Հասարակական

Հյուսիսային պողոտան երևանցիներին կհանձնվի հոկտեմբերի սկզբին

3 րոպեի ընթերցում

Հյուսիսային պողոտան երևանցիներին կհանձնվի հոկտեմբերի սկզբին

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Հյուսիսային պողոտան պատրաստ կլինի այս տարվա հոկտեմբերի սկզբին: Այս մասին Կենտրոն վարչական շրջան կատարած շրջայցի ընթացքում լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Շինարարական աշխատանքները վերջին շրջանում ավելի են ակտիվացել:«Ըստ շինարարների խոստումների և հիմնավորման հոկտեմբերի սկզբին մենք այս պողոտան կհանձնենք թե՛ մեր երևանցիներին, թե՛ մեր հյուրերին: Այս հատվածը շատ սիրված է երևանցիների կողմից: Այս ընթացքում նրանք և Երևանի հյուրերը չկարողացան վայելել պողոտան, սակայն մենք այն նորմալ և հարմար վիճակում կհանձնենք բոլորին»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Տարոն Մարգարյանը:

Երևանի քաղաքապետը շնորհակալություն հայտնեց «Տաշիր» ընկերությանը և Սամվել Կարապետյանին՝ պողոտայի բարեկարգման համար: «Մոտ վեց միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում է իրականացրել: Նա դա անում է Երևանի համար, և նվիրում երևանցիներին»,-նշեց քաղաքապետը:

Նրա խոսքով՝ Հյուսիսային պողոտան վերջին տարիներին անմխիթար վիճակում էր: «Համոզված եմ, որ այս Հյուսիսային պողոտան մի քանի տասնյակ տարիներ կծառայի հանրությանը: Թեկուզև մեկ ամիս ուշանա, բայց թող լինի որակյալ»,-հավելեց նա:

Քաղաքապետը ծանոթացավ պողոտայի շինարարության ընթացքին, լսեց ճարտարապետներին և հորդորեց արագացնել պողոտայի շինարարությունը:

Հյուսիսային պողոտայում իրականացվող նորոգման աշխատանքներն ընթանում են պողոտայի 12 200քմ ընդհանուր մակերեսով տարծքում։ Արդյունքում ամբողջությամբ կնորացվեն պողոտայի 8600 քմգրանիտե կենտրոնական և 3600 քմբազալտե եզրային մակերեսները։ Նորոգման աշխատանքների ավարտին տեղադրված նախկին 60 քմընդհանուր մակերեսով 60 ծառամանների փոխարեն պողոտայում կլինի 270 քմընդհանուր մակերեսով 67 ծառաման։ Ժամանակակից լուծումներով կթարմացվի և կնորացվի արտաքին լուսավորության համակարգը։ Պողոտայի երկու ծայրերում կգործեն զույգ շարժասանդուղքներ՝ 0.00 նիշից մինչև -1.0 նիշը։

Հյուսիսային պողոտան փողոց է Երևանի կենտրոնում։ Պողոտան իրար է կապում օպերայի շենքը և Հանրապետության հրապարակը։ Երկարությունը ավելի քան 500 մ է։ Պողոտայում տեղակայված են բնակելի շենքեր, ռեստորաններ, խանութներ և գրասենյակներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում