Podcast-Հարց բժշկին. երիկամի միջմաշկային բիոպսիան երիկամային խնդիրների ճիշտ ախտորոշման ամենաարդյունավետ մեթոդներից մեկն է
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երիկամները բավականին հետաքրքիր և կարևոր կենսական օրգաններ են և երիկամի կառուցվածքաֆունկցիոնալ ամենակարևոր միավորը նեֆրոնն է: Յուրաքանչյուր երիկամում կա մինչև մեկ ու կես միլիոն նեֆրոն, և հենց այդ նեֆրոնները կատարում են երիկամային բոլոր ֆունկցիաները, դրանց քանակի փոփոխությունը հանգեցնում է լուրջ խնդիրների:
Երիկամները հիմնական արտազատական ֆունկցիայի հետ միասին կատարում են նաև ներզատական ֆունկցիա։ Նրանց կողմից սինթեզվում և արյան մեջ են անցնում հորմոնային բոլոր հատկություններով օժտված մի շարք ֆիզիոլոգիապես ակտիվ նյութեր` էրիթրոպոետիև, կալցիտրիոլ և ռենին:
Օրգանիզմում երիկամների ֆունկցիաների, դրանց դերի, մի շարք հիվանդությունների և երիկամի միջմաշկային բիոպսիայի մասին«Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական հաղորդմանշրջանակում մանրամասնում է ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի բժիշկ-նեֆրոլոգ Մանյա Տիրացույան-Քարամյանը:
Մասնագետը նշեց, որ կան երիկամային սուր և խրոնիկ հիվադություններ՝ որոնք տարբեր են:
«Սուր երիկամային խնդիրները կարող են լինել դարձելի և մասնակի դարձելի, իսկ խրոնիկ երիկամային հիվանդությունները վերջնական փուլերում բերում են անդարձելի փոփոխությունների, այսինքն՝ կորցնում են այն նեֆրոնների քանակը, որքան ի սկզբանե ունի յուրաքանչյուր մարդ: Դրանից հետո զարգանում են անդարձելի փոփոխություններ, ինչի շնորհիվ երիկամային ֆունկցիան հնարավոր չէ վերականգնել և հարց է առաջանում երիկամափոխարինող թերապիայի: Դրանք են հեմոդիալիզը և Peritoneal դիալիզը, որոնց միջոցով փոխարինում ենք երիկամի գրեթե բոլոր ֆունկցիաները»,- ասաց նեֆրոլոգը:
Խոսելով երիկամային խնդիրների հայտնաբերման և ճիշտ ախտորոշման մեթոդներից, մասնագետը նշեց, որ ամենաարդյունավետ մեթոդներից է երիկամի բիոպսիան: Ըստ նրա՝ երիկամի բիոպսիան միջամտություն է, որի ժամանակ երիկամից վերցվում է մեկ կամ մի քանի նմուշ և ուղարկվում է հյուսվածքաբանական հետազոտության՝ երիկամի հիվանդության ճշգրիտ ախտորոշման նպատակով:
«Երիկամի բիոպսիայի կատարման անհրաժեշտություն առաջանում է, երբ մարդու մոտ լինում է շարունակական արյունամիզություն, մեզի մեջ մեծ քանակությամբ սպիտակուցների առկայություն (պրոտեինուրիա), ախտորոշվում է երիկամների հիվանդություններ, որոնց ժամանակ արյան մեջ բարձրանում է նյութափոխանակության արգասիքների մակարդակը (օր.՝ կրեատինին) և երիկամի գոյացության ժամանակ՝ բնույթը որոշելու նպատակով»,- ասաց նա:
Նեֆրոլոգը նշեց, որ երիկամի բիոպսիայի կատարման նպատակն է ախտորոշել երիկամի հիվանդությունը, որն այլ մեթոդներով հնարավոր չի լինում ախտորոշել, այն օգնում է կազմել բուժման պլանը, որոշել, թե ինչքան արագ է զարգանում երիկամի հիվանդությունը, գնահատել երիկամի բուժման արդյունավետությունը և հսկել փոխպատվաստված երիկամի աշխատանքը, կամ գտնել երիկամի չգործելու պատճառը:
«Երիկամի բիոպսիան կատարվում է սեդատիվ կամ ընդհանուր անզգայացման ներքո: Ուլտրաձայնային սարքի հսկողության ներքո երիկամից շատ փոքր ասեղի օգնությամբ երիկամից վերցվում են կտորներ: Միջամտությունը տևում է մոտ 15 րոպե, որից հետո հիվանդը մի քանի ժամ մնում է կլինիկայում՝ բժշկի հսկողության տակ»,- ասաց մասնագետը:
Նա ընդգծեց, որը այս միջամտությունը Հայաստանում իրականացվում է շատ քիչ կլինիկաներում, իսկ այժմ այն հասանելի է նաև ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում:
Երիկամային հիվանդությունների, բուժման մեթոդների և երիկամի բիոպսիայի մասին մանրամասն տեղեկատվություն ստանալու և մասնագետի կողմից առաջարկվող լուծումներին ավելի մանրամասն ծանոթանալու համար առաջարկում ենք լսել փոդքաստը:
ԳայանեԳաբոյան
Լսեք նաև այլ թեմաներովPodcast-ները