Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Հայտնություն՝ թատերական տարածքում. Նարինե Գրիգորյանի «Գոմեշը» լավագույնն է համարվել միջազգային փառատոնում

Հայտնություն՝ թատերական տարածքում. Նարինե Գրիգորյանի «Գոմեշը» լավագույնն է  
համարվել միջազգային փառատոնում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի Բրեստ քաղաքում անցկացված «Բելայա վեժա» XXVI միջազգային փառատոնի շրջանակում ռեժիսոր, դերասանուհի, Համազգային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանի բեմադրությամբ «Գոմեշը» արժանացել է փորձագետների բարձր գնահատականին և մրցանակ ստացել «Լավագույն մոնոներկայացում» անվանակարգում:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Նարինե Գրիգորյանն ասում է՝ փառատոնը հագեցած և բազմաբովանդակ է եղել. ցուցադրվել են ինչպես մեծահասակների, այնպես էլ մանուկների համար ներկայացումներ: Հանդիսատեսը բեմադրությունները վայելելու հնարավորություն է ունեցել ոչ միայն թատրոններում, այլև բացօթյա հարթակներում:

«Հրանտ Մաթևոսյանի «Գոմեշը» խաղացել եմ հայերեն: Քննարկումների ընթացքում մասնագետները նշում էին, որ թատերական տարածքում այն ուղղակի հայտնություն է, ասում էին՝ ասես անտիկ թատրոն լինի իր ամենամաքուր դրսևորումներով, ասես հող ու ջրից դուրս եկած լինի: Շատ էին խոսում հայոց լեզվի մասին: Թատերասերները զգացել էին տեքստի գեղեցկությունն առանց այն հասկանալու, սակայն ծանոթ էին սյուժեին:  Այն, որ գոմեշն ուզում էր ամեն կերպ պահպանել իր տեսակն այս երկրի վրա, նրանց շատ էր հուզել: Այդ քննարկումից հետո շատ ոգևորված եմ և ուրախ»,-խոստովանում է Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ թատրոնն իր ակունքում է գեղեցիկ: «Թատրոնը լցնում ենք գեղեցիկ հագուստներով, դեկորներով, բայց թատրոնի հիմքում պետք է մաքրություն լինի: Երբ լսում էի մասնագետներին, մտածում էի՝ մի՞թե հասել եմ իմ սիրած թատրոնին, երբ լույսը չէ կարևորը, երբ խաղում ես, ու հանդիսատեսը քեզ հետ անցնում է այդ ճանապարհն ու մաքրագործվում»,-ընդգծում է դերասանուհին:

Գրիգորյանը փաստում է՝ արտերկրում հայ թատրոնն արդեն դրական կարծիք է ձևավորել: Հանդիսատեսը սպասում է ներկայացումներին և նշում, որ հայկական բեմադրությունները լավն են:

Առաջիկայում Գրիգորյանը պատրաստվում է մեկնել Գերմանիա՝ մասնակցելու  Հաննովեր քաղաքում կայանալիք թատերական փառատոնին: Բեմ է բարձրացնելու  «Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է» մոնոներկայացումը, որի գործողությունները տեղի են ունենում Արցախյան ազատամարտի տարիներին:

«Այդ փառատոնի հանդիսատեսը տիրապետում է ռուսերենին, ուստի խաղալու եմ ռուսերեն, որպեսզի նյութը մատչելի ու հասանելի լինի նրան: Ուզում եմ՝ ներկայացման միջոցով նրանք ևս իմանան մեր պատմությունը, Արցախյան պատերազմը տեսնեն մեր տեսանկյունից»,-շեշտում է Նարինե Գրիգորյանը:

Իսկ Չեխովի անվան թատերական միջազգային փառատոնին Համազգային թատրոնի «Փափլիկը» ներկայացման հաջողությունից հետո Գրիգորյանին առաջակել են բեմադրություն անել  Մոսկվայում՝ Տագանկայի թատրոնում: Ռեժիսորը Մոսկվա է մեկնելու հոկտեմբերին՝  նախապատրաստական աշխատանքների համար: Որոշել է բեմադրել Իվան Տուրգենևի «Մումու» ստեղծագործությունը: Առաջնախաղը կլինի մարտին:

Անդրադառնալով Համազգային թատրոնի շենքին, որի շինարարությունը դեռ շարունակվում է, Գրիգորյանն ասում է՝ հավանաբար այն թատրոնի երկրպագուների առաջ իր դռները կբացի գարնանը:

Անժելա Համբարձումյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am