Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

«Արարատ 73»-40 տարի անց. Լեւոն Իշտոյան

«Արարատ 73»-40 տարի անց. Լեւոն Իշտոյան

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊԵՍ: «Արարատ 73»-ի «օրվա հերոսը» Լեւոն Իշտոյանն է: Նրա ձախ ոտքի մեկ հարվածը փոխեց հայկական ֆուտբոլի ամբողջ պատմության ընթացքը: Հենց այդ հարվածն էր, որ երկրպագուներին ստիպեց նորից հավատալ հրաշքի, եւ նորից աղոթել «հաղթանակի Աստծուն»: 40 տարի անց Լեւոն Իշտոյանն իրենց նվաճումները սխրանք է համարում, որն էլ հերոսացրեց թիմին: «Արմենպրես»-ը շարունակում է ներկայացնել հայկական ֆուտբոլի դեռեւս միակ լուսավոր էջի` «Արարատ 73»-ի հաղթանակների մանրամասները:

Պատմում է Լեւոն Իշտոյանը

Ծնվել է 1947 թվականին: Հարձակվող: Սպորտի վարպետ: ՍՍՀՄ ֆուտբոլի «Ա» խմբի առաջնության բարձրագույն լիգայում հանդես է եկել Երեւանի «Արարատ»-ի կազմում 1968 թվականից: 1971 թվականին ՍՍՀՄ առաջնության արծաթե մեդալակիր: 1973 թվականին երկրի գավաթակիր եւ ՍՍՀՄ առաջնության ոսկե մեդալակիր: 1971 եւ 1973 թվականներին ընդգրկվել է երկրի 33 լավագույն ֆուտբոլիստների կազմում: Հանդես է եկել ՍՍՀՄ երիտասարդական, օլիմպիական եւ ազգային հավաքականներում: Պարգեւատրվել է ՀՍՍՀ գերագույն պատվոգրով: Մասնակցել է 148 խաղի, խփել 27 գնդակ: 

-Ինչպես Լեւոն Իշտոյանը դարձավ ֆուտբոլիստ:

-9 տարեկան էի: Այն ժամանակ «Շիրակ» թիմում կար Բախտիկ Մովսիսյան ղեկավար: Նա որբանոցում էր մեծացել: Ինքն անցնում էր Գյումրու փողոցներով, նայում էր երեխաների խաղը եւ նրանց տանում էր թիմի պատանեկանում խաղալու: Այդպես մտա «Շիրակ» թիմ: 17 տարեկանում արդեն հիմնական կազմում էի խաղում: «Արարատ»-ի հետ ընկերական հանդիպման ժամանակ թիմի գլխավոր մարզիչ Արտյոմ Ֆալյանը մեզ տարավ «Արարատ»: «Շիրակ»-ից ենք ես, Հովհաննես Զանազանյանը, Արկադի Անդրիասյանը, դարպասապահ Նորայր Դեմիրճյանը:

-Դաշտում  էլ էիք «ծո»-ով խոսում:

-Այո, գյումրեցին անգլերենն էլ է «ծո»-ով խոսում: Բայց մի որոշ ժամանակ անց արդեն «էրէվնցու» նման էինք խոսում:

-Դուք գավաթի խաղարկության եզրափակչում հերոսացաք: Ձախ ոտքի հարվածից հետո: Իրականում Դուք ձախլիկ եք:

-Ոչ, պարզապես երկու ոտքով էլ հավասարապես խաղում եմ: Մանկության տարիներին երկու ոտքով պատերին այնքան ենք գոլ խփել, որ երկու ոտքերս էլ հավասարապես նույն ուժն ունեն: Այդ պահին ձախ ոտքով հարվածեցի, քանի որ հարմար էր ձախը: Խաղի վերջին րոպեն էր, Անդրիասյանը գնդակը փոխանցեց Ղազարյանին: Կոլյայի հարվածը դարպասապահը հետ մղեց, ես հասա գնդակին, բայց առջեւս Ռեժկոն էր կանգնած, եթե աջով խփեի, նա կընդուներ գնդակը, արագ կողմնորոշվեցի, գնդակը գցեցի ձախ ոտքիս թաթին եւ մինչ Ռեժկոն կկողմնորոշվեր, ես արդեն ձախով գրավել էի դարպասը:

Եվ տրվեց լրացուցիչ ժամանակ: Մենք այդ ժամանակ էլ կհաղթեինք, եթե Նորիկի խփած գնդակը հայտնվեր ցանցում, նրանց փրկեց դարպասաձողը: Երեւի կրկին ես պետք է խփեի հաղթական գնդակը: Այդպես էլ եղավ: Հիմա հիշում եմ, թե ինչպես էի վազում ամբողջ մարզադաշտով: Մեր թիմի տղաները վազում էին հետեւիցս, առանց գավաթի մի պատվո շրջան վազեցի: Հիմա էլ կարծես «Լուժնիկի»-ում տարածված են հաղթական գոչյունները: Անկեղծ ասած, ռուսներն էլ էին մեզ երկրպագում: Այդ ժամանակ մտածում էինք, թե ինչպես են հիմա ուրախանում Հայաստանում: Խաղից հետո չեկանք Երեւան, այլ գնացինք Դոնեցկ` «Շախտյոր»-ի հետ խաղալու:

 

-«Արարատ 73»-ը այսօր կարծես վերնագիր լինի: Այդ թվականին նվաճեցիք եւ ԽՍՀՄ գավաթը, եւ առաջնության չեմպիոնի կոչումը: Ինչի հետ եք կապում մեկ տարում այդպիսի մեծ հաջողությունը:     

-Այդ թվականին ոչ միայն գավաթն ու չեմպիոնությունն ենք վերցրել, բազմաթիվ այլ մրցանակներ ստացանք, որոնք սահմանվել էին տարբեր կազմակերպությունների կողմից: Ասեմ, որ այստեղ իր մեծ գործն արեց Նիկիտա Սիմոնյանի ներկայությունը: Չնայած ինքն համեստորեն ասում էր, որ մեր թիմը լավ հիմքերի վրա էր դրաված, միեւնույնն է նա մեզ համար եւ մարզիչ էր, եւ ընկեր էր, եւ խորհրդատու էր: Գավաթը նվաճելուց հետո մենք թույլ խաղալու իրավունք չունեինք: Իսկ Բարձրագույն լիգայում ամենաշատ միավորները մենք ունեինք: Այնպես որ, ԽՍՀՄ 35-րդ առաջնությունը մեզ համար շատ հաջողակ եղավ:

-40 տարի պատկերացնում էիք, որ հերոսություն եք արել, որ հայ ժողովուրդը այսպես երանությամբ եւ հպարտությամբ է հիշելու:    

-Իհարկե, ոչ: Այդ ժամանակ այդպես չէինք մտածում: Իսկ երբ վերադարձանք Երեւան, այն ինչ տեսանք, հասկացանք, որ հաղթող ենք, եւ այդպիսի ընդունելությունը մեր հաղթանակի շարունակությունն էր: Օդանավակայանից մինչեւ Երեւան փողոցներում սեղաններ էին դրված: Ամբողջ Հայաստանը եկել էր մեզ դիմավորելու: Մեզ չթողեցին տուն գնանք, քանի որ բոլորիս շենքերը շրջապատված էին ֆուտբոլասերներով: Տարան Ձորաղբյուրի մեր մարզաբազա: Հետո էլ սկսվեցին կառավարական եւ աշխատավորական հանդիպումները, մեծարումները: Հիմա խոսելիս նորից հուզվում եմ: Ափսոս, որ այն ժամանակ տեխնիկան այսքան զարգացած չէր, ու քիչ են պահպանված կենդանի կադրերը:

Այո, հիմա էլ նույն կարծիքին եմ, որ հերոսանալու համար պետք է սխրանք գործես: Սպորտում սխրանքը չեմպիոնի դառնալն է: Ուզում ես, որ քեզ հիշեն, ուրեմն չեմպիոն դարձիր:

-Եթե այսօր մարզադաշտում լինեիք, ապա ինչպիսին կլիներ Լեւոն Իշտոյանը: 

-Նախ արագությունս կփոխեի: Այսօրվա ֆուտբոլում շատ արագ ընթացք է հարկավոր: Եվ հենց արագությունն էլ հաղթում է: Չեմ ասում, թե մենք դանդաղ էինք շարժվում դաշտում:  Բայց խաղերն այսօր նայելով` ես տեսնում եմ տարբերությունը, չեմ ասում թե դա թերություն է: Այն ժամանակ մենք միայն ԽՍՀՄ շրջանակներում էինք խաղում, քիչ էինք շփվում աշխարհի ֆուտբոլիստների հետ: Իսկ հանդիպումների ժամանակ ոչ միայն խաղում ես, այլ նաեւ` սովորում:

-Հիմա էլ ասում են, թե խաղերը վաճառում են, գնում: Այդպիսի բան պատկերացնում էիք այն ժամանակ:

- Չէ, մենք նույնիսկ չէինք էլ պատկերացնում, թե այդպիսի բան կարող էր լինել: Դաշտ ես մտել հաղթելու համար, ուրեմն պետք է լավ խաղաս: Այդպես էինք մտածում բոլորս: Կամ սպորտում ինչ-որ խթանիչներից են խոսում, մենք գաղափար էլ չունեինք, որ այդպիսի բաներ կան: Առողջ էինք, մեր թերությունը ոչ բարձրահասակ լինելն էր: Մեզ մոտ «երկրորդ հարկի» խաղը չէր ստացվում: Բայց գլխով էլ գոլեր ենք խփել: Մենք համոզվել էինք, որ գեղեցիկ է ստացվում կարճ փոխանցումներով խաղը:

Այսօր էլ խորհուրդ կտամ հայկական ֆուտբոլը այդ տակտիկայով տանել: Եվ շատ-շատ մարզվել:    

 

Լեւոն Իշտոյանի հուշերը երախտագիտությամբ գրի առավ Վարվառա Հայրապետյանը 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]