Տնտեսություն

Հայ-բրիտանական համագործակցության նոր էջ. կանցկացվի «Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը

8 րոպեի ընթերցում

Հայ-բրիտանական համագործակցության նոր էջ. կանցկացվի «Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը

Այս աշնանը  հոկտեմբերի 5–6-ը Երևանում առաջին անգամ կանցկացվի «Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026-ը» (Armenia–UK Business Forum 2026), որի նպատակն է Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև գործարար, ներդրումային և ինստիտուցիոնալ կապերի ամրապնդումն ու զարգացումը։ Հոկտեմբերի 5-ին համաժողովի մեկնարկը կազդարարվի Գալա համերգով,  հիմնական բիզնես  ծրագիրը կանցկացվի  հոկտեմբերի 6-ին։

Համաժողովը կազմակերպվում է Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբի (Oxford Alumni Business Club of Armenia, OABCA) կողմից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության՝ ի դեմս ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Enterprise Armenia-ի, ինչպես նաև Բրիտանա-հայկական առևտրային պալատի (BACC) հետ գործընկերությամբ։

Այս համաժողովը տեղի է ունենում այնպիսի ժամանակաշրջանում, երբ Հայաստանն ամրապնդում է իր դիրքը որպես ներդրումային, առևտրային և նորարարական նախաձեռնությունների ռազմավարական ուղղություն։ Եվրոպական միության հետ խորացող համագործակցության և TRIPP-ի՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախաձեռնության համատեքստում Հայաստանը ևս մեկ քայլ է կատարում՝ իր դերը հաստատելու որպես Եվրոպան, Մերձավոր Արևելքը և Ասիան կապող զարգացող հանգույց, և ստեղծում կայուն ու երկարաժամկետ աճի շուկաներ պահանջող ներդրումների նոր հնարավորություններ։

«Հայաստան–Միցյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը կմիավորի ավելի քան 800 մասնակցի, այդ թվում՝ 100-ից ավելի պատվիրակ Միացյալ Թագավորությունից, 25-ից ավելի բանախոս և 10-ից ավելի ինստիտուցիոնալ գործընկերներ։ Մասնակիցները կներկայացնեն պետական կառավարման, ֆինանսների, ենթակառուցվածքների, բնական ռեսուրսների և էներգետիկայի, արհեստական բանականության, կրթության և մշակույթի ոլորտները։

«Ամուր տնտեսական գործընկերությունները կառուցվում են վստահության, շարունակական համագործակցության և բովանդակալից երկխոսության հիման վրա։ Մեր նպատակն է ստեղծել այնպիսի հարթակ, որը կհամախմբի ճիշտ մարդկանց՝ ոչ միայն հնարավորությունները քննարկելու, այլև դրանք իրագործելու համար։ Մենք հավատում ենք, որ Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովը կարող է դառնալ երկարաժամկետ խթան նոր ներդրումների, ավելի ամուր ինստիտուցիոնալ հարաբերությունների և մեր երկու երկրների միջև գործարար համագործակցության խորացման համար»,-նշում է Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբի (Oxford Alumni Business Club of Armenia – OABCA) խորհրդի նախագահ Ալեքսանդր Շաղիկյանը։

«Կառուցելով կամուրջներ՝ կապիտալի, տաղանդի և նորարարության համար» խորագրով համաժողովը նախատեսված է ամենաբարձր մակարդակի որոշում կայացնողների համար և կառուցված է վեց հիմնական ուղղությունների շուրջ՝ կապիտալ, տաղանդ, նորարարություն, ենթակառուցվածքներ, բնական ռեսուրսներ և էներգետիկա, գործընկերություն և մշակույթ։ Այն մեկ հարթակում կհամախմբի պետական գերատեսչությունների և բիզնեսի ղեկավարների, ներդրողների, նորարարների և ակադեմիական համայնքի ներկայացուցիչների՝ խթանելու երկխոսությունը, ձևավորելու ռազմավարական գործընկերություններ և բացահայտելու հայ-բրիտանական համագործակցության նոր հնարավորությունները։

Հոկտեմբերի 5-ին համաժողովը կմեկնարկի Արամ Խաչատրյան համերգասրահում՝ հյուրերի համար նախատեսված փակ Գալա համերգով, որը համաժողովի հատուկ գեղարվեստական խորհրդանշական քայլն է՝ ուղղված «կամուրջներ կառուցելու» գաղափարը մշակույթի միջոցով արտահայտելուն։ Համերգի ընթացքում բրիտանացի թավջութակահար Գայ Ջոնսթոնը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ (հիմնադիր՝ Սերգեյ Սմբատյան) կկատարի Էդվարդ Էլգարի Թավջութակի կոնցերտը. դիրիժոր՝ Դոկտոր Մարիոս Պապադոպուլոսը (MBE)՝ Օքսֆորդի ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարը։ Մշակութային համագործակցության թեման կշարունակվի նաև հոկտեմբերի 6-ին՝ «Մշակութային կամուրջ․ ժառանգություն, երաժշտություն և մշակութային դիվանագիտություն» խորագրով հատուկ պանելային քննարկմամբ։

Նույն օրը Dvin Music Hall-ում կանցկացվի նաև հիմնական բիզնես ծրագիրը, որը կներառի զեկույցներ, պանելային քննարկումներ, fireside ձևաչափով զրույցներ և նպատակային գործարար հանդիպումներ։ Պետական և մասնավոր հատվածների ղեկավարները կներկայացնեն հաջողված համագործակցության օրինակներ, գործնական փորձառություններ և հայ-բրիտանական համագործակցության զարգացման նոր ուղղություններ։ Բանախոսների թվում է նաև Օքսֆորդի Saïd Business School-ի կառավարման պրակտիկայի  ավագ գիտաշխատող դոկտոր Ալեքս Քոնոքը։

Համաժողովը կեզրափակվի Armenian–British Bridge Builder Award մրցանակի շնորհմամբ։

«Գործարար առաջնորդներին պետք չեն հերթական պանելային քննարկումները․ նրանց անհրաժեշտ են ճիշտ միջավայրը, ճիշտ մարդիկ և ճիշտ պահը, որպեսզի գաղափարները վերածվեն իրական համագործակցությունների։ Մանրակրկիտ մշակված ծրագրի, համակարգված նեթվորքինգի և նպատակային B2B ու B2G հանդիպումների միջոցով մենք ձևավորում ենք այնպիսի միջավայր, որտեղ երկխոսությունը վերածվում է գործընկերության, իսկ գործընկերությունը՝ իրական արդյունքների», - նշում է OABCA-ի հիմնադիր խորհրդի անդամ և համաժողովի կազմկոմիտեի նախագահ Հայկ Կարապետյանը։

Համաժողովից հետո՝ հոկտեմբերի 7–8-ին Միացյալ Թագավորությունից ընտրված պատվիրակները և նրանց հայ գործընկերները կմասնակցեն ոլորտային B2B և B2G հանդիպումների՝ շարունակելու մասնագիտական քննարկումներն ու ձևավորելու երկարաժամկետ առևտրային գործընկերություններ։

Համաժողովի գրանցումն արդեն բաց է՝ forum.oabc.am ։

OABCA-ի մասին

Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբը (Oxford Alumni Business Club of Armenia, OABCA) հասարակական կազմակերպություն է, որը միավորում է Օքսֆորդի համալսարանի հայ շրջանավարտներին, այդ թվում՝ Saïd Business School-ի շրջանավարտներին։ Ակումբի անդամներն աշխատում են ֆինանսների, հեռահաղորդակցության, խորհրդատվության, տվյալագիտության և միջազգային հարաբերությունների ոլորտներում։

Ակումբը հիմնադրվել է Օքսֆորդի այն շրջանավարտների կողմից, ովքեր վերադարձել են Հայաստան՝ իրենց միջազգային փորձը ծառայեցնելու երկրի զարգացմանը, նախաձեռնելու ազդեցություն ունեցող ծրագրեր և ընդլայնելու կրթական ու միջազգային հնարավորությունների հասանելիությունը։ Ակումբը ղեկավարվում է տնօրենների խորհրդի կողմից, որի նախագահն է Ալեքսանդր Շաղիկյանը։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում