Մշակույթ

Ռիտա Շառոյանի «Հնագույն նվագարաններ» ֆիլմաշարի վեցերորդ ֆիլմը կներկայացվի հանդիսատեսի դատին

2 րոպեի ընթերցում

Ռիտա Շառոյանի «Հնագույն նվագարաններ» ֆիլմաշարի վեցերորդ ֆիլմը կներկայացվի հանդիսատեսի դատին

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանի «Հայ Արտ» մշակութային կենտրոնի տնօրեն Ռիտա Շառոյանը հանրության դատին կներկայացվի «Հնագույն նվագարաններ» ֆիլմաշարի 6-րդ` «Հարկանային (հարվածային) գործիքներ» 6-րդ ֆիլմը, որի պրեմիերան տեղի կունենա «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, դեկտեմբերի 11-ին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայ Արտ» մշակութային կենտրոնից, ֆիլմը նկարահանվել է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

«Պատմական բազմաթիվ աղբյուրների հավաստմամբ` Հայկական բարձրավանդակում է սկիզբ առել հայ ժողովրդի նյութական և հոգևոր մշակույթը, այդ թվում` նվագարանների ստեղծումն ու զարգացումը: Որպես «Հնագույն նվագարաններ» ֆիլմաշարի հեղինակ` նպատակ ունեմ այս ֆիլմերի միջոցով նոր ժամանակների մարդուն շարունակաբար ծանոթացնել մեր ազգային մշակույթի բյուրեղյա ակունքներին: Ճշմարիտ է ասված՝ ճանաչիր, որ սիրես»,- ասել է Շառոյանը, ում ֆիլմաշարը միտված է մշակութային ժառանգությունը ապրեցնելուն:

Արդեն հրապարակի վրա են «Հնագույն նվագարաններ» ֆիլմաշարի 5 ֆիլմերը («Ծիրանափող (Դուդուկ)», «Քանոն», «Քամանչա», «Պարկապզուկ», «Բամբիռ»): Ինչպես նախորդները, «Հարկանային (հարվածային) գործիքներ» ֆիլմը ևս առանձնանում է գեղարվեստական յուրահատուկ ոճով, ճանաչողական և ուսուցողական նշանակությամբ: Հարկանային գործիքներին նվիրված ֆիլմի ստեղծագործական ճանապարհը սկիզբ է առել մեր պատմության, պատմագրության ակունքներից, մեր պատմիչների վկայություններից և հիշատակություններից, միջնադարյան ձեռագրերից: «Հնագույն նվագարաններ» ֆիլմաշարի վերջին 5-րդ ֆիլմը «Բամբիռ»-ն էր, որը ներկայացվել էր հանրությանը 2012 թվականի դեկտեմբերին:

«Հայ Արտ» մշակութային կենտրոնը Երեւանի ժամանակակից արվեստի նախկին թանգարանն է, որը հիմնվել է 1987 թվականին, անվանափոխվել` 1997 թվականին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում