ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Մուսա լեռան հերոսամարտի և ավանդական հարիսայի ստեղծման պատմության ականատես Սիլվարդ Ատաջյանը ապրիլին կայանալիք 103-րդ տարեդարձին սպասում է առանձնակի ոգևորությամբ: Հայոց ցեղասպանության ականատեսը, չնայած պատկառելի տարիքին, բարդ վիրահատոթյուն է տարել: Ոսկրաբեկորների տեղաշարժով աջ ազդոսկրի վզիկի փակ կոտրվածք ունեցող կնոջ վիրահատությունը բարեհաջող է անցել: Առաջին հայացքից անհավանական է, բայց փաստ, որ անգամ այս պատկառելի տարիքում իրեն հաջողվել է դիմակայել առողջական լուրջ խնդրին և մասնագետների ջանքերով ոտքի կանգնել: Հիվանդասենյակում Սիլվարդ Ատաջյանը այցելուների պակաս չի զգում: Շրջապաված ընտանիքի անդամների սիրով ու հոգատարությամբ` նա սպասում է շուտափույթ ապաքինմանը և տուն վերադարձին:
«Տատիկն իսկապես դիմացկուն է, պինդ: Հինգ տարի առաջ ձախ ոտքի վնասվածք էր ստացել, տեղադրվել էր մետղական կոնստրուկցիա, սակայն մարմնի ողջ ծանրությունն ընկել էր աջ ոտքի վրա, որը փաստորեն չէր դիմացել և տարիներ անց կոտրվել էր»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում պատմեց ականատեսի թոռը՝ Արշավիր Աղաջանյանը:
Տարեց կինը հետվիրահատական բարդություններ չունի: Նա ցանկանում է օր առաջ տուն վերադառնալ: Անհամբեր սպասում է, թե երբ է հերթկան անգամ հայացք նետելու սեփական տան բակին, ուր հատկապես տարվա տաք ամիսներին աճում են իր ձեռքերով տնկած և խնամվող ծառերն ու ծաղիկները:
Ականատես-վերապրողի վիրահատությունը ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ կատարվել է պետական պատվերի շրջանակում: Հանձնաժողովային կարգով որոշում կայացվեց աջակցել և պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում կատարել վիրահատությունը:
Սիլվարդ Ատաջյանը «Արմենպրես» լրատվական գործակալության` Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ իրականացող«Ականատեսը»հատուկ նախագծիհերոսուհին է , որի մասին ակնարկը հրապարակվել էր դեռևս 2013 թվականի մայիսին:
«1915 թվականին քույրս, մայրս և տատիկս բարձրացանք Մուսա լեռը:Ես այդ ժամանակ երեք տարեկան էի: Հայրս եւ հորեղբայրս զինվորներ էին: Հայրս կարգադրեց մորս վերցնել մեզ եւ բարձրանալ լեռը»,- անգամ հիվանդանոցում պատասխանելով հետաքրքրվողների «ծնունդով որտեղից եք» հարցին` մեջբերում է նախանձելի հիշողություն ունեցող Սիլվարդը` երբեմն երբեմն վերհուշն ընդհատելով արցունքներով:
Երևանաբնակ ականատեսը Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» հանրահայտ վեպում ծավալվող իրադարձությունների եզակի կենդանի վկաներից է: Նրա ընտանիքը Կիլիկյան Սուեդիայի շրջանի այն հայության թվում էր, որը 1915 թվականին մասնակցել էր թուրքական ջարդարարների դեմ մղված հերոսական պայքարին: Երբ տեղի թուրքական իշխանությունները փորձել են իրականացնել հայության տարհանման հրամանը, հայերը որոշել են դիմադրություն ցույց տալ` բարձրանալով Մուսա լեռ, որտեղ եւ կազմակերպել են ինքնապաշտպանական մարտեր` 53 օր շարունակ հաջողությամբ հետ մղելով թուրքական զորքերի հարձակումները: