Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-44/24. Դիքենս, Բենեդետտի, Իսահակյան

5 րոպեի ընթերցում

«Նոր գիրք»-44/24.    Դիքենս, Բենեդետտի, Իսահակյան

ԵՐԵՎԱՆ, 16  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2024 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Թարգմանական գրականություն 

Մարիո Բենեդետտի, «Գեշերի գիշերը»

Իսպաներենից Կառա Չոբանյանի թարգմանությամբ լույս է տեսել Մարիո Բենեդետտիի «Գեշերի գիշերը» պատմվածքների ժողովածուն: Գիրքը ներկայացնում է Մարիո Բենեդետտիի փոքր արձակը 1962-1989 թվականներին լույս տեսած պատմվածքների հինգ ժողովածուից քաղված ընտիր գործերով, որոնք հնարավորինս ընդգրկուն պատկերացում են տալիս իսպանալեզու գրականության ականավոր դեմքերից մեկի թեմատիկ լայն հետաքրքրությունների և սիրած մոտիվների, գրողական ոճի և տպավորիչ վարպետության մասին: Խմբագիր՝ Զավեն Բոյաջյան: Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը։

Մանկապատանեկան գրականություն 

Չարլզ Դիքենս, «Սուրբ ծննդյան երգը»

«Սուրբ ծննդյան երգը» բրիտանացի հանրահայտ գրող Չարլզ Դիքենսի հեքիաթային պատմությունն է` հրատարակված 1843 թվականին: Այն բաղկացած է հինգ գլուխներից, որոնք հեղինակը կոչել է տաղեր: Երկը մաս է Դիքենսի «Սուրբ ծննդյան պատմություններ» ժողովածուի և Ծննդյան ամենահայտնի ստեղծագործություններից մեկն է Բրիտանիայում և նրա սահմաններից դուրս: Այն Էբենեզեր Սքրուջ անունով մի ծեր, քարսիրտ և ժլատ մարդու մասին է, որին Ծննդյան նախօրեին այցելում են իր նախկին բիզնես գործընկեր Ջեյքոբ Մարլիի, ինչպես նաև Սուրբ ծննդյան Անցյալի, Ներկայի և Ապագային ոգիները: Թե ինչ է տեղի ունենում նրանց այցելությունից հետո, կիմանաք՝ ընթերցելով այս զարմանահրաշ պատմությունը: Դիքենսը «Սուրբ ծննդյան երգը» գրել է ի պատասխան բրիտանական հասարակության՝ աղքատության, հատկապես՝ աղքատ երեխաների հանդեպ վերաբերմունքի և դրա հետևանքների, և ցանկացել է պատմությունը օգտագործել որպես դրա դեմ փաստարկ՝ ցույց տալով ինքնամաքրման միջոցով մարդկային արատները հաղթահարելու ճանապարհը: Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը։

Փաստավավերագրական գրականություն 

Ոչ մի շաբաթ առանց Իսահակյանի

Ավետիք Իսահակյանի պոեզիան, ծնվելով ժողովրդական ակունքներից, անցնելով զարգացման մեծ ուղի, հարստանալով նոր գույներով ու ձևերով, հենց ժողովրդին է վերադարձնում այն լավագույնը, որն ունի ժողովուրդը։  

Սակայն ժողովրդայնությունը Ավետիք Իսահակյանի բազմաժանր ստեղծագործության միայն մեկ կողմն է։ Վարպետը ստեղծել է ընթերցողական ամենատարբեր ճաշակները բավարարող բազմազան ու տարբեր գործեր։ Փոքրածավալ քնարական բանաստեղծությունների կողքին հեղինակել է ծավալուն քնարական ու էպիկական պոեմներ, լեգենդներ ու բալլադներ, առակներ ու պատմվածքներ, վեպ, գրել հիանալի հուշեր։ Ավ. Իսահակյանի փոթորկուն կյանքի պատմությունն ինքնին մի մեծ վիպաշարի նյութ կարող է դառնալ։  

Կյանքի վաղ տարիներից սկսած՝ Ավ. Իսահակյանը իր ակտիվ գրական ու քաղաքական գործունեության համար ենթարկվել է հալածանքների, բանտարկվել ու աքսորվել, երկար տարիներ անցկացրել արտասահմանում, իր մասնակցությունը բերել ազգային-ազատագրական պայքարին, իր ստեղծագործություններով արտացոլել ու ոգեշնչել այդ պայքարը։ Նա մեծ հայանպաստ գործունեություն է ծավալել արտասահմանում, իսկ Հայաստան վերադարձից հետո ջանքեր չի խնայել հայրենիքի գրական-մշակութային կյանքի զարգացման համար։ 

Եվ նրան նվիրելով «Զանգակ» հրատարակչության «Ոչ մի շաբաթ առանց գրականության» նախագծի արդեն ութերորդ գիրքը, մենք փորձել ենք բանաստեղծի կյանքի ու ստեղծագործության ընտրված՝ տարվա շաբաթներին համապատասխան 52 անդրադարձ–դրվագներով ընդհանուր գծերով ներկայացնել մեծ բանաստեղծին, մտավորականին ու հայրենասեր հայ մարդուն, նաև մեր հարգանքի տուրքը մատուցել նրա հիշատակին։  Գիրքը լույս է ընծայել «Զանգակ»-ը։

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում