Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Վանոն ու Վազգենը» գիրքն՝ առաջատար. փաստավավերագրական, նոյեմբեր, 2024

8 րոպեի ընթերցում

«Երևանյան բեսթսելեր». «Վանոն ու Վազգենը» գիրքն՝ առաջատար. փաստավավերագրական, նոյեմբեր, 2024

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ նոյեմբերի վաճառքների։

Արա Թադեւոսյանի և Լուսինե Ղարիբյանի «Վանոն ու Վազգենը. երկու ընկերոջ կյանքն ու ողբերգությունը» առաջին տեղում է։ Գիրքը պատմում է Երրորդ Հանրապետության հիմնադիր հայրերից երկուսի մասին: Շատ փաստեր եւ վկայություններ ներկայացված են առաջին անգամ՝ թույլ տալով ավելի լավ հասկանալ Վանո Սիրադեղյանի եւ Վազգեն Սարգսյանի հարաբերությունները տարբեր ժամանակաշրջաններում:  Հեղինակները զերծ են մնում եզրակացություններից՝ վստահ լինելով, որ ներկայացվող նյութը ընթերցողներին հնարավորություն կտա սեփական գնահատականներն անել: Գիրքը նաեւ բազմաթիվ դրվագներ է ներկայացնում Հայաստանի նորագույն պատմությունից, որոնք կարեւոր են այսօրվա իրողությունները հասկանալու համար:

Երկրորդ տեղում է Էրիկ Բեռնի «Խաղեր, որոնք խաղում են մարդիկ» գիրքը: Այն մարդկային հարաբերությունների հոգեբանության մասին է։ Սա պարզ ու երբեմն նույնիսկ զվարճալի եղանակով ներկայացված գիտական տեսություն է, որը նույնքան օգտակար և կիրառելի է նաև սովորական մարդկանց համար, որոնք ցանկանում են հասկանալ, թե ինչ է կատարվում իրենց շուրջը։ Հեղինակը պնդում է, որ յուրաքանչյուրիս ներսում երեք ԵՍ կա՝ մեծահասակ, ծնող ու երեխա, և ցանկացած պահի մեր վարքը պայմանավորված է նրանով, թե դրանցից որն է արձագանքում իրավիճակին։

Ջեյմս Քլիըրի «Ատոմային սովորություններ» գիրքը երրորդ տեղում է։ Գիրքը բացահայտում է այն փոքրիկ փոփոխությունները, որոնցում մեծ ուժ է թաքնված: Պատահե՞լ է՝ փորձեք ինչ-որ նոր սովորություն ձեռք բերել և չհաջողեք: Այս ուղեցույցը կարդալով՝ կհասկանաք, որ խնդիրը ձեր մեջ չէ, այլ համակարգի: Հիմնվելով գիտական տվյալների, սեփական փորձի և ուրիշ հաջողակ մարդկանց պատմությունների վրա՝ Ջեյմս Քլիըրը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր սովորության հիմքում որոշակի համակարգ է գործում, ինչը ստույգ վերլուծելով՝ կարող ենք վատ սովորություններից ազատվել, իսկ լավերը՝ դարձնել անխուսափելի:

Բոդո Շեֆերի «Հաղթողների 30 օրենքները» գիրքը չորրորդ տեղում է։ Այն կսովորեցնի  լիարժեք վերահսկողություն հաստատել սեփական կյանքի նկատմամբ, փոխել վերաբերմունքը ինքներդ ձեր և շրջապատի հանդեպ, միշտ առաջ շարժվել ու զարգանալ, հասնել ֆինանսական անկախության, լինել «արծիվ», այլ ոչ թե «բադ»:

Հինգերորդ տեղում է Ռոբին Շարմայի «Բացահայտիր ճակատագիրդ վանականի հետ, որը վաճառեց իր «Ֆերարին» գիրքը։ Գիրքը անձնական աճի, կյանքում հաջողության հասնելու, մեր կարողությունները բացահայտելու և դրանք լավագույնս օգտագործելու մասին է: Ուսուցչի և սանի զրույցների միջոցով հեղինակը մեզ ուղեկցում է դեպի ինքնաարթնացում՝ առաջարկելով դրան հասնելու 7 փուլ: Եվ ահա, հերթով անցնելով այս փուլերով և կամաց-կամաց «մարսելով» դրանք՝ մենք փորձում ենք կերտել մեր լավագույն «ես»-ը: Եվ ինչպես կասեր Շարմայի հերոսը, «Տիեզերքը ցանկանում է, որ մենք հաղթենք: Պարզապես չպիտի խանգարենք ինքներս մեզ»:

Վեցերորդ հորիզոնականում է Էկհարթ Թոլլի «Ներկայի ուժը»։ «Ներկայի ուժը» գիրքը իրավմամբ համարվում է պոպուլյար հոգեբանության, մոտիվացիայի և էզոթերիկայի ժանրերի ամենաառանցքային ստեղծագործություններից մեկը, իսկ հեղինակ Էկհարթ Թոլլը՝ ամենահեղինակավոր հոգևոր ուսուցիչներից մեկը: Այս գիրքը կստիպի ձեզ մի պահ դադարեցնել մտքերում տիրող աղմուկը, երանելի լռություն հաստատել հոգում և գլխում ու վերջապես ապրել միակ իրական պահը՝ Ներկա պահը:

Շառլ Ազնավուրի «Կյանքը Շառլի աչքերով» գիրքը յոթերորդ տեղում է։ 

Շառլ Ազնավուրի փիլիսոփայության և մտքերի անթոլոգիան խնամքով կազմել է նրա որդին՝ Նիկոլա Ազնավուրը: Գրքում մաեստրոյի հազարավոր հարցազրույցներից, անտիպ ստեղծագործություններից հատվածներ են, որոնք ուղեկցվում են անտիպ ու հազվագյուտ լուսանկարներով: Երիտասարդություն, արմատներ, Հայաստան, ընտանիք, սեր, երաժշտություն, աշխատանք, արժեքներ, ճանապարհորդություն, Ֆրանսիա, բոհեմ, բիզնես, երկարակեցություն, մահ. մի խոսքով՝ կյանքն ըստ Շառլ Ազնավուրի:

Հեկտոր Գարսիայի և Ֆրանսեսկ Միրալեսի «Իկիգայ. երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը» ութերորդ տեղում է։ «Իկիգայ. երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը» յուրահատուկ լրագրողական հետաքննություն-հետազոտություն է՝ պարզելու, թե որն է Ճապոնիայի Օկինավա կղզու բնակիչների երկարակեցության գաղտնիքը և ինչ է իրականում նշանակում իկիգայը: Շնորհիվ այս գրքի դուք բազմաթիվ տեղեկություններ կստանաք երկարակեցության գաղտնիքների և իրենց կյանքում թեկուզ փոքրիկ, բայց կարևոր նպատակներ ունեցող ճապոնացիների մասին: Այն կօգնի ձեզ գտնել ձեր սեփական իկիգայը ու լիցքավորվել թարմ էներգիայով՝ պատրաստ ապրելու երկար ու երջանիկ:

Ջոն Քեհոյի «Մտքի ուժը: Առաջ դեպի 21-րդ դար» իններորդ տեղում է։ Հեղինակը, երեք տարի մեկուսանալով, կենտրոնացած մտածել է մարդու ուղեղի գործունեության մասին: Ուղեղի անսահման հնարավորությունների ակտիվացման Ջոն Քեհոյի մշակած և համակցած մեթոդները կարող են բարելավել մարդու կյանքը, այն լցնել երջանկությամբ ու հաջողությամբ:

Սենոր Դենի և Սինգեր Սոլի «Ինչպես է կայանում պետությունը» գիրքը տասներորդ տեղում է։ Գրքում փորձ է արվում բացահայտելու Իսրայել պետության զարգացման խթանիչ ուժը՝ պատմական, մշակութային, ազգային առանձնահատկություններից մինչև ստարտափ մտածողության դրսևորումներ: Տարբեր բնագավառների մարդկանց առնչվող պատմությունների միջոցով ընդգծվում է նորարարությունների և նախաձեռնությունների հիմնարար դերը Իսրայելի կայացման և զարգացման գործում:

ՏեղՓոփԳիրք Հրատ․Քանակ
1+4

Արա Թադեւոսյան, Լուսինե Ղարիբյան,

 «Վանոն ու Վազգենը. Երկու ընկերոջ կյանքն ու ողբերգությունը»

Մեդիամաքս501
2-1

Էրիկ Բեռն,

 «Խաղեր, որոնք խաղում են մարդիկ»

Դավինչի123
3-1

Ջեյմս Քլիըր,

 «Ատոմային սովորություններ»

Էդիթ Պրինտ94
4+4

Բոդո Շեֆեր,

 «Հաղթողների 30 օրենքները»

Դավինչի92
5նոր

Ռոբին Շարմա,

 «Բացահայտիր ճակատագիրդ վանականի հետ, որը վաճառեց իր «Ֆերարին»

Բուկինիստ56
6+4

Էկհարթ Թոլլ,

 «Ներկայի ուժը»

Դավինչի52
7Նոր

Շառլ Ազնավուր,

 «Կյանքը Շառլի աչքերով»

Newmag37
8-1

Հեկտոր Գարսիա, Ֆրանսեսկ Միրալես,

 «Իկիգայ․ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը»

Դավինչի34
9*

Ջոն Քեհո,

 «Մտքի ուժը: Առաջ դեպի 21-րդ դար»

Անտարես33
10Նոր

Սենոր Դեն,

 Սինգեր Սոլ, «Ինչպես է կայանում պետությունը»

Անտարես30

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը

Ցանկում ներառված չեն հանրագիտարանները

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում