Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Մայիս

«Ականատես»-ը հատուկ նախագիծն ամփոփում է երեւանյան շարքը` տասը ճակատագիր եւ տասը պատմություն


ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ 2013 թվականի ապրիլի 23-ից ընթերցողների դատին հանձնեց նոր` «Ականատեսը» հատուկ նախագիծը: Մինչ հուլիսի 2-ը ներկայացրել ենք ցեղասպանությունը վերապրած տասը երեւանաբնակի պատմություններ, որոնք ամփոփում էին նրանց արժեքավոր հուշերը, պատմություններն ու ապագայի հաստատակամ հույսերը:

Նախագծի առաջին պատմությունը 99-ամյա վանեցի Ահարոն Մանուկյանի մասին էր, ում ողջ կյանքի երազանքն էր համտեսել Վանա լճի տառեխ ձուկը. երազանքն այդպես էլ չէր իրականացել: Նյութի հրապարակումից օրեր անց անսպասելիորեն Վանա տառեխն «Արմենպրես»-ի խմբագրության միջոցով խնդրում է Ահարոն Մանուկյանին փոխանցել Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» թերթի նախկին թղթակից, Հրանտ Դինքի ընկեր Տիրան Լոքմագյոզյանը: Փաստի մասին լուսանկարը հայտնվելով ֆեյսբուքյան տիրույթում լայն արձագանք գտավ, անգամ որպես լուր տեղ գտնելով թուրքագիտական պորտալում` այդպես կարծես ազդարարելով նախագծի հետագա բարեհաջող ընթացքը:

Նախագծի երկրորդ պատմությունը 102-ամյա Հռիփսիմե Հաջի Սարգսյանի մասին էր: Նրա հավաստմամբ` Արեւմտյան Հայաստանից բերված Սուրբ Ստեփանոսի մասունքը հրաշագործ ուժ ունի: Հռիփսիմեն ամեն օր աղոթում է մասունքի առաջ` աշխարհին խաղաղություն խնդրելով:

Կարսում ծնված 101-ամյա Անդրանիկ Մաթեւոսյանը` երրորդն էր: Նրա համար Կարսում թողած իրենց տունը նորից տեսնելը չիրականացած երազանք է: Չնայած տարիքին` ականատեսը գնում է շուկա, զբոսնում Սարի թաղով եւ զբաղվում կենցաղային գործերով:

Երեւանաբնակ 101-ամյա Սիլվարդ Ատաջյանը ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» հանրահայտ վեպում ծավալվող իրադարձությունների եզակի կենդանի վկաներից է, ում խոսքով` հարիսա կերակատեսակը մուսալեռցիների ավանդական ուտեստներից է եւ պատմական անցյալ ունի:

Տասներկու թոռներով, յոթ ծոռներով ու երկու կոռներով շրջապատված 98-ամյա Բաղդասար Լեփեջյանի խաղաղ ծերությունն անմիջականորեն կապված է ծննդավայր Ադանայի հետ: Ցեղասպանությունը վերապրողին չի լքում ափսոսանքի զգացողությունը կորցրած հայրենիքի համար:  Նա համոզված է` վաղ թե ուշ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը հանգուցալուծում կստանա եւ պատմական ճշմարտությունը կվերականգնվի:

103-ամյա Մարի Դավթյանն ամենատարեց երեւանաբնակներից մեկն է, ում ցեղասպանության մասին վերհուշը տանում է դեպի 1915 թվական, Սեբաստիա եւ անբաժանելիոներն կապված է մոր անդառնալի կորստի հետ: Տարիներ անց` Մարին թուրքերի մասին խոսելիս իր վրդովմունքն է հայտնում` ասելով, որ եթե Հայոց ցեղասպանություն չի եղել, ապա ո՞վ է սպանել իր 18-ամյա մորը: Նա վստահ է, որ չարագործներն անպատիժ չեն մնալու:

98-ամյա վանեցի Նվարդ Սուջյանը երկու տարեկան էր, երբ ընտանիքը Վանից գաղթեց Երեւան, սակայն դա չի խանգարել պատմության հերոսուհուն մինչ խոր ծերություն իրեն վանեցի համարել: Շարքի այս պատմությունը հրապարակելուց հետո Ֆրանսիայից մեր խմբագրություն զանգահարեց Գայանե անունով մի կին, ով մեծ ցանկություն հայտնեց զրուցելու Սուջյանի հետ, քանի որ իր նախնիները նույնպես ծնունդով Վանից են: Ընթերցողը նշեց, որ հետեւում է նախագծին եւ թաքուն հույս ունի, որի իր ընտանիքի պատմության` «Արմենպրես»-ի կողմից հրապարակումից հետո  հնարավոր կլինի իրականացնել «անհնարը»`գտնել շատ տարիներ առաջ 1915 թվականին գաղթի ճանապարհին կորած իր մորաքրոջը:

Մենք նաեւ աջակցեցինք, որպեսզի Սուջյանը ստանա Երեւանի քաղաքապետարանի կողմից ցեղասպանությունը վերապրած երեւանաբնակներին տրվող դրամական աջակցությունը, որը նրան չէր տրվել, քանի որ նա փոխել էր բնակության հասցեն եւ քաղաքապետարանը չէր կարողանում կապ հաստատել Սուջյանի հետ:

Ի տարբերություն մյուս ականատեսների` 100-ամյա Արեւալույս Ամալյանը 1915 թվականը, իր ծննդավայր Արաբկիրը վերհիշել չի սիրում: Հայոց ցեղասպանությանը, թուրքերին վերաբերող հարցադրումներին չպատասխանելու համար ականատեսն իր պատճառներն ունի, որն էր թուրքերի կողմից իր մորն առեւանգելը եւ բռնի իսլամացնելը:

101-ամյա Ազատ Սուլուկյանի ցեղասպանության մասին հիշողությունները եւս ամուր կապված են Մուսա լեռան հետ: Նա հիշում է, թե ինչպես էր հայրը` Հակոբը, Մուսա լեռում զբաղվել շերամագործությամբ եւ հետագայում հաջողությամբ շարունակել իր գործունեությունը նաեւ Հայաստանում: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրին` Ազատ Սուլուկյան հույս է հայտնում, որ այն վաղ թե ուշ կճանաչվի: Թուրքերին առանձնակի դրականորեն չի վերաբերվում, սակայն օբյեկտիվորեն նշում է, որ անգամ հանդիպել է թուրքերի, ովքեր հայ երեխաների են խնամել:

Նախագծի երեւանյան շարքը եզրափակվում է ցեղասպանությունը վերապրած 101-ամյա Մարիամ Մեյմարյանի պատմությամբ: Տեղաշարժվելու համար հատուկ սարքի հետ մեկտեղ բազկաթոռի կողքին մշտապես դրված են Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմն ու 90-տարվա վաղեմություն ունեցող Ավետարանը: Դրանց յուրաքանչյուր տողն առանձնակի խորհուրդ ունի 1912 թվականին Կեսարիայում ծնված Մարիամ Մեյմարյանի համար: 

Պատմությունները հավաքագրելու ընթացքում առողջական լուրջ խնդիրների պատճառով հարազատները թույլ չտվեցին հանդիպել 98-ամյա Քնարիկ Միրզոյանի հետ, ում հարսի` Ռուզաննայի հետ հարցազրույցից կարճ ժամանակ անց տեղեկացանք, որ սկեսուրը մահացել է: Քնարիկ Միրզոյանի ընտանիքի պատումը մեզ փոխանցելով` Ռուզաննան հիշեց ամենակարեւոր դրվագը` Քնարիկին, ով ցեղասպանության տարիներին բարուրի երեխա էր եւ քրոջը սովից փրկելու համար մայրը եւ հայրը գաղթի ճանապարհին` Արազ գետն անցնելիս, շաքար են դրել նրանց բերանը, ինչը եւ հնարավորություն է տվել փրկել երեխաներին եւ հասնել Կրասնոդար:

Պատմությունները ներկայացնելիս առաջին գերխնդիրը մարդկանց «չվնասելն» էր` քաջ գիտակցելով, որ ցեղասպանությանը վերաբերող յուրաքանչյուր հարցադրում անմիջականորեն առնչվում էր զրուցակցի հուզական դաշտին: Առանձնակի շնորհակալությամբ, սակայն, պետք է նշենք, որ յուրաքանչյուր ընտանիք մեզ ընդունում էր ջերմությամբ, հյուրընկալությամբ եւ հավատով, որ իրենց պատմության հրապարակումը դրական ազդեցություն կթողնի (եղել ենք դեպքեր, երբ մենք ունեցել ենք միայն վերապրածների բնակության հասցեն եւ նախօրոք հեռախոսով հարցազրույցի համար պայմանավորվածություն ձեռք բերելու հնարավորություն չի եղել):

Ենթադրելի էր, որ լրագրողական այս գաղափարը շատերին անտարբեր չի թողնի, սակայն մեր գլխավոր նպատակը ոչ թե գովասանքի խոսքեր լսելն ու մարդկանց հուզելն էր, այլ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացքում գուցե փոքր, բայց սեփական ներդրումն ունենալը: Ուշագրավ է եւ մեզ համար ուրախալի, որը նախագծի պատմությունները` հղումով եւ անգամ այլ լեզուներով թարգմանությամբ անդրադարձ է գտել այլ լրատվամիջոցներում:

Նախագիծը կշարունակի իր առաքելությունը`առաջիկայում ներկայացնելով Հայոց ցեղասպանությունը վերապրած արդեն մարզաբնակ ականատեսների պատմությունները:

Շնորհակալութուն ենք հայտնում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը եւ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանին համագործակցության համար:

Նախագծի երեւանյան շարքը իրականացրին հեղինակ` Տաթեւիկ Գրիգորյանը Լուսանկարիչներ`  Սամվել Բերքիբեկյանը, Արեւիկ Գրիգորյանը, Ֆելիքս Առուստամյանը, Արթուր Հարությունյանը




Այս թեմայով

... վերջին լուր "Ականատեսը" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ