Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Հայաստանի թանգարանները 2023-ին 1 մլն 228 հազար 155 այցելու են հյուրընկալել. փոխնախարարը ներկայացրել է ոլորտի ձեռքբերումները

Հայաստանի թանգարանները 2023-ին 1 մլն 228 հազար 155 այցելու են 
հյուրընկալել. փոխնախարարը ներկայացրել է ոլորտի ձեռքբերումները

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի թանգարանները  2023 թվականին 1 մլն 228 հազար 155 այցելու են հյուրընկալել, թանգարանային ֆոնդը կազմել է 1 մլն 996 հազար 934 ցուցանմուշ, կազմակերպվել է 270 ժամանակավոր ցուցահանդես, իրականացվել է 2 հազար 736 գիտակրթական ծրագիր, 699 թանգարանային միջոցառում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Թանգարանների միջազգային օրվան նվիրված մամուլի ասուլիսին ասաց ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանն ու հիշեցրեց, որ միջազգային օրը, որը նշվում է մայիսի 18-ին, կրում է «Թանգարաններ, կրթություն և հետազոտություն» խորագիրը: Ըստ Քոչարյանի՝ այն համահունչ է նախարարության տեսլականին՝ թանգարանները բեռնաթափել վարչական աշխատանքներից և ավելի շատ ուշադրություն դարձնել կրթական ծրագրերին:

«2024-ի առաջին եռամսյակում արդեն ունենք 161 հազար 725 այցելու, իրականացրել ենք 52 ժամանակավոր ցուցահանդես, 411 գիտակրթական ծրագիր և 70 թանգարանային միջոցառում»,-նշեց փոխնախարարը:

Նա յուրահատուկ համարեց առաջիկայում կազմակերպվող երկու ցուցադրություն, որոնցից են Ռուսական  արվեստի թանգարանի ժամանակավոր ցուցադրությունը, որը հունիսին կբացվի Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում և Անահիտ աստվածուհու բրոնզե կիսանդրու և ձեռքի ցուցադրությունը, որը կբացվի սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմության թանգարանում վեց ամիս ժամկետով:

«Կարծում եմ՝ միջազգային համագործակցությունը և  նման ծրագրերը չափազանց կարևոր են մեր թանգարանների համար, և մենք թանգարաններին խրախուսում ու աջակցում ենք նաև այդ հարցում»,-շեշտեց Քոչարյանը:

Փոխնախարարն անդրադարձավ նաև իրավական փաստաթղթերին ու հիշեցրեց, որ 2024-ին ընդունվեց «Թանգարանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, որով առաջին անգամ անկախ Հայաստանի պատմության մեջ թանգարանների ոլորտն ունեցել է հիմնարար մայր օրենք։ «Թանգարանների մասին» ՀՀ օրենքում թանգարանային կրթության բաղադրիչն ամրագրված է որպես պարտադիր գործառույթ։

Կարևոր բարեփոխումներ են տեղի ունեցել թանգարանների կառավարման ոլորտում: Ստեղծվել է «Մշակույթի զարգացման» հիմնադրամը, որի գործունեությունը միտված է նպաստելու թանգարանների կրթական ներուժի զարգացմանը, կրթական և հետազոտական առաքելության արժևորմանը:

Ալֆրեդ Քոչարյանը հիշեցրեց, որ Նիկողայոս Ադոնցի անվան Սիսիանի պատմության թանգարանն ու Հրազդանի երկրագիտական թանգարանը դարձել են Հայաստանի պատմության թանգարանի մաս:

2023-ին իրականացրել են նաև միասնական տոմսային համակարգի ներդրման առաջին փուլը՝ ծրագրային մասը: Հույս ունեն, որ սեպտեմբերին հնարավոր կլինի լիարժեք օգտագործել այդ համակարգը:

2023-ին վերանայել են տոմսերի գնային քաղաքականությունը և այժմ մինչև 12 տարեկան բոլոր երեխաները թանգարաններ են այցելում անվճար:

Խոսելով կապիտալ գույքային հագեցվածության մասին՝ նա ասաց, որ նախարարության ենթակայությամբ գործող թանգարաններն համալրվել են նոր գույքով, բոլորին տրամադրվել են համակարգիչներ, վերականգնվել է 2009 թվականից դադարեցված թանգարանային ֆոնդի համալրման գործընթացը:

Կահավորվել է Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոնը: Այն ստեղծվելուց ի վեր ունեցել է լաբորատոր մաս, որի սարքավորումները գնել են 2023 թվականին:

Հայաստանի ազգային պատկերասրահի ցուցասրահների կապիտալ վերանորոգմանն է ուղղվել շուրջ 213 մլն դրամ, վերանորոգվել են Մինաս Ավետիսյանի և Գևորգ Գրիգորյանի թանգարանները, մեկնարկել են Հովհաննես Թումանյանի թանգարանի  վերանորոգման շինարարական աշխատանքները, Սարդարապատի հուշահամալիր, հայոց ազգագրության և ազատագրական պայքարի ազգային թանգարանի կաթսայատունն է վերազինվել, Մատենադարանի համար գնել են օդափոխության համակարգ, Չարենցի տուն-թանգարանի ջեռուցման հարցն է լուծվել, Շարամբեյանի թանգարանի շենքի սանհանգույցներն են նորոգվել, Ռուսական արվեստի թանգարանի դուռն ու պատուհաններն են փոխվել, Գեղագիտության ազգային թանգարանի շքամուտքի վերանորոգման աշխատանքներն են սկսվել, սրահները ևս նորոգվում են, Զաքար Խաչատրյանի և Արտաշես Հովսեփյանի տուն-թանգարանի մասնաճյուղի շենքի ցանկապատում են իրականացրել, տարածքի բարեկարգում, սակայն աշխատանքները շարունակվում են, Երվանդ Քոչարի և Ալեքսանդր Սպենդիարյանի թանգարանների համար գնել են գույք, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի համար տեսահսկման համակարգեր են ձեռք բերել:

Աշխատանքները շարունակական են լինելու:

Կատարված աշխատանքները ներկայացնելուց հետո Ալֆրեդ Քոչարյանը պատվոգրեր հանձնեց թանգարանային ոլորտում գործունեություն իրականացնող մի խումբ մասնագետների:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am