Երուսաղեմի ասպետների վաշտի ներկայացուցիչը Կ. Կարապետյանին փոխգործակցության առաջարկ է ներկայացրել
ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է Երուսաղեմի ասպետների վաշտի ներկայացուցիչների հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Վաշտի' Հունաստանի գլխավոր հրամանատար Պողոս Չոլակյանը, պատմելով իրենց կազմակերպության կողմից իրականացվող մարդասիրական ծրագրերի մասին, Երեւանի քաղաքապետին փոխգործակցության առաջարկ է ներկայացրել:
Կարեն Կարապետյանն իր հերթին ներկայացրել է հիմնական այն ոլորտները, որոնց շրջանակում Երեւանը պատրաստ է համագործակցության, առանձնացնելով մասնավորապես «Հին Երեւան» անվանումով խոշոր քաղաքաշինական ներդրումային ծրագիրը, ինչպես նաեւ Էրեբունի արգելոց - թանգարանի վերակառուցման բիզնես նախագիծը: «Քաղաքի վերակառուցման, քաղաքային տնտեսության արդիականացման առումով մենք շատ բաց ենք եւ պատրաստ ցանկացած օժանդակության»,-նշել է քաղաքապետը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար' հյուրերը Երեւանի քաղաքապետին են հանձնել առաջին դասի եւ ասպետների ընկերոջ խաչեր:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում