«Արմենպրես»-ի «Ականատեսը» հատուկ նախագիծը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ շարունակում է ներկայացնել վերապրածների կյանքի պատմությունները: Նախագծի այս շաբաթվա պատմությունը 101-ամյա Սիլվարդ Ատաջյանի մասին է:
ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանաբնակ 101-ամյա Սիլվարդ Ատաջյանը ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» հանրահայտ վեպում ծավալվող իրադարձությունների եզակի կենդանի վկաներից է:
Նրա ընտանիքը Կիլիկյան Սուեդիայի շրջանի այն հայության թվում էր, որը 1915 թվականին մասնակցել էր թուրքական ջարդարարների դեմ մղված հերոսական պայքարին: Երբ տեղի թուրքական իշխանությունները փորձել են իրականացնել հայության տարհանման հրամանը, հայերը որոշել են դիմադրություն ցույց տալ` բարձրանալով Մուսա լեռ, որտեղ եւ կազմակերպել են ինքնապաշտպանական մարտեր` 53 օր շարունակ հաջողությամբ հետ մղելով թուրքական զորեքրի հարձակումները:
«1915 թվականին քույրս, մայրս եւ տատիկս բարձրացանք Մուսա լեռը:Ես այդ ժամանակ երեք տարեկան էի: Հայրս եւ հորեղբայրս զինվորներ էին: Հայրս կարգադրեց մորս վերցնել մեզ եւ բարձրանալ լեռը»,- պատմում է Սիլվարդը:
Պատմական տեղեկանք
Մուսալեռը գտնվում էՄիջերկրական ծովի ափին, պատմական Հայաստանի տարածքում,Թուրքիայի եւ Սիրիայի այսօրվա սահմանագծին: Իրադարձությունը,որի պատճառով մուսալեռցիներին ճանաչեց ողջ աշխարհը,տեղի ունեցավ արյունալի 1915թ.,երբ հայերին ոչնչացնելու թուրքական ծրագիրը սկսեց իրականացվել:
Երիտթուրքերի կառավարությունը հայերին հրամայեց լքել իրենց հողերը,սակայն Մուսալեռի բնակիչները, անտեսելով կարգադրությունը,որոշեցին բարձրանալ լեռան գագաթը եւ ինքնապաշտպանություն կազմակերպել: Չորս տարբեր բնակատեղիներում հաստատված ժողովուրդը կենտրոնացավ փրկության միակ ճանապարհի՝ծովի դիմաց գտնվող Տամլաճըգում, մարտական բոլոր ուժերը ղեկավարող վարչական մարմնի ղեկավար ընտրվեց Տիգրան Անդրեասյանը, զինվորական ընդհանուր վերահսկիչ՝ Մովսես Տեր-Գալուստյանը: Նրա օգնականներն էին Սերոբ Ճերեպետճյանը եւ Տիգրան Գաթաճյանը: Ստեղծվեց նաեւ 12 հոգանոց 43 մարտախումբ: Ըմբոստ գյուղացիները չէին կարող հուսալիորեն պաշտպանել իրենց ավելի քան 115 քառակուսի կիլոմետր ընդգրկող լեռնային տարածքը, եւ կազմավորվեց երեք հարվածային խումբ, որոնց հրամանատարներն էին Եսայի Յաղուբյանը, Պետրոս Տմլաքյանը եւ Պետրոս Տուտագլյանը: Շուրջ 4,300 մուսալեռցիներ 53 օր շարունակ կատաղի կերպով դիմակայեցին թուրքական ջոկատներին: Սովը, ծարավը,անդադար անձրեւները չկոտրեցին հայոց ոգին. նրանք պար էին բռնում զուռնայի ու դհոլի հնչյունների ներքո,որպեսզի չսառչեն եւ բարձր պահեն հոգու արիությունը:Մուսալեռցիները շուտով զինվորական նավեր նկատեցին, իրենց հերթին ֆրանսիացի նավաստիները լեռան գագաթին տեսան ծածանվող ասեղնագործ մի դրոշ հետեւյալ բառերով` «Քրիստոնյաները վտանգի մեջ են. օգնություն»:
Ֆրանսիական եւ բրիտանական նավերը 4200 մարդ տեղափոխեցին Մուսալեռից Պորտ-Սայիդ, Եգիպտոս: Առաջինհամաշխարհային պատերազմից հետո հայերին թույլ տրվեց վերադառնալ հայրենիք, սակայն 1939թ. այդ տարածքը կցվեց Թուրքիային,և նրանք ստիպված` երկրորդ և վերջին անգամ հեռացան հայրենի վայրերից: Շատերը բնակություն հաստատեցին Լիբանանում, Այնճար գյուղում, իսկ մնացածը ապաստան գտան Հայաստանում` հիմնելով Մուսալեռ գյուղը:
53 օր տեւած դիմադրությունից հետո ֆրանսիական նավի միջոցով ընտանիքը հասնում է Եգիպտոս
Սիլվարդը հիշում է, թե ինչպես կանանց մի մասն ամուսինների կողքին էր, մյուսները` սնունդ եւ զինամթերք էին հասցնում կռվողներին:
«Երեկոյան կանայք սովորաբար թուզ, խաղող եւ հաց էին բերում կռվողների համար: Բայց գնալով մեր ուժերը սպառվում էին…»,- անգամ տարիներ անց հուզմունքն ու արցունքները չկարողանալով թաքցնել` պատմում է 101-ամյա մուսալեռցին: Սիլվարդի հիշողության մեջ, չնայած փոքր տարիքին, հատկապես խոր հետք են թողել ֆրանսիական նավերի` հայերին օգնության հասնելու տեսարանները: Նրանց ընտանիքը 53 օր տեւած դիմադրությունից հետո ֆրանսիական նավով հասնում է Եգիպտոս:
Պատմական տեղեկանք
Մուսա լեռան վրա ծավալված պատմական իրադարձությունը հետագայում ոգեշնչել է ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելին, ովգրեց բոլոր ժամանակների համար արդիական «Մուսա լեռան քառասուն օրը» վեպը: Եվրոպայում ապրող հրեաները կարդում էին այն` կանխազգալով իրենց ճակատագիրը: Հոլոքոստի ժամանակ այդ գիրքը գետտոյի պաշտպանները ձեռքից ձեռք էին փոխանցում` որպես ներշնչանքի աղբյուր եւ նացիստների դեմ զենք վերցնելու կոչ:Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպի առաջին հրատարակությունը լույս է տեսել գերմաներենով 1933 թվականին: Միայն երկու տարիների ընթացքում` 1934-1935թթ., վեպը թարգմանվել է 36 լեզուներով:Վեպը գրելիս Վերֆելն օգտագործել է ականատեսների վկայություններ, լրատվական նյութեր, ուսումնասիրել հայ ժողովրդի պատմությունը, կրոնն ու մշակույթը: 1934 թվականին ստեղագործություննարժանացել է տարվա լավագույն վեպի միջազգային մրցանակին:
Հարիսան մուսալեռցիների համար պատմական անցյալ ունի
«Մարտերի ժամանակ սպանվում է հորեղբայրս, ում նետում են գետը: Դա պատճառ դարձավ, որ անգամ տարիներ անց հորաքույրներս ձուկ չուտեին»,- պատմում է ականատեսը:
Հինգ տարի Եգիպտոսում ապրելուց հետո Սիլվարդի ընտանիքը 1919 թվականին վերադարձել է հայրենիք: Այնուհետեւ 1939 թ-ին տեղափոխվել եւ բնակություն են հաստատել Հալեպում, իսկ ավելի ուշ` 1947 թվականին տեղափոխվել են Երեւան:
«Հալեպում մեծացանք: Հալեպում ամուսնացա 1911 թվականին ծնված Հովսեփի հետ, ով գնդապետ էր, տուն- տեղ ունեցանք, եկանք Երեւան, սակայն մեզ հինգ տարով աքսորեցին Վարդենիս»,- ժամանակագրական ստույգությունը պահպանելով` հիշում է Սիլվարդը, ով Վարդենիսում աշխատում էր որպես գորգագործ:
Վարդենիսից 1953 թ-ին Ատաջյաների ընտանիքը վերադարձել է Երեւան` Մալաթիա-Սեբաստիա վարչակա շրջանում ստանալով հողատարածք, ուր ապրում են առ այսօր:
Սիլվարդը պատմում է, որ հայրենի հողից բերված շատ պղինձներ, մեկ ձեռագործ գորգ եւ պատմական այլիրեր տարիներ առաջ հանձնել է Մուսա լեռան հերոսամարտի թանգարանին:Միակ հուշը, որը պահել է իր մոտ, Մուսա լեռից բերված շուրջ մեկդարյա վաղեմության զարդատուփն է, որում պահում է ոչ թե զարդերը, այլ` փաստաթղթերը:
Մեր պատմության հերոսը նշում է, որ հարիսա կերակատեսակը մուսալեռցիների ավանդական ուտեստներից է եւ պատմական անցյալ ունի: Այն սովորաբար պատրաստում են թե ուրախ, թե տխուր արարողությունների ժամանակ: Այդ պատճառով էլ այն եփում էին քահանայի կողմից օրհնելուց հետո եւ անպայմանորեն զոհաբերված գառան մսից:
«Ես առ այսօր գառան մսից պատրաստում եմ նաեւ դոլմա, որը նույնպես շատ համեղ է»,- նշում է Սիլվարդը: Նրա դուստրը` Սիման, ավելացնում է, որ չնայած տարիքին եւ առողջական խնդիրներին` մայրը շատ հարցեր, այդ թվում նաեւ գառան մսից դոլմա պատրաստելու գործընթացը ոչ մեկին չի վստահում:
Պատմական տեղեկանք
Սեպտեմբերի երրորդ կիրակի օրը Էջմիածնի հարեւանությամբ գտնվող Մուսալեռ գյուղում ավանդաբար տոնվում է համանուն հերոսամարտի հիշատակի օրը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո շատ մուսալեռցիներ, ներգաղթելով պատմական հայրենիք, հիմնել են համանուն գյուղը, հուշարձան կանգնեցրել, եւ 1983թ-ից սկսած այստեղ Մուսա լեռան հերոս պաշտպանների պատվին ամենամյա տոնակատարություն է կազմակերպվում։Հուշարձանի հարեւանությամբ է տեղակայված նաեւ Մուսա լեռան հերոսամարտի թանգարանը:
Հարիսա եփելն ունի իր խորհուրդը. պաշարված մուսալեռցիները ցորեն ու այծի միս են ունեցել ու դրանով են սարքել ապուրը, հարելու գործընթացն էլ՝ «Հարիր սա», հետագայում դրա անվանումն է դարձել։Բայց, քանի որ ամենամյա տոնակատարություններում հարիսան որպես մատաղ է ժողովրդին հրամցվում, ապա եւ պատրաստվում է գառան մսով։Ամեն տարի` սեպտեմբերի երկրորդ կեսին, երախտապարտ սերունդները հավաքվում են այստեղ` ավանդական հարիսայով, զուռնա - դհոլով, մարտական շուրջպարով ու ազգային արժանապատվության զգացումով նշելու հերոսամարտի տարելիցը եւ հարգելու քաջի մահով ընկած հերոսների հիշատակը: Այստեղ` հուշակոթողի կողքին, բլրի ստորոտում, հանգրվանում են նաեւ արցախյան գոյամարտում զոհված մուսալեռցիների շիրիմները:
Տարիներ անց անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչմանը` 101-ամյա Սիլվարդը նշում է, որ հույսը չի կտրում, քանի որ հույսով ապրելը բնորոշ է հային:«Լրաբերը շատ եմ լսում, եւ բոլորին ասում եմ, որ նայեն, որպեսզի իմանան, թե աշխարհում ինչ է կատարվում: Ես անգրագետ եմ, բայց ուղեղս աշխատում է»,- զրույցի ընթացքում կես կատակ, կես լուրջ նկատում է պատմության հերոսուհին` հավելելով, որ իր կանխատեսմամբ դեռ հինգ տարի ունի ապրելու:
Նա առանձնակի սեր է տածում ծաղիկների հանդեպ, որոնք տնկել եւ խնամում է սեփական ձեռքերով:
«Երբ հիվանդացա, անգամ հիվանդանոցում տղայիս ասացի` ծաղիկներս չչորացնեք»,- շեշտում է ցեղասպանության դաժանությունների միջով անցած Սիլվարդը, ով իր տեղաշարժման համար նախատեսված հատուկ հարմարանքից օգտվելով` չզլացավ մեզ ներկայացնել տան բակում աճող բոլոր այն ծաղկատեսակները, որոնց խնամքն ուրիշ ոչ մեկին չի վստահում:
Սիլվարդն ունի 3 տղա, մեկ աղջիկ, 7 թոռ եւ 12 ծոռ:
Հեղինակ Տաթեւիկ Գրիգորյան
Լուսանկարները` Սամվել Բերքիբեկյանի