Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Բժշկագիտությունն ընտրած երիտասարդ հետազոտողի ուղին սկսվեց միջազգային օլիմպիադաներում հաղթանակներից․ 10 հարց գիտնականին

Բժշկագիտությունն ընտրած երիտասարդ հետազոտողի ուղին սկսվեց միջազգային 
օլիմպիադաներում հաղթանակներից․ 10  հարց գիտնականին

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քսաներկուամյա Համլետ Խաչատրյանը, ով «10 հարց գիտնականին» հարցազրույցների շարքի ամենաերիտասարդ մասնակիցն է, որոշել է խորացնել գիտելիքները բժշկագիտության ոլորտում։ Ուսմանը զուգահեռ Համլետն ընդգրկված է հիմնարար գիտական հետազոտություններում, աշխատում է մեծ հաջողություններ գրանցած Denovo Sciences ընկերությունում, ինչպես նաև սեփական գիտելիքահենք ստարտափում։ Համլետը համոզված է, որ գիտնականները սեփական նեղ մասնագիտացումից բացի պետք է զարգացնեն փափուկ հմտություններ, որոնք կօգնեն նրանց ճիշտ ներկայանալ ներդրողներին ու իրենց կիրառական գիտական արդյունքը վերածել մարդկանց կյանքը փոխող տեխնոլոգիաների։

 

Մի փոքր կպատմե՞ք Ձեր անցած ուղու մասին, որովհետև բավականին երիտասարդ եք, բայց արդեն հասցրել եք շատ հաջողությունների հասնել։

Ես Վանաձորից եմ, սովորել եմ Էվրիկա դպրոցում։ Գիտության մեջ առաջին քայլերս հենց այնտեղից է սկսվել, քանի որ ընդգրկված էի դպրոցի օլիմպիական խմբակում։ Մասնակցել եմ թե՛ հանրապետական, թե՛ միջազգային օլիմպիադաների։ Քիմիայի Հայաստանի օլիմպիական թիմի կազմում միջազգային օլիմպիադայում երեք անգամ մեդալակիր եմ դարձել: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել եմ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, այս պահին դեռ սովորում եմ։ Արդեն երեք տարի է՝ աշխատում եմ Երևանի պետական համալսարանի Ֆարմացիայի ինստիտուտում Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանի ղեկավարությամբ թիմում, զբաղվում ենք ոչ կենսաբանական ամինաթթուների սինթեզով, որը հեռանկարային ուղղություն է նոր դեղանյութերի հայտնաբերման ու կենսաինժեներիայի ոլորտներում։ Հետաքրքրված եմ նաև կիրառական գիտության հնարավորություններով. հաշվողական քիմիայի մասնագետ եմ Հայաստանի գիտության ու տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) ծրագրերից մեկի շրջանակում ստեղծված Denovo Sciences ընկերությունում, ինչպես նաև Foldink Life Science Technologies ստարտափի համահիմնադիրն ու գիտության գծով փոխտնօրենն եմ։

 

Ինչպե՞ս է սկսվել գիտությամբ զբաղվելու Ձեր ուղին։

Իմ գիտական գործունեությամբ զբաղվելուն նպաստել են ինչպես օլիմպիադաներին մասնակցությունն ու հաղթանակները, այնպես էլ ընտանիքի անդամներն ու ուսուցիչները։ Տատիկ-պապիկներս ֆիզիկոսներ, մաթեմատիկոսներ են, մայրիկս ևս ֆիզիկայի մասնագետ է․ նաև ընտանիքից է եկել գիտության հանդեպ սերը։ Ինչ վերաբերում է իմ դպրոցի ուսուցիչներին, ապա նրանք նաև Վանաձորի պետական մանկավարժական համալսարանի դասախոսներ էին ու դասերն ավելի շատ դասախոսության պես էին անցկացնում, մեզ այդ տարիքից համալսարանական մշակույթին էին ծանոթացնում։ Ընդհանրապես ես կարծում եմ, որ մեր բուհական համակարգում կրթության ու գիտության տարանջատումը շատ կտրուկ է, մինչդեռ մեկը մյուսին փոխլրացնում է։ Կա այդպիսի մոտեցում, որ դու ուսանող ես, ապա քո հիմնական զբաղմունքը գիշեր-ցերեկ սովորելն է։ Մինչդեռ գիտական գործունեությունը մեր ուսանողական միջավայրի անբաժանելի մասը պետք է լինի՝ իրականացնել հետազոտություններ, գրել գիտական հոդվածներ, մասնակցել համաժողովների, ձեռք բերել նոր համագործակցություններ ու դրանք ճիշտ օգտագործել։

 

Ո՞վ է եղել գիտնականը Ձեզ համար՝ հաշվի առնելով, որ ընտանիքում ունեցել եք բնագիտական ուղղվածության մասնագետների ներկայությունը։

Կարծում եմ՝ գիտնականի կերպարը շատ խեղաթյուրված է ավագ դպրոցի աշակերտների շրջանում, ինչը գալիս է այն պատկերացումներից, որ նրանք ստանում են տանը։ Ըստ այդ կարծրատիպերի՝ գիտնականը քիչ է վարձատրվում, ամեն օր նստած է լաբորատորիայում ու այլ անելիք չունի։ Ինձ մոտ գիտնականի կերպարը ձևավորվել է իմ ավագ ընկերների հետ քիմիայի օլիմպիական խմբակի շրջանակներում շփումներից։ Ներկայում նրանցից յուրաքանչյուրն էլ իր ոլորտի լավագույն մասնագետներից է։ Ինձ համար գիտնականն առաջին հերթին մտածող մարդն է։ Ցանկացած անհատ, ով ինչ-որ հարցի շուրջ կարողանում է խելամիտ դատողություններ անել, ունի նորը բացահայտելու ձգտում, գիտնական է ինձ համար։

 

Ո՞րն է Ձեզ ամենաշատ տպավորած բացահայտումը։

Իրականում գիտության մեջ շատ բաներ բացատրելի են։ Երբ նոր փաստ ես կարդում ու հասկանում, թե ինչն է ընկած դրա հիմքում, այն դադարում է քեզ համար զարմանալի թվալ։ Բայց ամենամեծ բացահայտումն ինձ համար Denovo Sciences-ի առաջարկած լուծումներն են։ Այն զրոյից ստեղծված ալգորիթմ է, որը կարողանում է գեներացնել մոլեկուլներ, որոնք պոտենցիալ դեղեր են։ Քսան-երեսուն տարի առաջ բոլորի մոտ զարմանք կառաջացներ այն, թե ինչպես կարող էին տարբեր ոլորտների գիտնականներ համախմբվել մի գաղափարի շուրջ ու ստեղծել նման ալգորիթմ։ Այսպիսի դեպքերում է, որ հասկանում ես՝ քո երկրի բարեկեցությունը կախված է ոչ թե նավթ ու գազ ունենալուց, այլ նման մարդկանցից, ովքեր հղանում են առաջադեմ մտքեր ու իրագործում դրանք։

 

Ինչպիսի՞ն են մարդկանց արձագանքները, երբ առաջին անգամ տեղեկանում են, թե ինչով եք զբաղվում։

Դրանք հիմնականում դրական են։ Բարեբախտաբար, ես հասցրել եմ ինձ այնպիսի մարդկանցով շրջապատել, ովքեր սրտացավ են ու ասում են թե դրականը, թե բացասականը։ Կարծիքները շատ տարբեր են, կան մարդիկ, ովքեր թերահավատորեն են վերաբերվում գիտության որոշ ճյուղերին, դրանք համարելով գիտաֆանտաստիկայի ժանրից։ Օրինակ, այն ստարտափը, որի համահիմնադիրներից եմ ես, նպատակ ունի 3D կենսատպագրության տեխնոլոգիայի միջոցով լաբորատորիաներում տպագրել տրանսպլանտ հյուսվածքներ ու դրանք փոխպատվաստել դրա կարիքն ունեցողներին։ Դա ևս գիտաֆանտաստիկ է թվում, ոլորտում որոշ քայլեր արդեն արվել են, դեռ որոշ գործողություններ էլ կպահանջվեն, որ պարզ դառնա այն հնարավո՞ր է, թե՞ ոչ։ Հենց սրանով պայմանավորված՝ շատերը սկեպտիկ են, ասում են՝ դժվար ստացվի, չարժի ժամանակ ծախսել, բայց նրանց կողքին կան մարդիկ, ովքեր ոգևորում են շարունակել սկսած աշխատանքը։ Շատ կարևոր է տարբեր կարծիքներ լսելը, որովհետև, ինչպես տվյալագիտության մեջ է անհրաժեշտ տվյալների բազմազանությունը, այնպես էլ կյանքում՝ եթե քո տվյալները քիչ լինեն, դու սխալ եզրակացություն կանես։

 

Կա՞ն գիտնականներ, ովքեր Ձեզ համար օրինակելի կերպար են:

2016 թվականին «Նոբելյան օրեր Երևանում» գիտական միջոցառման շրջանակում Հայաստանը Երևանի պետական բժշկական համալսարանի հրավերով ի թիվս այլ գիտնականների հյուրընկալել էր նաև նոբելյան մրցանակակիր Դեն Շեխտմանին։ Նա հայտնաբերել էր քվազի բյուրեղների կառուցվածքը, բայց իր պատմության մեջ դա չէր այնքան ոգևորիչ, որքան այն, որ նրա հայտնագործությանը ոչ ոք չէր հավատում, նման բան տեսությունը թույլ չէր տալիս։ Նրա դեմ էին դուրս եկել ազդեցիկ գիտնականներ, բայց ի վերջո Շեխտմանը կարողացել է հասնել իր նպատակին ու ապացուցել, որ իր դիտարկումները ճիշտ են։ Դա խոսում է ոչ միայն նրա լավ գիտնական լինելու, այլև մարդկային որակների, չհանձնվելու կարողության մասին։ Այս հատկանիշը, ըստ իս, պետք է բնորոշ լինի բոլոր մարդկանց սեփական հաջողությանը հասնելու ուղիները սահմանելու առումով։ Եթե մարդ չի կարողանում իր նպատակին հասնելը դարձնել հաջորդական քայլերի ամբողջություն, ապա դա այդպես էլ մնում է երազանք։ Կարևոր է նաև հաջողության հասած մարդկանց ուղին ուսումնասիրելն ու նրանցից սովորելը։

 

Կհիշե՞ք որևէ շրջադարձային պահ Ձեր կարիերայի կերտման գործում:

Որպես շրջադարձային պահ կնշեի հանրապետական ու միջազգային օլիմպիադաներին ու դեռևս իմ դպրոցական տարիներից «Այբ» հիմնադրամի կազմակերպած պատանի քիմիկոսների մրցաշարերին մասնակցությունս։ Ներկայում ես այդ մրցաշարում ժյուրիի անդամ եմ։ Օլիմպիադաներում մաքուր գիտության մեջ էի, գիտական խնդիրներ էինք լուծում, բայց «Այբ»-ի մրցաշարն էլ զարգացնում էր փափուկ հմտությունները (soft skills)։ Այդ մրցաշարում սովորում ես կառուցողական բանավեճ վարել, խոսել լսարանի հետ ու քո միտքը ճիշտ ձևով տեղ հասցնել։ Ու չի կարելի թերագնահատել այդ կարողությունները ևս։

 

Ի՞նչն է Ձեզ ոգեշնչում արթնանալ առավոտյան:

Կարծում եմ՝ նորն ուսումնասիրելու և ստեղծելու ցանկությունը, յուրաքանչյուր ոլորտում առաջամարտիկ լինելը: 

 

Ի՞նչ կասեիք այն երեխային, ով ցանկանում է դառնալ գիտնական:

Ես բոլոր երեխաներին էլ նույնը կասեի. դարձիր այն մասնագետը, ինչ ցանկանում ես, բայց եղիր ոլորտում լավագույնը ու հասիր նպատակներիդ: Դժվարություններից մի վախեցիր, որովհետև, եթե դժվարությունների չես հանդիպում, ուրեմն սխալ ճանապարհով ես գնում։

 

Ի՞նչը կհամարեք Ձեր կարիերայի գագաթնակետը։

Ես հույս ունեմ, որ իմ գործունեության մեջ անընդհատ աճ եմ գրանցելու ու որպես այդպիսին գագաթնակետ չի լինելու: Իսկ այն, թե ինչը բավարարվածություն կպատճառի, երևի թե մարդկությանը անհրաժեշտ որևէ նոր տեխնոլոգիա ստեղծելն է։

 

 

«10 հարց գիտնականին» շարքի նախորդ նյութերը՝ ստորև՝

 

Երազանքս է գնալ դեղատուն և տեսնել այն դեղամիջոցը, որ ինքս եմ հայտնաբերել. Իրինա Տիրոսյան

 

Աշտարակից Երևան, հետո Միլան ու Բազել գիտնական դառնալու մանկության երազանքի հետևից. Սմբատ Գևորգյան

 

Մարդկության համար որևէ օգտակար հայտնագործություն անելը կհամարեի իմ կարիերայի գագաթնակետը. Էլլա Մինասյան

 

Որոշեցի շարունակել գիտությամբ զբաղվելու ընտանեկան ավանդույթը. Կարեն Թռչունյան

 

Ոչինչ մարդուն այնպիսի հաճույք չի պատճառում, որքան գիտական արդյունքի պարգևած էմոցիան. Անի Պալոյան

 

Արցախի տաք աղբյուրներից հայտնաբերված Anoxybacillus karvacharensis մանրէի պատմությունը որպես ոգեշնչման աղբյուր. Դիանա Ղևոնդյան

 

Քսան տարի առաջ ԱՄՆ-ի լաբորատորիայում ինձ զգում էի ինչպես ֆիլմում. Աննա Փոլադյան

 

Գիտությունը հաղթեց բոլոր գործերին, որովհետև հեռանկարային է. Սարգիս Աղայան

 

Աշխարհը փոխելու ամենահեշտ ուղին գիտությամբ զբաղվելն է. Սոնա Հունանյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am