Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Ականատեսը». Բաղդասար Լեփեջյանը պատմական արդարության հույսը չի կորցնում. Ադանան նրա հուշերում

«Ականատեսը». Բաղդասար Լեփեջյանը պատմական արդարության հույսը չի 
կորցնում. Ադանան նրա հուշերում

«Արմենպրես»-ի «Ականատեսը» հատուկ նախագիծը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ շարունակում է ներկայացնել վերապրածների կյանքի պատմությունները: Նախագծի այս շաբաթվա պատմությունը 98-ամյա Բաղդասար Լեփեջյանի մասին է:  

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տասներկու թոռներով, յոթ ծոռներով ու երկու կոռներով շրջապատված Բաղդասար Լեփեջյանի խաղաղ ծերությունն անցյալի հետ ծննդավայր Ադանայի վերհուշով է կապված: Տարիներ անց էլ 98-ամյա Բաղդասար պապին չի լքում ափսոսանքի զգացողությունը կորցրած հայրենիքի համար: «Հայրս վաճառական էր, վաճառում էր մանդարին, հազար ու մի բան: Ադանայում մեր տան, մեր ընտանիքի պատմության մասին ավելի շատ հետագայում լսել եմ ծնողներիցս, որովհետեւ 40 օրական էի` բարուրի երեխա, երբ ստիպված եղանք լքել մեր տունը»,- պատմում է Բաղդասարը, ում հետագահում պատմել են, որ հոր թուրք ծանոթները եկել են եւ նախապես տեղեկացրել ընտանիքին` զանգվածային կոտորածների սկսվելու մասին, ինչի արդյունքում իր ընտանիքը կազմակերպված մասսայական աքսորի եւ ջարդի պայմաններում բռնել էր գաղթի ուղին:


Պատմական տեղեկանք

Ադանայի կոտորածներն Օսմանյան կայսրությունում իրականացված հայերի լայնամասշտաբ ջարդերի երկրորդ փուլը հանդիսացան: Աբդուլ Համիդը, 1908թ. Միություն և առաջադիմություն կուսակցության կողմից իրականացրած երիտթուրքական հեղափոխության հետևանքով, ստիպված էր եղել վերականգնել Օսմանյան սահմանադրությունըՄիջերկրականի ափին գտնվող ծաղկուն շրջան Ադանայի նահանգը` Կիլիկիայի հին իշխանությունը, իսկ 11-14-րդ դդ. անկախ հայկական պետությունը, զերծ էր մնացել 1890-ականների ջարդերից: Սակայն այդ ժամանակ անկարգությունները հատկապես դաժան էին Ադանա քաղաքում, որտեղ, ինչպես հաղորդվում էր, ողջակիզվեցին 4437 հայեր, քաղաքի մոտ կեսն ավիրվեց: Ոմանք ստեղծված դժոխքը նկարագրեցին որպես «հոլոքոստ»: Անկարգությունները տարածվեցին ամբողջ նահանգով, եւ հայերը տվեցին շուրջ 30000 զոհ: 

Ընտանիքը բնակություն է հաստատում Հալեպում

«Մեզ հաջողվեց գաղթել Հալեպ, շնորհիվ նրա, որ հայրս դասավորել էր ամեն ինչ, վճարել էր  ոսկիներ, ուղտ էր վարձել եւ մենք վեց ընտանիքների հետ միասին հասանք Հալեպ»,- նշում է ականատեսը: Նրանց ընտանիքին մեծ կորուստները չեն պատուհասում: Ադանայում, սակայն, սպանվում է նրա հորեղբոր ընտանիքը: Բաղդասարը 1945 թվականին ամուսնանում է, 1947 թվականին գալիս է Հայաստան` մշտական բնակություն հաստատելով այստեղ: Ունենում է հինգ երեխա: «Հայրս մոտ յոթ լեզու գիտե, տիրապետում է ֆրանսերենին, թուրքերենին, հասկանում է անգլերեն եւ արաբերեն»,-մեջբերում է Բաղդասարի աղջիկը` Զարուհին: Նրա խոսքով` հայրը եղել է ֆրանսերենի թարգմանիչ, հետագայում աշխատել է տարբեր մասնագիտություններով, այդ թվում` տարիներ շարունակ փոստարար է եղել:


Պատմական տեղեկանք

Ադանան քաղաք է Դաշտային Կիլիկայում  այն  գտնվում է Սարոս գետի ստորին հոսանքի շրջանում, որտեղ գետը դառնում է նավարկելի։ Ադանան կառավարում է երկու շրջան՝ Սեյհան եւ Յուրեղիր, որոնց միագումար բնակչությունը 1.530.257 է եւ տարածքը՝ 1.945 կմ: Այժմ Ադանան հինգերորդ խիտ բնակեցված քաղաքն է Թուրքիայում` Պոլսից, Անկարայից, Իզմիրից եւ Բուրսայից հետո: Երգահան Արա Գեւորգյանի կողմից Հայոց  ցեղասպանության 90-ամյա տարելիցին նվիրված 2005 թվականին ստեղծված «Ադանա» նախագիծը եւ համանուն երգը նպաստել է քաղաքում կատարված ոճրագործության մասին միջազգային իրազեկմանը: «Ադանան» մասշտաբային ծրագիր է: Դրա շրջանակում «Ադանա» երգը կատարել են Դանիել Դեքերը (ԱՄՆ), Կայ Աուհագենը (Գերմանիա), Ինկան (Ֆինլանդիա), Ցվետան Ցվետկովը (Բուլղարիա), Վիտալի Դանին (Մոլդովա) եւ Գեղամ Գրիգորյանը (Հայաստան): Նրանցից յուրաքանչյուրը երգը կատարել է իր լեզվով: Առաջիկայում Գեւորգյանը ծրագրում է 20 լեզուներով հնչող երգը եւս 15 լեզուներով թարգմանել եւ կրկին ներկայացնել ամբողջ աշխարհում: Այս կերպ հնարավորություն կլինի աշխարհին ներկայացնելու կորցրած մի բանի մասին, յուրաքանչյուրին հասկանալի լեզվով:


«Թուրքը չի թողնում, որ հայակական հարցը մեջտեղ դնեն, որովհետեւ բոլորն ունեն շահեր: Կարծում եմ` ցեղասպանությունը կճանաչվի, մեծ հույս կա»- նշում է Բաղդասարը` հավելելով, որ վաղ թե ուշ հարցը հանգուցալուծում կստանա եւ պատմական ճշմարտությունը կվերականգնվի: Շուրջ 10 տարի Բաղդասար Լեփեջյանն, առողջական խնդիրներից ելնելով, տնից դուրս չի եկել, սակայն խոսում է զենքը ձեռքին հայերենի հողի պաշտպանության համար պայքարելու պատրաստակամության մասին. «Անգամ այս վիճակում հրացան կվերցնեմ, չկարողանամ տնից դուրս գալ` վերեւից կկրակեմ»:

Զարուհին, ներկայացնելով հոր պատումը, շեշտում է, որ հայրը հեռուստատեսությամբ մշտապես հետեւում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի մասին հրապարակումներին: 

Հեղինակ Տաթեւիկ Գրիգորյան

Լուսանկարները` Ֆելիքս Առուստամյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]