Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-2/25. Օսթին, Քիննի, Հայաթ

5 րոպեի ընթերցում

«Նոր գիրք»-2/25.  Օսթին, Քիննի, Հայաթ

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2024 թվականի վերջին և 2025 թվականի սկզբում հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Թարգմանական գրականություն 

Ջեյն Օսթին, «Համոզմունք»  

Էն Էլիոթը` սնափառ ու դատարկամիտ բարոնետ սըր Ուոլտերի միջնեկ դուստրը, ութ տարի առաջ հրաժարվել է ամուսնանալ Ֆրեդերիկ Ուենթուորտի հետ՝ չնայած սերը փոխադարձ է եղել: Փեսացուի ծագումն ու նյութական հնարավորությունները ընտանիքի գլխավորին նրա օգտին չեն տրամադրել, աղջկա մորը փոխարինած հարևանուհին՝ լեդի Ռասելն էլ կարողացել է իր հորդորներով Էնին համոզել, որ նրա հետ ամուսնանալու խոստումը հետ վերցնի: Ութ տարի անց նրանց ճանապարհները դարձյալ մեկտեղվում են: Աղջիկը քսանյոթ տարեկան է՝ սեփական ընտանիքում անտեսված, երիտասարդական առաջին թարմությունը կորցրած: Երիտասարդը ոչ միայն ռազմածովային նավատորմի նավապետ է, այլև արդեն հարուստ ու հաջողակ մարդ: Միայն թե տարիները նրանց երկուսի սրտում էլ վառ են պահել սերը, իսկ վարքագծում՝ հավատարմությունը: 

Վեպի դիպաշարն էլ հենց այն մասին է, թե ինչպես են զարգանում այդ երկուսի հարաբերությունները, և ինչ ելք է ունենում նրանց երկարատև սիրո պատմությունը: Թարգմանությունն անգլերենից՝ Արմենուհի Փալանդուզյանի: Խմբագիր՝ Արփինե Փալանդուզյան- Եղիազարյան: Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

Մանկապատանեկան գրականություն

Ջեֆ Քիննի, «Վտվտիկի օրագիրը. Ռոդրիկի սխրանքները [Գիրք 2]»

Ինչ էլ անեք, Գրեգ Հեֆլիին չհարցնեք, թե ինչպես է անցկացրել ամառային արձակուրդը, քանի որ հաստա՛տ չի ցանկանա խոսել այդ մասին։ Նոր ուսումնական տարում Գրեգը ուզում է հետևում թողնել անցած երեք ամիսները... և մասնավորապես՝ մի իրադարձություն: Ի դժբախտություն Գրեգի՝ նրա ավագ եղբայրը՝ Ռոդրիկը, գիտի այդ միջադեպի մասին: Բայց գաղտնիքները բացահայտվելու հատկություն ունեն, հատկապես, երբ օրագիր կա: «Ռոդրիկի սխրանքները» պատմում է, թե ինչպես է Գրեգը փորձում հաղթահարել միջնակարգ դպրոցի վտանգները, աղջիկների վրա տպավորություն գործել և խուսափել դպրոցական հանդեսներին մասնակցելուց: Բայց Գրեգի ամենակարևոր խնդիրն իր գաղտնիքը պաշտպանելն է:

Պատկերներով լի, հիասքանչ վեպ։ 

Թարգմանիչ՝ Լիլիթ Գրիգորյան։ Գիրքը լույս է ընծայել Newmag-ը։

Փաստավավերագրական գրականություն 

Մայքլ Հայաթ, «Քո լավագույն տարին»

Սա այն տարին է, երբ դուք վերջապես կկամրջեք իրականության և ձեր երազանքների միջև եղած անդունդը: Մենք բոլորս երազում ենք իմաստալից կյանքի մասին և ձգտում ենք բացահայտել մեր ներուժը: Սակայն հաճախ առօրյա հոգսերը մեզ շեղում են այդ ճանապարհից: Մեր կարևորագույն նպատակները մոռացության են մատնվում: «Քո լավագույն տարին» գրքի այս նոր՝ թարմացված հրատարակությունում Մայքլ Հայաթը ներկայանում է գործնական և հետազոտված մեթոդներ՝ ձեր նպատակներին հասնելու համար: Եթե զգում եք, որ ձեր կյանքը տեղում է դոփում անձնական, մասնագիտական, ֆինանսական ոլորտներում, ապա ժամանակն է սկսել ձեր կյանքի լավագույն տարին:

«Քո լավագույն տարին» գիրքը պատմում է սովորական մարդկանց մասին, ովքեր հասել են արտակարգ հաջողությունների: 

Լսեք իմ խորհուրդը՝ գնեք այս գիրքը միայն այն դեպքում, եթե մեկ տարի անց ուզում եք հպարտությամբ ասել. 

«Սա եղավ իմ կյանքի լավագույն տարին»:

ՋՈՆ Ս. ՄԱՔՍՎԵԼ՝ հեղինակ, խոսնակ և առաջնորդության մասնագետ 

Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում