Միջազգային

Մոսկվայի դատարանը ահաբեկչության 4 կասկածյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը

1 րոպեի ընթերցում

Մոսկվայի դատարանը ահաբեկչության 4 կասկածյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մոսկվայի Բասմանիի շրջանային դատարանը «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչությունն իրագործող 4 կասկածյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը 1 ամիս 28 օրով՝ մինչև մայիսի 22-ը։

Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով դատարանի հրապարակած տեղեկությունները Telegram-ում։

Բոլոր 4 կասկածյալները մեղադրվում են ահաբեկչություն իրականացնելու մեջ։ Նրանք Տաջիկստանի քաղաքացիներ են, որոնք ապրում են Ռուսաստանում։ Ըստ դատարանի հրապարակած տեղեկությունների՝ նրանցից երկուսն իրենց մեղավոր են ճանաչել։

Մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 137-ի, 182 մարդ վիրավոր է։ Զոհերի թվում կա Հայաստանի 1 քաղաքացի։ Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։

«Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչությունն ամենամահաբերն է Ռուսաստանի տարածքում 2004 թվականին Բեսլանի ահաբեկչական հարձակումից հետո, երբ սեպտեմբերի 1-ին ահաբեկիչները գրավել էին քաղաքի դպրոցներից մեկը՝ պատանդ վերցնելով 1100-ից ավելի մարդու։ Ահաբեկչության հետևանքով զոհվել է 333 մարդ, որոնց մեծ մասը՝ երեխաներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում