Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Ականատեսը». 101-ամյա մուսալեռցի Ազատ Սուլուկյանը պատմում է հորից փոխանցված շերամագործության գաղտնիքների մասին

«Ականատեսը». 101-ամյա մուսալեռցի Ազատ Սուլուկյանը պատմում է հորից 
փոխանցված շերամագործության գաղտնիքների մասին

«Արմենպրես»-ի «Ականատեսը» հատուկ նախագիծը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ շարունակում է ներկայացնել վերապրածների կյանքի պատմությունները: Նախագծի այս շաբաթվա պատմությունը 101-ամյա Ազատ Սուլուկյանի մասին է, ում հիշողությունները ամուր կապված են Մուսա լեռան հետ:

ԵՐԵՎԱՆ, 25 ԵՐԵՎԱՆ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 101-ամյա Ազատ Սուլուկյանին Երեւանի Նոր-Արեշ փողոցում բոլորն են ճանաչում եւ առանձնակի հարգանք տածում: Նրա սիրված զբաղմունքը նարդի խաղալն է. այժմ նա ստիպված է խաղալ միայն թոռնիկի` Վահեի հետ, քանի որ  ընկերները մահացել են...:

Ազատի սպիտակ մազերի սակավությունը հնարավորություն չի տալիս առաջին հայացքից  գուշակել պատկառելի տարիքը, թեեւ աչքերի խորությունը արտահայտում է կյանքի անցած դժվարին ուղին:

«Ես մուսալեռցի եմ, ծնվել եմ Մուսա լեռան շրջակայքում գտնվող հայկական Բիթիաս գյուղում: Մեր ընտանիքը մնացել է հայրենիքում մինչեւ 1939 թվականը, հետո գաղթել ենք  Լիբանան»,- պատմում է ցեղասպանության ականատեսը:

Պատմական տեղեկանք

Իրադարձությունը, որի պատճառով մուսալեռցիներին ճանաչեց ողջ աշխարհը, տեղի ունեցավ արյունալի 1915թ., երբ սկսեց իրականացվել հայերին ոչնչացնելու թուրքական ծրագիրը: Երիտթուրքերի կառավարությունը հայերին հրամայեց լքել իրենց հողերը, սակայն Մուսա լեռի բնակիչները, անտեսելով կարգադրությունը, որոշեցին բարձրանալ լեռան գագաթը եւ ինքնապաշտպանություն կազմակերպել: Չորս տարբեր բնակատեղիներում հաստատված ժողովուրդը կենտրոնացավ փրկության միակ ճանապարհի՝ ծովի դիմաց գտնվող Տամլաճըգում: Ըմբոստ գյուղացիները չէին կարող հուսալիորեն պաշտպանել իրենց ավելի քան 115 քառակուսի կիլոմետր ընդգրկող լեռնային տարածքը, եւ կազմավորվեց երեք հարվածային խումբ, որոնց հրամանատարներն էին Եսայի Յաղուբյանը, Պետրոս Տմլաքյանը եւ Պետրոս Տուտագլյանը: Շուրջ 4,300 մուսալեռցիներ 53 օր շարունակ կատաղի կերպով դիմակայեցին թուրքական ջոկատներին: Սովը, ծարավը, անդադար անձրեւները չկոտրեցին հայոց ոգին. նրանք պար էին բռնում անգամ զուռնայի ու դհոլի հնչյունների ներքո, որպեսզի չսառչեն եւ բարձր պահեն հոգու արիությունը: Մուսալեռցիները շուտով զինվորական նավեր նկատեցին, իրենց հերթին ֆրանսիացի նավաստիները լեռան գագաթին տեսան ծածանվող ասեղնագործ մի դրոշ հետեւյալ բառերով` «Քրիստոնյաները վտանգի մեջ են. օգնություն»: Ֆրանսիական եւ բրիտանական նավերը 4200 մարդ տեղափոխեցին Մուսա լեռից Պորտ-Սայիդ, Եգիպտոս: Առաջին համաշխարհային պատերազմից հետո հայերին թույլ տրվեց վերադառնալ հայրենիք, սակայն 1939թ. այդ տարածքը կցվեց Թուրքիային, և նրանք ստիպված` երկրորդ և վերջին անգամ հեռացան հայրենի վայրերից: Շատերը բնակություն հաստատեցին Լիբանանում, Այնճար գյուղում, իսկ մնացածը ապաստան գտան Հայաստանում` հիմնելով Մուսալեռ գյուղը:

Ինքնապաշտպանական մարտերում Սուլուկյանների ընտանիքը զոհեր չի ունեցել: Ազատը հիշում է, որ ինը հոգուց բաղկացած ընտանիքը ոտքով է ուղերեւորվել Լիբանան` մինչ այդ մոտ երկու ամիս անցկացնելով Այնճար գյուղում:

«Ճանապարհը երկար էր, ջուր չկար, օրական 10-15 հոգի մարդ էր մահանում: Մենք ինը հոգով էինք հայրս, մայրս, չորս եղբայրներս, երկու քույրերս եւ ես»,- նշում է Ազատը:

Նա հիշում է, թե ինչպես էր հայրը` Հակոբը, Մուսա լեռում զբաղվել շերամագործությամբ եւ  հետագայում հաջողությամբ շարունակել իր գործունեությունը նաեւ Հայաստանում: Հոր` շերամագործության մասին գիտելիքները փոխանցվել են նաեւ իրեն, սակայն ինքը հետագայում ընտրել է շինարարի զբաղմունքը:

 

Պատմական տեղեկանք

Մետաքսագործությունը Հայաստանում ամուր պատմական արմատներ ունի: Համաձայն հին պատմիչների արձանագրության` մետաքսի արդյունահանումը տարածվել է Անդրկովկասում մասնավորապես Հայաստանում Կենտրոնական Ասիայից մ.թ. 5-6-րդ դդ.: Պատմիչները հայկական մետաքսի որակը գովասանքի բարձր գնահատականի են արժանացրել, քանի որ հայկական բոժոժները բարձրորակ էին և ձեռքով կծկված թելը ամենաբարձրարժեքն էր: Հայկական մետաքսը առանձնանում էր նաեւ իր գույներով: Դեռ այն ժամանակ Հայաստանի Դվին եւ Արտաշատ քաղաքներում արտադրվում էր թանկարժեք ներկը որդան կարմիրը (cochineal Margarodidae ընտանիքին պատկանող միջատ է (լատ. Porphyrophora hamelii/Homoptera, Coccidae): Նրանով բուրդ եւ մետաքս էին ներկում և այս գործվածքները արտահանվում էին Եվրոպա «kirmiz» անվան տակ (միջատի անունով): 1 կգ մետաքսաթել ստանալու համար հարկավոր է 5500 բոժոժ: Սկզբում դրանք դնում են եռման ջրի մեջ (որպեսզի թրթուրները ոչնչանան), ապա թելի ծայրն ամրացնում են պտտվող կոճին եւ փաթաթում: Որպեսզի թելն ամուր լինի, մի քանի բոժոժի թելերը միացնում են իրար, ապա փաթաթում: Այնուհետեւ մանածագործական հաստոցի վրա թելը վերածվում է մետաքսի, որը հետո նկարազարդվում ու ներկվում է:


«Թթենու տերեւները մետաքսի թրթուռի սնունդ են հանդիսանում, հայրս համոզված էր, որ լավ մետաքս ստանալու համար թթենու տերեւները պետք է լայն եւ մեծ լինեն»,- մետաքսագործության գաղտնիքների մասին է կիսվում պատմության հերոսը` ավելացնելով, որ հորը տասնամյակներ առաջ անգամ պարգեւատրել են որպես հմուտ շերամագործի:

Լիբանանից հետո 1946 թվականին նրանց ընտանիքը գալիս է Հայաստան` Ալավերդի, եւ բնակություն հաստատում այնտեղ: Ազատը 1955 թվականին ամուսնանում է, ունենում երկու երեխա:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրին` Ազատ Սուլուկյան հույս  է հայտնում, որ այն վաղ թե ուշ կճանաչվի: Թուրքերին առանձնակի դրականորեն չի վերաբերվում, սակայն օբյեկտիվորեն նշում է, որ անգամ հանդիպել է  թուրքերի, ովքեր հայ երեխաներ են խնամել:

«Աղվեսի վատն էլ կա, լավն էլ կա, անտառը առանց աղվեսի չի լինում»,- հավելում է Ազատը, ով Սուլուկյանների ընտանիքում միակ երկարակյացը չէ. նրա մայրը մահացել է 103 տարեկանում:  

 Տարիներ անց մեծ է եղել Մուսա լեռը եւս մեկ անգամ տեսնելու ցանկությունը, որը չի իրականացել, փոխարենը նա մի քանի տարի առաջ այցելել է Լիբանան:

 

Հեղինակ Տաթեւիկ Գրիգորյան

Լուսանկարները` Սամվել Բերքիբեքյանի   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]