Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

Իրանը հարվածել է Պակիստանում մի քանի թիրախների․ Իսլամաբադը հայտնել է 2 երեխայի զոհվելու մասին

Իրանը հարվածել է Պակիստանում մի քանի թիրախների․ Իսլամաբադը հայտնել է 2 
երեխայի զոհվելու մասին

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պակիստանը հայտարարել է, որ Իրանը խախտել է իր օդային տարածքը, որի հետևանքով 2 երեխա է զոհվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Պակիստանի արտգործնախարարության հաղորդագրությունը։

Իսլամաբադը նախազգուշացրել է, որ այս միջադեպը կարող է «լուրջ հետևանքներ ունենալ» և «բոլորովին անընդունելի է»։

Իր հերթին իրանական Tasnim գործակալությունը հայտնել է, որ Թեհրանը հունվարի 16-ին հարվածներ է հասցրել և ոչնչացրել Պակիստանում գտնվող «Ջաիշ ալ Ադլ» ահաբեկչական խմբավորման երկու առանցքային հենակետեր։

«Այս հենակետերը կոնկրետ թիրախավորվել և հաջողությամբ ոչնչացվել են հրթիռների և անօդաչու թռչող սարքերի հարձակումների միջոցով», - նշում է գործակալությունը։

Tasnim-ը նաև հավելելում է, որ հարվածները հասցվել են Պակիստանի Բելուջիստանի նահանգում, որտեղ կենտրոնացած են ահաբեկչական խմբավորման մեծ թվով զինյալներ։

Պակիստանի հայտարարության մեջ չի նշվում, թե ո՛ր նահանգում են իրականացվել հարվածները։ Իսլամաբադում Իրանի դիվանագիտական առաքելության ղեկավարը կանչվել է Պակիստանի արտաքին գործերի նախարարություն։

«Ջաիշ ալ Ադլ» ահաբեկչական խմբավորումը 2023 թ․ դեկտեմբերին Իրանի Ռասակ քաղաքում հարձակվել էր ոստիկանության բաժանմունքի վրա՝ սպանելով 11 իրավապահի։

Ավելի վաղ Իրանը հայտնել էր, որ հարվածներ է հասցրել նաև Իրաքյան Քուրդիստանում Իսրայելի հետախուզության՝ «Մոսադ»-ի շտաբին՝ դա պատճառաբանելով հակաահաբեկչական խմբերի և ցանցերի դեմ գործողություններով։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել էր, որ հարվածներ է հասցրել նաև «լրտեսական մի շարք կենտրոնների և հակաիրանական ահաբեկչական խմբերի հավաքատեղիների տարածաշրջանի տարբեր մասերում, այդ թվում՝ Սիրիայում»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am