Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի թեկնածուն խոստացել է օգնել ադրբեջանցի զինծառայողների իրականացրած ռազմական հանցագործությունները փաստագրելու հարցում

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի թեկնածուն խոստացել է օգնել ադրբեջանցի զինծառայողների 
իրականացրած ռազմական հանցագործությունները փաստագրելու հարցում

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը հայտարարել է, որ այլ երկրներում ԱՄՆ դեսպանները, հատկապես նրանք, ովքեր գտնվում են հակամարտությունների գոտում, պետք է հետամուտ լինեն ճշմարտությանը, որպեսզի իրենք՝ որպես քաղաքականություն իրականացնողներ, կարողանան որոշել՝ ինչ անել այդ ճշմարտության հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մենենդեսը հայտարարել է դեսպանների թեկնածուների հաստատման հարցով լսումների ժամանակ:

Մենենդեսը բարձրացրել է ադրբեջանցիների կողմից հայ ռազմագերիների խոշտանգումների և սպանությունների հարցը: Որպես պատասխանող կողմ նախ հանդես է եկել Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, ով այժմ ՌԴ-ում ԱՄՆ դեսպանի թեկնածուն է:

Թրեյսին նշել է, որ հայ կին զինծառայողի մարմինը պղծելու տեսանյութը դիտելուց հետո կապվել է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի հետ: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ստուգել է այդ և այլ տեսանյութերի իսկությունը:  

«Այժմ մեր նպատակն է պատասխանատվության ենթարկել դա իրագործողներին… Մենք այդ մասին զեկուցել ենք պետքարտուղարությանը», - ասել է Լին Թրեյսին:

Բոբ Մենենդեսը շեշտել է, որ պատճառ չունի վիճարկելու նշված տեսանյութերը:

«Մեր դեսպանները, հատկապես նրանք, ովքեր գտնվում են հակամարտությունների գոտում, պետք է հետամուտ լինեն ճշմարտությանը, որպեսզի մենք՝ որպես քաղաքականություն իրականացնողներ, կարողանանք որոշել՝ ինչ անել այդ ճշմարտության հետ», - ասել է Մենենդեսը՝ շեշտելով, որ եթե չկա պատասխանատվություն, չկա արդարադատություն:

Լսումների ընթացքում Մենենդեսը հարցեր է ուղղել նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանի թեկնածու Քրիստինա Քվիենին: Նա դարձյալ հիշեցրել է ադրբեջանցի զինվորների կողմից հայ ռազմագերիների սպանությունների և խոշտանգումների, ինչպես նաև այլ ռազմական հանցագործությունների մասին՝ հարց ուղղելով՝ արդյոք դեսպանի թեկնածուն կառաջնորդի դեսպանատան ջանքերը՝ փաստագրելու ադրբեջանական վերջին ագրեսիայի ժամանակ հայերի դեմ իրականացված ենթադրյալ վայրագությունները:

«Ես տեսել եմ սեպտեմբերի այդ սարսափելի տեսանյութերից մի քանիսը և կանեմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի օգնեմ փաստագրել դրանք, եթե հայկական կողմը դիմի», - պատասխանել է Քվիենը:

Ի պատասխան՝ Մենենդեսը նշել է, որ չի ցանկանում, որ հայկական կողմը դիմի, հարկավոր է, որ ամերիկյան կողմն ակտիվություն դրսևորի այս հարցում:

«Մենք պետք է իմանանք՝ արդյոք ադրբեջանցիներն իրականացնում են այդ գործողությունները, որպեսզի կարողանանք վճիռ կայացնել՝ արդյոք «Ազատության աջակցման ակտի» 907-րդ լրացումից պետք է հրաժարվել, թե ոչ: Ես ուզում եմ՝ նշանակվի դեսպան, որն ակտիվ ներգրավմամբ կօգնի մեզ որոշել՝ արդյոք այս մահապատիժները, անդամահատումները, այլ գործողությունները ճիշտ ե՞ն, թե՞ ոչ, և կարողանա պետքարտուղարությանն ու այս հանձնաժողովին ասել՝ արդյոք դրանք ճիշտ ե՞ն, թե՞ ոչ, արդյոք դրանցից մի քանիսն են ճիշտ, որպեսզի մենք կարողանանք որոշում կայացնել», - ասել է Մենենդեսը:

Հայաստանում ԱՄՆ դեսպանի թեկնածուն պատասխանել է, որ նման հանցանքների համար մեղավորներին պատասխանատվության ենթարկելն իր համար շատ կարևոր է:

Իր հերթին, սենատոր Քրիս Վան Հոլլենը հայտնել է, որ ցանկացած բանակցություններում վստահելի կողմ լինելու համար հարկավոր է ագրեսիան անվանել ագրեսիա: «Անկախ լրատվական աղբյուրների կողմից շատ լավ փաստագրվել է, որ Ադրբեջանն է հարձակումներ սկսել, ինչպես նաև տարբեր տեսակի վայրագություններ իրականացրել», - ասել է Վան Հոլլենը:

Նա շեշտել է, որ ԱՄՆ-ի պետքարտուղարության ներկայացուցիչներին հարց է ուղղվել՝ արդյոք ԱՄՆ-ն որոշել է, թե ով է ագրեսորը, սակայն պատասխան չի եղել: «Ես հասկանում եմ միջնորդ լինելու կարևորությունը, սակայն հավաստի միջնորդ լինելու համար, իմ կարծիքով, առնվազն պետք է սկսել փաստերից և կարողանալ հանրության առաջ բարձրաձայնել դրանք: Դուք գնում եք շատ կարևոր մի երկիր, աշխարհի շատ կոնֆլիկտային հատվածում, և հույս ունեմ, որ կկարողանաք փաստերն իրենց անունով կոչել», - եզրափակել է սենատորը:

«Ազատության աջակցության ակտի» 907-րդ լրացումը, որն ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է 1992 թվականին, սահմանափակում է Ադրբեջանին տրամադրվող օգնությունը՝ նախատեսելով միայն մարդասիրական աջակցություն: Այն ենթադրում է, որ ԱՄՆ-ն Ադրբեջանի կառավարությանը չպետք է աջակցություն տրամադրի, քանի դեռ այդ երկիրը քայլեր չի ձեռնարկել Հայաստանի և Արցախի դեմ շրջափակումներն ու ուժի կիրառման տարբերակները վերացնելու ուղղությամբ:

2002թԿոնգրեսի կողմից 907-րդ լրացման մեջ կատարած ուղղմամբ թույլատրվում է նախագահի կողմից ակտի կասեցումը և ռազմական աջակցության տրամադրումն Ադրբեջանին:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]