«Ականատեսը». Արեգնազ Գրիգորյանը խանձարուրով մարագում այրվելուց փրկվել է հորեղբոր կյանքի գնով
8 րոպեի ընթերցում
ԲԱԳԱՐԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաքս գետի ափին` Թուրքիային սահմանակից Բագարան գյուղում է կյանքի գերակշիռ մասը` ուրախ և տխուր տարիներն անցկացրել 100-ամյա Արեգնազ Գրիգորյանը: Հայ-թուրքական սահմանին դեմ առ դեմ բնակվելը միակ բանը չէ, որ Հայոց ցեղասպանության ականատես-վերապրածին հիշեցնում է հարևան երկրի մասին. սահմանի այն կողմից լսվող նամազի ձայնն ականջներում փորձում է խլացնել ամենօրյա աղոթքով: Մեր պատմության հերոսուհին ծնվել է 1915 թվականին Կարսի նահանգի Ալամ գյուղում: Ծննդավայրում նա թողել է ոչ միայն հոր հարստությունը, այլև կորցրած հարազատներին: «Ես ծնվել եմ Ալամում: Ես քյոռփա եմ եղել: Այս պատմություններն ինձ մայրս է պատմել: Պատմություններն իմ մտքում են մնացել»,- ընտանիքի պատումը մեզ է փոխանցում Արեգնազ Գրիգորյանը:
Նրա ծնողներն ունեցել են երեք երեխա` մեկ տղա և երկու աղջիկ: Տեղահանության ժամանակ նա երեք-չորս ամսական բալուլի երեխա էր, ում ցանկացել են գցել մեծ մարագը վառելու համար: Հորեղբայրը փորձել է փրկել նրան, սակայն թուրքերը սպանել են հորեղբորը: Հայրը կարողացել է գողանալ բալուլն ու փախցնել մի թուրք ծանոթի օգնությամբ:
«Տանը սեղան են դրել, որ հաց ուտեն, թուրքերը հորս հանել են դուրս, մտել են տուն տատիս ու պապիս սպանել: Ժողովուրդը խառնվել է: Ամենքն իր ապրանքը վերցրել, տարել-պահել է հողամասի մեջ, որ կարող է հետ դառնան»,- շարունակում է նա:
Երբ թուրքերը ներխուժել են իրենց փոքրիկ գյուղ, կոտորել են գրեթե բոլորին: Արեգնազի ընտանիքի անդամներից շատերը` հորեբայրները, տատիկը ու պապիկը նույնպես, դարձել են սպանդի զոհը: Արեգնազին պատմել են, որ տատին ու պապին թուրքերը սպանում են` հորեղբոր դին հողին հանձնելու համար: «Ջարդել են թուրքերը հայերին...»,- ծանր հոգոցով նշում է մեր պատումի հերոսը:
Արեգնազի ծնողները որոշում են իրենց զավակների Վարսենիկի, Մկրտիչի և Արեգնազի հետ կռիվը սկսելուն պես բռնել գաղթի ճամփան: Մեկ տարի հաստատվում են Կարսում, այնուհետև շարժվում դեպի Արևելյան Հայաստան: «Ժողովրդի մեծ մասը փախել է Ղարս: Տեսել են արդեն կռիվը սկսվում է, խառնվել են իրար»,- մեջբերում է Հայոց ցեղասպանության հասակակիցը:
Լավ է հիշում, որ հայրը` Պողոսը, ջարդերի ժամանակ ընտանիքի ունեցվածքը` երկու կճուճ ոսկին թաղել է հողամասում պատի տակ` հույս ունենալով, որ մի օր իրենք կվերադառնան տուն:
Այսօր էլ Արեգնազը հոր հարստությունը վերադարձնելու հույսը չի կորցնում: Հորդորում է աղջկան` ոսկիները հետ պահանջելու նպատակով նամակ ուղարկել Թուրքիա` «գրասենյակ»: Հայաստան գալով` ընտանիքը հաստատվել է Ախուրյան գետի ձախ ափին Անիպեմզա գյուղում: Թուրքային մոտ լինելով` հայրը թաքուն հույս է փայփայել, որ մի օր կրկին կվերադառնա պատմական հայրենիք:
Տարիներ հետո ականատես-վերապրածն ամուսնացել է այն ժամանակ Միրզախան անունը կրող այժմյան Բագարան գյուղում, ունեցել երկու երեխա, սակայն 1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմում զոհվել է ամուսինը, իսկ երկու մանկահասակ երեխաները մահացել են կարմրուկից:
Շուրջ տասը տարի անց Արեգնազն ամուսնացել է երկրորդ անգամ և լույս աշխարհ բերել հինգ երեխա` երեք տղա և երկու աղջիկ: Ամուսինը` Փայլակը, ով ամուրի էր այդ ժամանակ արդեն չորս երեխաների հայր էր: Այսպիսով մեր պատմության հերոսուհին` միաժամանակ ինը երեխաների մայր է դառնում և կարողանում հոգատարության և աշխատասիրության շնորհիվ ոտքի կանգնացնել ընտանիքը` չնայած դժվարություններին:
Ողջ կյանքում Հայոց ցեղասպանության ականատես-վերապրածը, ինչպես բնորոշ է տեղի բնակչությունը, զբաղվել է այգեգործությամբ և անասնապահությամբ։ Նա ընտանիքի անդամների գնահատմամբ` մշտապես օգնության է հասել հարազատներին, հոգ տարել յուրաքանչյուրի մասին: Արեգնազի մարդկային լավ հատկանիշների մասին է վկայում նաև անսահման հյուրասիրությունը, որը վայելելու հնարավորություն է ընձեռվում տուն այցելող ծանոթ-անծանոթներին:
Արեգնազի ժպտերես դեմքը չի անմահացել որևէ լուսանկարում: Նա ոչնչացրել է իր լուսանկարների արխիվը: Արեգնազն ունի 13 թոռ և 8 ծոռ: Այժմ ողջ են նրա երեխաներից միայն երկուսը: Իր ծնողները նույնպես երկարակյացներ են եղել: Մայրը ապրել է 105, հայրը` 110 տարի:
Պատմության հերոսուհու հետ հանդիպումը մեզ համար առավել քան սպասված էր: Նախագծի ստեղծագործական խմբի` նրան գտնելու փորձերը դեռևս երկու տարի առաջ չէին հաջողել, քանի որ նա փոխել էր բնակության մշտական հասցեն (Էջմիածնի շրջանի Բաղրամյան գյուղից տեղափոխվել էր Բագարան` դստեր մոտ): Հունիսի 1-ը` Արեգնազ Գրիգորյանի 100-ամյա տարեդարձը, սպասված իրադարձություն էր ընտանիքի համար, որին մասնակցել է նաև մարզի ղեկավարությունը:
Արեգնազի դուստրը` Շողիկը, պատմում է, որ մայրիկի ոգևորությունն այնքան մեծ էր, որ անցնող դարձողներին ճանապարհելու գործընթացը հանգուցալուծվել էր ոտքը կոտրելով: Տարեց կինն ամիսներ անց ապաքինվել է, բայց ոսկրերի ցավը դեռ վերջնականապաես չի անցել, տեղաշարժվում է հենակներով:
Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց՝ 2005 թվականից շնորհվող՝ Հանրապետության Նախագահի մրցանակին այս տարի արժանացել են ցեղասպանությունը վերապրած հայ կանայք: Նրանց 2015թ. գարնանը փոխանցվել էր մեկական միլիոն դրամ: Արեգնազ տատիկի համաձայնությամբ նրա փեսան` Ասլանը, այդ գումարն օգտագործել է շինարարական նպատակներով` տան ներսում հարմարավետ լոգարան կառուցելու համար:
Աղջիկը պատմում է, որ մի քանի ամիս առաջ իրենց գյուղ այցելած մի թուրք լրագրող ցանկություն է հայտնել հանդիպելու Արեգնազի տատիկին: Անծանոթին ցեղասպանության հասակակիցն ընդունում է հարգանքով:
Արմավիրի մարզի ամենատարեց բնակչուհիներից մեկը «Արմենպրես»-ի ստեղծագործական խմբի հետ զրույցի ավարտին ցանկություն է հայտնում սեփական աչքերով հավաստիանալ, որ լուսանկարները լավ են ստացվել: Ի նշան հավանության իր տարիքին ոչ այնքան բնորոշ երիտասարդական ոճով բութ մատը վերև պարզելով կարճ նկատում է. «Շատ պարզ նկարներ են»:
Ողջ ընթացքում նրա կյանքի դաժան իրադարձությունների վերհուշն ընդհատվում էր նաև կատակով և ժպիտով, իսկ իր համար օրվա սննդակարգի կարևոր մաս կազմող մեկ բաժակ սուրճը վայելելու ընթացքում Արեգնազ տատիկը որոշում է կիսվել կյանքի շուրջ իր մտորումներով` մաղթելով հայ ժողովրդին խաղաղություն և բարեկեցություն: