ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ես հիվանդ չեմ»,-այս արտահայտությունն է շտապում բուժաշխատողներին ուղղել հետազոտվելու անգամ միտք չունեցող 102 -ամյա արաբկիրցի Արևալույս Ամալյանը: Նա մասնագետների անակնկալ այցից ոչ միայն զարմանում, այլև զայրանում է: Հապճեպ հարևան սենյակ գնալով` վստահեցնում է, որ որևէ հիվանդություն չունի:Արևալույսը` «Արմենպրես»-ի Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված, երկու տարվա պատմություն ունեցող «Ականատեսը» հատուկ նախագծի այն հերոսներից է, ում առողջական վիճակին առնչվող բոլոր հարցերը պետությունը վերցրել է իր հոգածության ներքո:
1915թ. Հայոց ցեղասպանության ականատես-վերապրողներին ՀՀ առողջապահության նախարարությունը կտրամադրի շարունակական բժշկական օգնություն և սպասարկում:
Ի տարբերություն 102-ամյա տարիքի համեմատ նախաձնելի առողջական տվյալներ ունեցող ականատես- վերապրողի, երևանաբնակ մյուս ականատեսները համալիր հետազոտություններ են անցել: Օրվա մեծ մասն անկողնում անցկացնող տարեցները ընտանիքի անդամների խոսքով` ունեին այս ուշադրության կարիքը: Թեպետ շատերի մոտ շարունակում է օրակարգային մնալ խնամքի, սոցիալական աջակցության հարցը, սակայն բժշկական օգնության հոգսի թեթևացումը ևս կարևորներից է:
«Մեկ պառկում եմ, մեկ վեր կենում, երբեմն ցավեր եմ ունենում»,- բուժաշխատողների հետ զրույցում նշում է 102-ամյա Սիլվարդ Ատաջյանը, ով կոնքազդրային հոդի բարդ վիրահատություն էր տարել այս տարվա փետրվարին: Հանձնաժողովային կարգով որոշում էր կայացվել աջակցել և պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության ու սպասարկման շրջանակներում կատարել վիրահատությունը: Մուսալեռցի կնոջ ցանկությունն է, որ հաջորդ անգամ այցի գալու ժամանակ իրեն տեսնեն սիրելի այգում, սեփական ձեռքերով խնամվող ծաղիկներով շրջապատված: Թոռների ու ծոռների թվում նա այժմ հատուկ սեր է տածում ծոռան` Մայքի հանդեպ, ով ավագ տատի ձեռքից շոկոլադ վերցնելու, ինչպես և նրան համբուրելու առաջարկը չի մերժում:
«Որոշեց, որ կոտրված ոտքով ապրել չի կարող, պետք է անպայման վիրահատվի, ոտքի կանգնի»,- պատմում է ականատեսի թոռնուհին` Նունե Ատաջյանը:
«Տատիկը ոտքի կկանգնի և տրամադրված է կանգնելու. ապրելու ցանկություն ունի»,- իր տպավորությամբ է կիսվում «Արմենիա» բժշկական կենտրոնի սոնոգրաֆիայի բաժնի վարիչ Աիդա Սարխոշյանը: Երևանաբնակ բոլոր ականատեսներին ներքին օրգանների ուլտրաձայնային հետազոտություն կատարելով` նա նշում է, որ չնայած նրանց տարիքին` մեծ մասն առողջ է:
«Միայն մեկն ուներ հիշողության անկում, մյուսները նորմալ զրույցում էին մեզ հետ: Ես զարմացա, որ այդ տարիք տարեցներ կային, ում մոտ առկա չէր օրգանների որևէ լուրջ պաթոլոգիա»,- ասում է երկարամյա աշխատանքային փորձ ունեցող բժշկուհին:
«Մենք անհատապես այցելում ենք յուրաքանչյուր ականատես-վերապրողի: Կատարված բժշկական հետազոտությունների հիման վրա ստեղծելու են նրանց բժշկական անձնագրերը, ուր հավաքագրվելու են առողջության հետ կապված բոլոր տվյալները: Բժշկական օգնության կարիք ունեցողները Երևանում կգտնվեն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», իսկ մարզերում` մարազային բժշկական կենտրոնների մասնագետների մշտական հսկողության ներքո»,- նշեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանը` հավելելով, որ առանձնացվել է հատուկ հեռախոսահամար, որը շուրջօրյա հասանելի է լինելու ականատես-վերապրողների առողջական խնդիրներին հրատապ լուծում տալու համար:
Համայցերը յուրահատուկ հետաքրքրություն են ներկայացնում նաև շտապօգնության թե՛ կրտսեր, թե՛ երկար տարիների աշխատանքային փորձ ունեցող բուժանձնակազմի համար, ովքեր իրենց մասնագիտական պարտականությունները կատարում են առանձնակի հոգատարությամբ:
Վանեցի Ահարոն Մանուկյանըողջ կյանքում դեղ ընդունել չի սիրել: Օրն անցկացնում է 90-ամյա կնոջ, ով նույնպես առողջական խնդիրներ ունի, ինչպես նաև իրեց խնամող աղջկա ընկերակցությամբ: Մարտին լրանում է նրա 101-ամյակը: Ծերունին, բժշկուհու հավաստմամբ, շատ երիտասարդներից էլ առողջ է:
103 տարեկան Անդրանիկ ՄաթևոսյանինՍարի թաղի բնակիչները սովոր են տեսնել զբոսնելիս կամ շուկա գնալիս, այժմ տանից հավզադեպ է դուրս գալիս: Մի քանի ամիս առաջ նրա մոտ ախտորոշվել էր կատարակտ: Առաջիկայում կվիրահատվի նաև ձախ աչքը:
Բժշկական օգնություն են ստացել նաև Հայոց ցեղասպանության ականատես վերապրողներ, 100 տարին բոլորած Նվարդ Սուջյանը, Ռոզա Խոնդկարյանը, Մայրամ Մեյմարյանը: Վերջինս չզլացավ բժիշկներին ցույց տալ իր յուրահատուկ պատմություն ունեցող «Նարեկը» և օրհնանքներ շռայլել:
Դեռ 2014թ մեկնակած 1915թ. Հայոց ցեղասպանության ականատես-վերապրողներին շարունակական բժշկական օգնության և սպասարկման ծրագիրը շարունակական է լինելու: Հայկական ակնաբուժական նախագծի և «Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպության կողմից Երևանում և մարզերում վերոնշյալ սոցիալական խմբում ներգրավված անձինք կստանան անհրաժեշտ բժշկական օգնություն, կապահովվեն դեղերով և բժշկական պարագաներով:
Հանրապետությունում ներկայում բնակվում են 30 ականատես-վերապրողներ. նրանցից ութը` Երեւանում: Մարզային ենթակայության առողջապահական պատասխանատուները կատարել են համայցեր` հավաքագրելով մարզաբնակ ականատեսների առողջական տվյալները:
Հեղինակ Տաթևիկ Գրիգորյան
Լուսանկարները` Արթուր Գևորգյանի