Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Իրավիճակը ծայրահեղ ծանր է, պետք է հրատապ լուծում գտնել․ Շվեյցարիայի ներկայացուցիչը՝ ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի մասին

Իրավիճակը ծայրահեղ ծանր է, պետք է հրատապ լուծում գտնել․ Շվեյցարիայի 
ներկայացուցիչը՝ ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի մասին

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Շվեյցարիան անհրաժեշտ է համարում գտնել հրատապ լուծում Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը կանխելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում այս մասին ասել է Շվեյցարիայի ներկայացուցիչը։

«Ուզում ենք ընդգծել տարածաշրջանում մարդասիրական վիճակի վատթարացումը և Լաչինի միջանցքի բացման կարևորությունը։ Կանայք, երեխաները և տարեցները, որոնք բախվում են սննամթերքի և դեղամիջոցների պակասին, կանգնած են գոյատևման վտանգի առջև։ Անհրաժեշտ է հատկապես ամենախոցելի խմբերին ապահովել սննդամթերքի և դեղամիջոցների հասանելիությունը։ Իրավիճակը ծայրահեղ ծանր է, պետք է լուծվի անհապաղ։ Բացի դրանից, կենսականորեն կարևոր է ապահովել քաղաքացիների, առանցքային նշանակություն ունեցող ապրանքների տեղաշարժը»,- նշել է ՄԱԿ-ի ԱԽ-ում Շվեյցարիայի ներկայացուցիչը։

Շվեյցարիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին հավատարիմ մնալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած իրենց հանձնառություններին, ինչպես նաև՝ Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշմանը, որով Ադրբեջանը պետք է ձեռնարկի բոլոր հնարավոր միջոցները Լաչինի միջանցքով ապահովելու երկու ուղղություններով անխոչընդոտ ապրանքների, բեռների և մարդկանց տեղաշարժը։

«Ընդգծենք նաև, որ պետք է ապահովել անխոչընդոտ մուտքը մարդասիրական գործունեություն իրականացնող կազմակերպությունների համար, ինչպես որ պահանջվում է մարդասիրական միջազգային իրավունքով։ Կոչ ենք անում գտնել հումանիտար կոնսենսուս, որպեսզի մարդասիրական օգնությունը հասնի այն բնակչությանը, որը ունի դրա կարիքը։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն պետք է վերականգնի իր գործունեությունը տարածաշրջանում՝ առանց խոչընդոտների։

Կոչ ենք անում կողմերին ձեռնարկել լարվածության թուլացման ուղղված միջոցառումներ և ջանքեր գործադրել հարաբերությունների նորմալացման և խաղաղության պայմանագրի կնքման համար։ Շվեյցարիան հանձառու է այս ջանքերը առաջ մղել բարեխղճությամբ, եթե երկու կողմերը հետաքրքրված են դրանով։ Շվեյցարիան հանձառու է իր ուժերի սահմաններում ապահովելու մարդասիրական ճգնաժամի զարգացման հետագա կանխումը»,- ընդգծել է ՄԱԿ-ի ԱԽ-ում Շվեյցարիայի ներկայացուցիչը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am