Քաղաքականություն

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարեվերջին Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպում են ծրագրում

2 րոպեի ընթերցում

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարեվերջին Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպում են ծրագրում

ՆՅՈՒ ՅՈՐՔ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներԻգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) եւ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկը հանդիպում են ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հետ Նյու Յորքում սեպտեմբերի 27-ին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵԱՀԿ լրատվական ծառայությունից, համանախագահներն ու նախարարները շարունակել են քննարկումները խաղաղության գործընթացի էության շուրջ: Համանախագահներն արտահայտել են երեք երկրների հանձնառությունն աջակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը` հիմնված ուժի եւ ուժի սպառնալիքի բացառման, տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման հավասար իրավունքի սկզբունքների վրա:

Նրանք նաեւ վկայակոչել են երեք երկրների նախագահների 2013թ. հունիսի 18-ի հայտարարությունը` կողմերին կոչ անելով զերծ մնալ այնպիսի գործողություններից ու հռետորաբանությունից, որոնք կարող են ավելացնել լարվածությունը տարածաշրջանում եւ հանգեցնել հակամարտության սրման:

Նախարարները վերահաստատել են իրենց տրամադրվածությունը շարունակելու աշխատել համանախագահների հետ` հասնելու հակամարտության խաղաղ կարգավորման: Համանախագահներն ակնկալում են այցելել տարածաշրջան նոյեմբերին` երկու նախագահների հետ քննարկելու իրենց ծրագրած բարձր մակարդակով հանդիպումն այս տարեվերջին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում