ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի նետաձգության ֆեդերացիան մտադիր է նետաձգության միջազգային ֆեդերացիա հայտ ներկայացնել' Հայաստանում 2013-2014 թվականներին մեծահասակների նետաձգության աշխարհի առաջնության եւ աշխարհի գավաթի մրցաշար անցկացնելու վերաբերյալ:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայաստանի նետաձգության ֆեդերացիայի փոխնախագահ, ՀՀ նետաձգության ազգային հավաքանի գլխավոր մարզիչ Բորիս Վասիլյանը: Նա նշեց, որ 2012 թվականի նետաձգության միջազգային մրցումներն արդեն բաշխված են, եւ դա է պատճառը, որ ՀՀ նետաձգության ֆեդերացիան որոշել է հաջորդ տարիների մրցումների հայտ ներկայացնել:
Բ. Վասիլյանն ասաց, որ 2010-2011թթ. անընդմեջ եվրոպական մրցումներ անցկացնելուց հետո Հայաստանի նետաձգության ֆեդերացիան ցանկացած միջազգային մրցաշարի անցկացման համար համապատասխան փորձ ունի: