաբերում է Սիրիային, մենք ունենք ամենօրյա դպրոցներ ու վարժարաններ, որտեղ դասավանդվում են հայոց լեզու, գրականություն, պատմություն, կրոն: Փորձում ենք այդ վարժարաններում խոսել հայերեն: Հայախոսությունը շատ կարևոր է. քաջալերում ենք ընտանիքներին իրենց առօրյայում խոսել հայերեն, դրա հետ մեկտեղ կա դպրոցի կյանքից դուրս մշակութային կյանք: Մշակութային միությունների կողմից միջոցառումներ են իրականացվում. անընդհատ հայ մարդն առնչվում է հայկական մշակույթին»,- պարզաբանեց Արմաշ Սրբազանը` հավելելով, որ ներկա ճգնաժամը իր հետ բերեց նոր դժվարություններ ոչ միայն տնտեսական, այլև հայ մարդու ֆիզիկական գոյության վտանգման առումով:

Արմաշ Սրբազանի տեղեկացմամբ` մինչ այսօր սիրիական գաղութից 30 հազար հայեր են դուրս եկել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am