Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Վանականներն»՝ առաջատար. հայ գրականություն. դեկտեմբեր, 2024

10 րոպեի ընթերցում

«Երևանյան բեսթսելեր». «Վանականներն»՝ առաջատար. հայ գրականություն. դեկտեմբեր, 2024

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երեւանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է հայ գրողների գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ դեկտեմբերի վաճառքի տվյալների:

Առաջին տեղում է Ռուբեն Եսայանի «Վանականներն ունեն գաղտնիք» գիրքը։ Գրքի գործողությունները ծավալվում են Միացյալ Նահանգներում, բայց հերոսները հայ երիտասարդներ են, որոնք մեկնում են սովորելու՝ բնակվելով նույն տանը: Քաղաքում, որտեղ սովորում են հայ երիտասարդները, գործում է վանական միաբանություն եւ հենց սկզբում վանականների եւ երիտասարդների ճանապարհները խաչվում են:

Աշոտ Աղաբաբյանի «Նմանակը» երկրորդ տեղում է։ «Նմանակը» վեպը Աշոտ Աղաբաբյանի 11-րդ գիրքն է: Հետախուզության համաշխարհային պատմության մեջ նմանը չունեցող այս բացառիկ օպերացիայի մասին գրվում է առաջին անգամ: Գեղարվեստական վեպի գլխավոր հերոսի նախատիպը ծնունդով Իջեւանի Աչաջուր գյուղից ԽՍՀՄ հետախույզ Սմբատ Խոջոյանն է: Թուրքիայի խորհրդարանի իշխող կուսակցության պատգամավոր Մահմուդ Շովքեթի նմանակ հայ հետախույզին ԽՍՀՄ Գլխավոր հետախուզական վարչությունը գործուղում է Ստամբուլ՝ թուրք պատգամավորին «փոխարինելու»: Գաղտնիության պայմաններում մահացած ու թաղված պատգամավորի փոխարեն նրա նմանակ հայ հետախույզը մոտ երեք տարի «աշխատում» է խորհրդարանում՝ մինչեւ բացահայտվելը, որից հետո կարողանում է փախչել երկրից: Հասկանալի պատճառով թուրք պատգամավորի եւ որոշ գործող անձանց անունները փոխված են: «Նմանակը», այնուամենայնիվ, գեղարվեստական վեպ է՝ չնայած դեպքերի ճշմարտացիությանը:

Երրորդ տեղում է Գրիգոր Քեշիշյանի «Քեզնից հեռու, քեզ հետ» գիրքը։ Սիրո, հայրենասիրության, հայրենադարձության դժվար ու լուսավոր կողմերի մասին «Քեզնից հեռու, քեզ հետ» վիպակը 1940-ականներին Լիբանանից հայրենադարձված Գրիգոր Քեշիշյանի զգացմունքների ամփոփումն է մի գեղեցիկ սիրո պատմության տեսքով։ Վիպակը նամակների ժողովածու է, որ հայրենադարձման իր հերթին սպասող Սամվելը գրում է արդեն հայրենի հողի վրա ապրելու երազանքին հասած իր սիրելիին։ Բաժանումը ծանր վերք է բացում սիրելիների սրտերում, իսկ վերամիավորման սպասումը՝ բացահայտում նրանց ճակատագրի անսպասելի ոլորանները։

Սերգեյ Գալոյանի «Երեւանի գաղտնիքները» չորրորդ տեղում է։  Կտրուկ իրադարձություններ, անկանխատեսելի դեպքեր, նուրբ իրավիճակներ, ահա թե որոնք են հատկանշական այս գրքի համար: Գրքի ամենակարեւոր հատվածը Երեւանի եւ երեւանցիների մասին պատմող «Երեւանի գաղտնիքները» գիրն է: Գիրքը թեմատիկայով իրարից հեռու նյութերի մի ժողովածու է, որը ընդհանրական է դառնում հենց սուր իրավիճակների պատճառով: Եվ պատահական չէ, որ գրքում կերեւան արվեստի մարդն ու կրիմինալ աշխարհի ներկայացուցիչը, ռեժիսորն ու «օրենքով գողը»:

Հայկ Հովյանի «Գիսանե․ Հավերժական կայսրությունը» գիրքը հինգերորդ տեղում է։ Ֆենթեզի ժանրի այս վեպն իր տեսակով նորություն է հայ գրականության մեջ։ Այն մերօրյա գրող Հայկ Հովյանի «Միջնաբերդյան պատմություններ» շարքի հերթական ստեղծագործությունն է, որ պատմում է Հավերժական կայսրության անծայրածիր տիրույթներում իրենց անկումն ապրող միֆական էակների, նրանց պայքարի, քաջության, ինչպես նաեւ կայսերական խարդավանքների ու փոփոխվող ժամանակների մասին: Հերոսները ստիպված են հաղթահարել բազմաթիվ փորձություններ սոսկալի մի հանցագործություն բացահայտելու ճանապարհին, հանցագործություն, որ սպառնում է փլուզել գոյություն ունեցող աշխարհը։

Գոհար Նավասարդյանի «Կարեւորը» վեցերորդ տեղում է։ Կյանքը մեզ հաճախ է անակնկալներ մատուցում, երբեմն նաեւ կորցրածը գտնելու հնարավորություններ է տալիս: Այս գիրքը մեզ տրված հնարավորություններն օգտագործելու, կյանքն ինքնուրույն ապրելու ու դժվարություններից չվախենալու մասին է: Այն ամենակարեւորի մասին է եւ նրա, թե ինչպես հասկանալ` որն է ամենակարեւորը: Այն մասին է, թե ինչպես պետք չէ ապրել, թե ինչ է լինում, երբ քո փոխարեն ուրիշներն են որոշումներ կայացնում եւ նրա, թե ստացվում է արդյոք համակերպվել ուրիշի ընտրության հետ, որը քո կյանքում է արվել, հենց քե՛զ համար:

Վիպակը նաեւ ցավի մասին է, որը սովորում ենք ընդունել, չվախենալ դրանից, մեզ թույլ տալ զգալ այն հոգու ամեն մի բջիջով ու, ի վերջո, հաղթել նրան` ապրելով ու անցյալում թողնելով:

Գոհար Նավասարդյանի «‎Սիրելուց հետո» գիրքը յոթերորդ տեղում է։ Այն, որ սիրահարվածությունից հետո գալիս է սերը, բոլորը գիտեն, բայց թե ինչն է հաջորդում սիրուն, շատերի համար է հանելուկ: Այս վիպակը սիրո գեղեցիկ պատմություն է, որում նկարագրվում է, թե ինչ է լինում սիրելուց հետո: Գիրքը սովորեցնում է խնամել սերը, չհամարել այն ուղղակի պարտականություն կամ բեռ, որովհետեւ այս զգացմունքը մեռնում է, երբ հարաբերություններում վաղուց կյանք չկա եւ, մյուս կողմից, կարող է շունչ առնել, եթե ինքներս ուզենանք.․․ Վերջինս վիպակում հնարավոր է դառնում միայն կարոտի եւ կապվածության վախը հաղթահարելու շնորհիվ, որը պիտի բերեր որոշման` սիրած մարդուց հեռանալու: Վիպակում ցույց է տրված, որ հենց այդ որոշումը, ինչպես նաեւ պատահականությունները կամ, գուցե, ճակատագիրը իրենց հերթին գիտակցել են տալիս, որ յուրաքանչյուր հաջորդ րոպեն կարող է եւ չսկսվել, ինչը սթափեցնում է մարդուն` ստիպելով կյանքին այլ աչքերով նայել:

«Պարույր Սեւակ-100» ժողովածուն ութերորդ տեղում է։ Ժողովածուում ընդգրկված են Պարույր Սեւակի «Անցյալը ներկայացած» ինքնակենսագրությունը, տարբեր տարիներին գրած լավագույն բանաստեղծությունները եւ «Ուշացած իմ սեր», «Նահանջ երգով», «Ֆրանչեսկա դա Ռիմինի» պոեմները: Որոշ շտկումներ են կատարվել ձեռագրի հետ համեմատելով:

Գրիգոր Քեշիշյանի «Հանդիպում անցյալի հետ» գիրքը իններորդ տեղում է։ Լիբանանից Հայաստան տեղափոխված սովետահայ գրող Գրիգոր Քեշիշյանի «Հանդիպում անցյալի հետ» ժողովածուն ներառում է մի շարք պատմվածքներ եւ ժամանակին շատ հայտնի ու սիրված «Կտակ» վիպակը: Վիպակը ճակատագրի բերումով ԱՄՆ-ում հայտնված հայի զավակների մասին է, որոնք տասնամյակներ անց վերադառնում են Հայաստան՝ այստեղ իրենց ընտանիքի հետ վերամիավորվելու: Ժողովածուում է նաեւ հայտնի նկարիչ Գառզուի մասին պատմվածքը: Բոլոր ստեղծագործություններում կարմիր թելով անցնում է անցյալի հետ առերեսվելու գաղափարը:

Աշոտ Աղաբաբյանի «Սեւ Հովազ 2» գիրքը տասերորդն է։ Գիրքն Արցախյան պատերազմներն ու մեր օրերն ընդգրկող ժամանակների մասին պատմող գեղարվեստական վեպ է: Ներառում է 1996 թվականից մինչև 2024թ հունվարի 10-ը տեղի ունեցած իրադարձությունները: Վեպում առաջին անգամ ականատես, գործող պրոֆեսիոնալի վկայությամբ հեղինակը ցույց է տալիս, թե ինչու վերջին պատերազմում պարտվեցինք, եւ ամենակարեւորը՝ ինչ պետք է անել այսօր, հենց հիմա՝ իրավիճակը մեր օգտին փոխելու համար: Վեպը նամակ է ամբողջ հայությանը, ուղերձ՝ բոլորին:

ՏեղՓոփ․Գիրք Հրատ․Քանակ
10

Ռուբեն Եսայան,

 «Վանականներն ունեն գաղտնիք»

հեղ հրատ335
2Նոր

Աշոտ Աղաբաբյան,

 «Նմանակը»

Բուկինիստ193
3-1

Գրիգոր Քեշիշյան,

 «Քեզնից հեռու, քեզ հետ»

Դավինչի140
4*

Սերգեյ Գալոյան,

 «Երևանի գաղտնիքները»

հեղ հրատ68
5Նոր

Հայկ Հովյան,

 «Գիսանե․ Հավերժական կայսրությունը»

Զանգակ63
6-3

Գոհար Նավասարդյան,

 «Կարևորը»

հեղ հրատ58
7-3

Գոհար Նավասարդյան,

 «‎Սիրելուց հետո»

հեղ հրատ40
8*«Պարույր Սևակ- 100»Մագաղաթ38
9+1

Գրիգոր Քեշիշյան,

 «Հանդիպում անցյալի հետ»

Դավինչի32
10*

Աշոտ Աղաբաբյան,

 «Սև Հովազ 2»

Բուկինիստ32

«Երեւանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Ցանկում ներառված չեն «Երեւանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների եւ գրատների ցանցերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում