Երևան

Տրանսպորտային երթուղիների առանձնացումն անխուսափելի է. քաղաքապետ

3 րոպեի ընթերցում

Տրանսպորտային երթուղիների առանձնացումն անխուսափելի է. քաղաքապետ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանի և Իլ դը Ֆրանս շրջանի միջև հաստատված գործակցության եռամյա ծրագրերի շրջանակում ընթացիկ աշխատանքները շարունակվում են. Իլ դը Ֆրանսի գործընկերները ներկայացրել են ավտոբուսային առանձնացված գծերի ներդրման նպատակահարմարության վերաբերյալ վերլուծություն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ: Անդրադառնալով հարցին, քաղաքապետ Ավինյանն ընդգծեց՝ Իլ դը Ֆրանսի գործընկերների հետ համատեղ  շատ ծավալուն աշխատանքներ են տարվել: 

Ուսումնասիրվել ու վերլուծվել է Երևանի ճանապարհային ցանցը, մշակվել կարճաժամկետ ու երկարաժամկետ գործողությունների ծրագրեր՝ հասարակական տրանսպորտի առանձնացված գծերի ամբողջական երթուղիների ներդրման մասով։

Քաղաքապետի խոսքով՝ Երևանի ու Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս շրջանի միջև համագործակցային ծրագրերում ֆրանսիացի գործընկերները ներկայացրել են ռիսկերի հետ կապված վերլուծություն։

«Ակնհայտ է, որ փոփոխություններն անխուսափելի են, ես կարծում եմ, որ նույնիսկ դրա հավելյալ հանրային քննարկման կարիք չկա։ Այստեղ ճաշակի հարց չէ, ռեֆորմի անհրաժեշտության հարց է, և մենք պետք է շարժվենք փուլային»,-ասաց նա։

Ավինյանի խոսքով՝ պետք է սկսել հիմնական երթուղիներից, որտեղ տրանսպորտային ամենամեծ ծանրաբեռնվածությունն է և որտեղ կկարողանան վերահսկողությունը հենց այս տարի իրականացնել: Հաջորդ փուլում կգնան շինարարական միջամտությունների՝ փողոցների առանձնացումը բետոնային կամ եզրաքարային տրամաբանությամբ, ինչպես արված է Փարիզում։ 

Նա ընդգծեց՝ այլընտրանք չկա, մեքենաների աճի տենդենցը ցույց է տալիս, որ Երևան քաղաքը կկանգնի լուրջ խնդրի առջև, եթե այս ոլորտում ոչ մի միջամտություն չլինի: «Մեքենաների համար կյանքը բարդացնում ենք, բայց այդ կյանքն ինքնըստինքյան է բարդանում՝ անկախ  մեր գործողություններից։ Մենք հնարավորություն ենք ստեղծում ունենալ հանրային տրանսպորտ, որը թույլ է տալու ավելի արագ տեղաշարժվել քաղաքում»,-նշեց քաղաքապետը:

Տիգրան Ավինյանը վստահեցրեց՝ այս գործընթացների հետ մեկտեղ իրենց մեծագույն խնդիրն է ավելացնել շարժակազմը: 2024 թվականին ձեռք կբերվի 171 նոր ավտոբուս և 15 տրոլեյբուս:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում