Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-46/24. Դավթյան, Յեն, Հորովից

5 րոպեի ընթերցում

«Նոր գիրք»-46/24. Դավթյան, Յեն, Հորովից

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: 

Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2024 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ գրականություն. Արմեն Դավթյան, «Հազարամյակների և օրերի միջով»

Արմեն Դավթյանը ժամանակակից հայ բանաստեղծության ամենատպավորիչ դեմքերից է։ Առաջին քայլերն անելով 1980-ականների սկզբին՝ դարձել է համարձակ ու ինքնատիպ հեղինակ և գրական միջավայրում ճաշակ է թելադրել՝ ընդարձակելով լեզվի ու բանաստեղծական երևակայության սահմանները։ Գրքում ի մի են բերված նրա երկու ժողովածուները՝ «Նորավանք» և «Տեսիլներ մենախցում», որոնք 1980-1990-ականներին դարձել են խորհրդայինից անկախություն անցման շրջանի հայ պոեզիայի չսպառվող լիցքը՝ ոգեշնչելով ոչ միայն ընթերցողներին, այլև նրա սերնդակից շատ հեղինակների։ Գիրքը տպագրության է պատրաստվել հեղինակի 60-ամյակի առիթով։ Գիրքը լույս է ընծայել Newmag-ը։

Թարգմանական գրականություն. Մո Յեն, «Ուշահասը»

«Ուշահասը» պատմվածքները (2020) Մո Յենի առաջին գիրքն է 2012-ին Նոբելյան մրցանակի արժանանալուց հետո: Տասներկու պատմվածքից կազմված այս ժողովածուն ներկայացնում Է հյուսիսային Չինաստանի գյուղերի կյանքը 1950-ականներից մինչև մեր օրերը: Գրողը խորությամբ ներկայացնում Է գյուղական կյանքի սոցիալական փոփոխությունները՝ ներառյալ սմարթֆոնների և ինտերնետի տարածումը՝ անդրադառնալով նաև պատմական դեպքերին, ինչպես օրինակ՝ Մշակութային հեղափոխությանը: Իրական և միաժամանակ աբսուրդ պատմություններում նա ինքն իրեն ևս պատկերում է որպես կերպարներից մեկը, նկարագրում իր գրական ուղին՝ շոշափելով տաղանդի, բարոյականության թեմաները: Թարգմանությունը չինարենից՝ Գոհար Աթիկյանի։ Խմբագիր՝ Զավեն Բոյաջյան։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը։

Փաստավավերագրական գրականություն. Բեն Հորովից,  «Բարդ որոշումներ կայացնելու արվեստը» (Կառուցելով բիզնես, որտեղ չկան հեշտ պատասխաններ)

Առաջատար վենչուրային կապիտալիստ, կառավարման ժամանակակից փորձագետ և New York Times-ի բեսթսելերի հեղինակ Բեն Հորովիցը այս գրքում համատեղում է պատմության և ժամանակակից կազմակերպչական պրակտիկայի դասերը գործնական և հաճախ զարմանալի խորհուրդների հետ՝ օգնելու ղեկավարներին ստեղծել բիզնես մշակույթներ, որոնք կարող են դիմակայել ինչպես լավ, այնպես էլ վատ ժամանակներին:

Շատերն են խոսում այն մասին, թե որքան հիանալի է բիզնես սկսելը, բայց միայն Բեն Հորովիցն է առավելագույնս անկեղծ խոսում այն մասին, թե որքան դժվար է այն ղեկավարելը:

Բեն Հորովիցին յուրահատուկ հումորով և շիտակ խոսակցություններով լի այս գիրքը անգնահատելի է ինչպես հմուտ ձեռնարկատերերի, այնպես էլ նրանց համար, ովքեր ձգտում են ստեղծել իրենց սեփական նոր բիզնեսը՝ ոգեշնչվելով Հորովիցի անձնական և հաճախ դժվարին փորձառությունից:

«Բենի փորձառությունն ու խորաթափանց գիտելիքները նրան դարձրել են ոչ միայն Սիլիկոնյան հովտի, այլև համաշխարհային գիտելիքահենք տնտեսության առանցքային դեմքերից մեկը։ Այս գիրքն անփոխարինելի մտավոր գանձարան է՝ հարուստ խորաթափանց դիտարկումներով, և միաժամանակ գրավիչ ընթերցանություն բոլոր նրանց համար, ովքեր տենչում են հիմնել, հզորացնել և դեպի հաջողության բարձունքներ ուղղորդել իրենց եզակի ընկերությունը»։

Մարկ Ցուկերբերգ. Facebook-ի հիմնադիր և գործադիր տնօրեն

Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում