Րաֆֆի Հովհաննիսյանը հուսով է, որ իրեն կթույլատրեն մուտք գործել Արցախ
ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը իր՝ Արցախ մուտք գործելու արգելքը համարում է մեկանգամյա թյուրիմացություն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում Հովհաննիսյանը նշեց, որ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որպես հայ մարդ իր բացառիկ իրավունքն է լինել Արցախի Հանրապետությունում:
«Ես թաքնվելու խնդիր չունեմ և սեպտեմբերի 1-ին ակնկալում եմ, որ Աղավնոն իր տեղում կլինի, միջանցքը իր տեղում կլինի և պատկան մարմինները՝ Արցախի Հանրապետության բարձրագույն իշխանությունը, ՌԴ խաղաղապահների հրամանատարությունը կվերականգնեն իմ բացառիկ իրավունքը»,- ասաց Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ ցանկանում է սեպտեմբերի 2-ին Արցախում մասնակցել անկախության տարեդարձին նվիրված միջոցառումներին:
ԱԳ առաջին արտգործնախարարը նշեց, որ հայ ժողովուրդը ապրում է աննախադեպ լարված և պատասխանատու ժամանակաշրջանում և համախմբման կոչ արեց՝ անկախ քաղաքական հայացքներից:
«Մենք այս շրջանում պետք է լինենք խիստ պատասխանատու, հաղթահարենք ներքին տարաձայնությունը, ցավը, բաժանումները և քաղաքական նոր լուծում գտնենք»,- ասաց Հովհաննիսյանը:
Ավելի վաղ «Ժառանգություն» կուսակցությունը հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ ՌԴ խաղաղապահ զորախմբի զինծառայողներն արգելել են Րաֆֆի Հովհաննիսյանի մուտքն Արցախ: Րաֆֆի Հովհաննիսյանը ցանկացել էր Արցախ մեկնել թոռան մկրտության արարողությանը մասնակցելու համար:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում