Քաղաքականություն

Միրզոյանը կառուցողական է գնահատել Ալմաթիում Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպումը

2 րոպեի ընթերցում

Միրզոյանը կառուցողական է գնահատել Ալմաթիում Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ Ալմաթիում տեղի ունեցած հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ նման գնահատական տվեց Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Մեր վերջին բանակցություններն ադրբեջանական կողմի հետ ընթացել են կառուցողական մթնոլորտում: Իմ գնահատականն ամբողջապես արտացոլված է կողմերի բանակցությունների արդյունքում տարածված համատեղ մամուլի հաղորդագրության մեջ: Եվ այս պահին ավելին ասելու ո՛չ հիմք կա, ո՛չ էլ դրա նպատակահարմարությունը կա: Գործընթացը շարունակվում է, շարունակվում է այն սկզբունքների հունով և սկզբունքներին համահունչ, որոնք մենք հանրահռչակել ենք բազմիցս»,- ասաց նա:

Ղազախստանի Ալմաթի քաղաքում մայիսի 10-11-ին տեղի էին ունեցել Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի Հանրապետության ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի բանակցությունները:

Նախարարները ողջունել են սահմանազատման հարցում առաջընթացը և այդ ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները: Նախարարները և նրանց պատվիրակությունները շարունակել են «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ» երկկողմ համաձայնագրի նախագծի շուրջ քննարկումները: Կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում