Երևանում՝ 11:07,   24 Փետրվար 2024

Վրաստանի դերը Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման համատեքստում

Վրաստանի դերը Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման 
համատեքստում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի անկախացումից ի վեր Վրաստանի հետ հարաբերություններն էական դերակատարություն են ունեցել Հայաստանի համար։ Առաջին հերթին դա պայմանավորված էր հայ-ադրբեջանական հակամարտության պայմաններում  Ադրբեջանի և Թուրքիայի հետ փակ սահմանների առկայությամբ, որը Վրաստանը Հայաստանի համար դարձրել էր արտաքին աշխարհի հետ կապ հաստատելու հիմնական ուղին։ Էներգետիկ սուր ճգնաժամի պայմաններում ռուսական գազը Հայաստան էր գալիս Վրաստանի տարածքով կառուցված գազամուղով, Հայաստանից արտահանվող և Հայաստան ներմուծվող ապրանքների մեծ մասը անցնում էին Բաթումիի և Փոթիի նավահանգիստներով, Հայաստանի արտահանման հիմնական շուկայի՝ Ռուսաստանի հետ ևս Հայաստանը կապվում էր Վրաստանի տարածքով։ Ադրբեջանի հետ պատերազմի և Թուրքիայի կողմից Հայաստանի հանդեպ իրականացվող թշնամական քաղաքականության պայմաններում Վրաստանի բարեկամական դիրքորոշումը, ինչպես նաև հայ – վրացական հարաբերություններում խորը կնճիռների բացակայությունը ևս դրական հիմք էին ստեղծում երկկողմ կապերի զարգացման համար։ Վերջին քսան տարիների ընթացքում Վրաստանը Հայաստանի բնակչության մի մասի համար սկսել էր վերածվել արտագնա տուրիզմի մատչելի տարբերակի, որը ևս նպաստում էր երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացմանը։

Մինչ այժմ երկկողմ քաղաքական հարաբերությունները գտնվում են համեմատաբար ցածր մակարդակի վրա։ Ադրբեջանի և Թուրքիայի հետ Վրաստանի ռազմավարական հարաբերությունները, ինչպես նաև ռուս-վրացական հակամարտությունը սահմանափակումներ են ստեղծում երկկողմ քաղաքական հարաբերությունների զարգացման համար։ Վրաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը և Լեռնային Ղարաբաղի խնդրում Ադրբեջանի դիրքորոշմանը ցուցաբերվող աջակցությունը ևս որոշակի խնդիրներ են ստեղծում հայ-վրացական հարաբերություններում։ 

2008 թ. ռուս-վրացական պատերազմից հետո Հայաստանի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության չճանաչումը, ինչպես նաև 2009 թ. նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն օտարերկրացիների համար նախատեսված Հայաստանի ամենաբարձր պարգևի շնորհումը որոշակի դրական իմպուլս հաղորդեցին երկկողմ քաղաքական հարաբերություններին, սակայն դրանք շարունակում էին մնալ ցածր մակարդակի վրա։

2020 թ. ղարաբաղյան պատերազմը, 2023 թ. Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բռնազավթումը ու Լեռնային Ղարաբաղի հայերի բռնի տեղահանությունը աշխարհաքաղաքական նոր իրավիճակ են ձևավորել Հարավային Կովկասում։ Ռուս-ուկրաինական պատերազմի և Ռուսաստան – Արևմուտք հակամարտության պայմաններում Հայաստանը կանգնած է արտաքին քաղաքականության վերագնահատման և դիվերսիֆիկացման հրամայականի առջև։ Ադրբեջանի ղեկավարության կողմից հնչող ռազմատենչ հայտարարությունները, Հայաստանի տարածքների շարունակվող օկուպացիան, Հայաստանի տարածքով Ադրբեջանը Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը կապող արտատարածքային միջանցքի տրամադրման  պահանջը լրջագույն անվտանգային մարտահրավերներ են ստեղծում Հայաստանի համար, իսկ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի գրավումը էականորեն դժվարացրել է հատկապես Հայաստանի հարավային շրջանների պաշտպանությունը։ 

Ստեղծված իրավիճակում Վրաստանի հետ քաղաքական հարաբերությունների վերանայումը պետք է դառնա Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման կարևոր ուղղություններից մեկը։ Հայաստանը պետք է վերջ դնի Վրաստանը զուտ որպես արտաքին աշխարհին կապող տարանցիկ երթուղի դիտարկելու մտայնությանը։ Վրաստանը պետք է ընկալել որպես Հարավային Կովկասում ձևավորվող աշխարհաքաղաքական բալանսի կարևոր բաղկացուցիչ, որի դիրքորոշումը էական ազդեցություն ունի տարածաշրջանի աշխարհաքաղաքական զարգացումների վրա։ 

Անհրաժեշտ է Վրաստանին ներկայացնել Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական ապագայի Հայաստանի տեսլականը՝ հենված տարածաշրջանում հեգեմոն պետության ձևավորման բացառման սկզբունքի վրա։ Չնայած Ադրբեջանի և Թուրքիայի հետ ռազմավարական համագործակցությանը՝ Վրաստանը շահագրգռված չէ Ադրբեջանի՝ Հարավային Կովկասում հեգեմոն պետություն դառնալու հեռանկարում։ Հաշվի առնելով Վրաստանում աստիճանաբար ուժեղացող Ադրբեջանի և Թուրքիայի տնտեսական ազդեցությունը, որը կարող է վերաճել նաև քաղաքական ազդեցության, Վրաստանում ավելի քան 250.000-անոց ադրբեջանական համայնքի առկայությունը, ինչպես նաև վրաց-ադրբեջանական հարաբերություններում առկա կնճիռները, առաջին հերթին սահմանազատման և սահմանագծման գործընթացում՝ Ադրբեջանի հեգեմոն ձգտումները զսպելու խնդրում Հայաստանի և Վրաստանի շահերը կարող են համընկնել։ Բացի տարածաշրջանում հեգեմոն պետության ձևավորման բացառումը, Հայաստանը Վրաստանին պետք է ներկայացնի տարածաշրջանային համագործակցության սեփական տեսլականը, որը հենվում է բոլոր պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգման վրա՝ ներառյալ հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը։ 

Հարավային Կովկասում հաղորդակցության ուղիների ապաշրջափակման համատեքստում էական նշանակություն ունի Հայաստանի առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, որը Հայաստանի վարչապետը ներկայացրել է 2023 թ. հոկտեմբերին Թբիլիսիում կայացած «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովի ընթացքում։  Այն ենթադրում է տարածաշրջանի կերպափոխում կայունության և բարեկեցության հաստատմամբ։ Այս համատեքստում հարկ է նշել, որ Հայաստանն ինտենսիվ զարգացող հարաբերություններ ունի ԲՐԻԿՍ-ի (BRICS) անդամ պետություններ Իրանի, Հնդկաստանի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Եգիպտոսի հետ և շարունակում է մնալ Ռուսաստանի դաշնակիցը, իսկ Վրաստանը 2023 թ. ռազմավարական համագործակցության համաձայնագիր է ստորագրել ԲՐԻԿՍ-ի անդամ Չինաստանի հետ և ստացել է Եվրամիության անդամ պետության թեկնածուի կարգավիճակ։ 

Հայաստանը և Վրաստանը կարող են աջակցել միմյանց ԵՄ-ի և ԲՐԻԿՍ-ի հետ հարաբերությունների զարգացման ոլորտում՝ երկարաժամկետ հեռանկարում դիտարկելով Հարավային Կովկասը Եվրոպա – Ասիա համագործակցության և հաղորդակցության հարթակ վերածելու հնարավորությունը։ Վրաստանն ակտիվորեն ներգրավված է «Միջին միջանցքի» ձևավորման նախագծում, որը Չինաստանը կապում է Եվրոպայի հետ Ղազախստանի, Կասպից Ծովի և Հարավային Կովկասի տարածքով։ Հայաստանը 2024 թ. սկզբին սկզբունքային համաձայնության է հասել Հնդկաստանի և Իրանի հետ՝ Հնդկաստանից Հայաստան իրանական Չաբահար նավահանգստի միջոցով բեռնափոխադրումներ իրականացնելու հարցում։ Վրաստանում Անակլիա նավահանգստի կառուցման նախագծի հաշվառմամբ երկարաժամկետ հեռանկարում Հայաստանն ու Վրաստանը կարող են դառնալ Հնդկաստանը Իրանի տարածքով Եվրոպային կապող այլընտրանքային երթուղու մաս։ 

Վրաստանին ԵՄ անդամ պետության թեկնածուի կարգավիճակի շնորհումը ևս միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում էական ազդեցություն կունենա Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական բալանսի վրա։ Նույն դիտարկումը կարելի է անել նաև Իրանի՝ ԲՐԻԿՍ-ին անդամակցության համատեքստում, որով ԲՐԻԿՍ-ը Հարավային Կովկասին սահմանակից է դարձել նաև հարավից։ Հաշվի առնելով ռուս-վրացական հարաբերություններում առկա կնճիռները, որոնք սահմանափակում են Վրաստանի հնարավորությունները Ռուսաստանի հետ ցամաքային սահմանի առկայությունն օգտագործել ԲՐԻԿՍ-ի հետ համագործակցության խորացման նպատակով, պաշտոնական Երևանը կարող է Վրաստանին առաջարկել օգտագործել Հայաստանը որպես հարթակ՝ ԲՐԻԿՍ-ի հետ շփումների խորացման համար։ 

Միևնույն ժամանակ Հայաստանը պետք է ինտենսիվորեն ուսումնասիրի արտաքին քաղաքականությունը դիվերսիֆիկացնելու Վրաստանի փորձը։ Վերջին երկու տարիների ընթացքում Վրաստանը ռազմավարական համագործակցություն է հաստատել Չինաստանի հետ, ստացել է ԵՄ անդամ պետության թեկնածուի կարգավիճակ, շարունակում է ինտենսիվ համագործակցությունը ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ, և միևնույն ժամանակ խորացնում է տնտեսական կապերը Ռուսաստանի հետ՝ հրաժարվելով վերջինիս նկատմամբ տնտեսական պատժամիջոցների սահմանումից։ 

Փաստացի Վրաստանին հաջողվել է բարելավել հարաբերությունները Արևմուտք – Ռուսաստան – Չինաստան եռանկյունու բոլոր կողմերի հետ՝ չնայած Ռուսաստան – Արևմուտք հակամարտությանը և աստիճանաբար սրվող Արևմուտք – Չինաստան մրցակցությանը։ Վրաստանի փորձը վկայում է, որ հնարավոր է դիվերսիֆիկացնել արտաքին քաղաքականությունն առանց գլոբալ խաղացողներից որևէ մեկի հետ հարաբերությունների կտրուկ վատթարացման և հակառուսական, հակաչինական կամ հակաարևմտյան դիրքորոշման որդեգրման։ 

Սա չափազանց կարևոր է Հայաստանի համար, որը սկսել է արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիան, փորձում է խորացնել կապերը ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հետ, նոր մակարդակի բերել հարաբերությունները Հնդկաստանի ու արաբական աշխարհի հետ,  և միևնույն ժամանակ խուսափել Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացումից։

Հայաստանն ու Վրաստանը երկկողմ հարաբերություններում որակական փոփոխության հասնելու հնարավորություն ունեն. եկել է անցյալի կարծրատիպերը մի կողմ դնելու և տարածաշրջանային անվտանգության նոր ճարտարապետության կառուցման գործում համատեղ քայլեր ձեռնարկելու ժամանակը՝ ի բարօրություն հայ և վրաց ժողովուրդների։

 Բենիամին Պողոսյան, ԱՊՐԻ Արմենիայի ավագ գիտաշխատող

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]