Տնտեսություն

ԵԱՏՄ տարածքում ՀՀ քաղաքացիների կողմից էլեկտրոնային առևտուր անելու դեպքում ԱԱՀ-ն կհաշվարկվի և կվճարվի Հայաստանում

2 րոպեի ընթերցում

ԵԱՏՄ տարածքում ՀՀ քաղաքացիների կողմից էլեկտրոնային առևտուր անելու դեպքում ԱԱՀ-ն կհաշվարկվի և կվճարվի Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց կառավարության ներկայացրած օրենքի նախագծին, որով սահմանվում է՝ եթե ԵԱՏՄ շրջանակում Հայաստանի ռեզիդենտ ֆիզիկական անձինք էլեկտրոնային հարթակի միջոցով ձեռք բերեն ապրանք, ԱԱՀ-ն կհաշվարկվի և կվճարվի Հայաստանի Հանրապետությունում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:

«Նախագծերի փաթեթով առաջինը ներդնում ենք էլեկտրոնային առևտրի կանոնակարգումները: Էլեկտրոնային հարթակից դեպի ֆիզիկական անձանց ապրանքի օտարումը հարկվում է, ԱԱՀ-ն հաշվարկում և վճարվում է սպառման երկրի կանոններով: Այսինքն՝ ԱԱՀ-ն առաջանում է այն երկրում, որտեղ ֆիզիկական անձը ձեռք է բերել ապրանքը: Առաջարկում ենք, որ այն բոլոր դեպքերում, երբ մեր ռեզիդենտ ֆիզիկական անձինք են ձեռք բերում ապրանքները, ԱԱՀ-ն հաշվարկվի և վճարվի Հայաստանի Հանրապետությունում՝ անկախ նրանից ՀՀ-ում մշտական հաստատություն առկա է, թե ոչ»,-ասաց Բադասյանը:

Այս մասով պետբյուջեի եկամուտները կավելանան: Ըստ Բադասյանի՝ խոսքը նշանակալի գումարի մասին է, որն այսօր շրջանցում է պետբյուջեն:

Հովիկ Աղազարյանը հետաքրքրվեց՝ ֆիզիկական ա՞նձն է մուծելու ավելացված արժեքի հարկը: ՊԵԿ նախագահն ասաց, որ էլեկտրոնային հարթակը: Ընդ որում, սա վերաբերվում է ԵԱՏՄ-ում իրականացվող առևտրին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում