Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գիտությունը հաղթեց բոլոր գործերին, որովհետև հեռանկարային է. 10 հարց գիտնականին

Գիտությունը հաղթեց բոլոր գործերին, որովհետև հեռանկարային է. 10 հարց 
գիտնականին

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու Ֆոտոն վարժարանի սան Սարգիս Աղայանը, ով հետաքրքրված էր մաթեմատիկայով ու ֆիզիկայով, Երևանի պետական համալսարանի Կենսաֆիզիկայի բաժինն ընդունվեց կենսաինֆորմատիկայով զբաղվելու նպատակով, բայց ճակատագիրն այլ ուղի էր նախատեսել: Մագիստրատուրայի ընդունելությանը դիմորդների սակավության պատճառով Կենսաինֆորմատիկայի բաժինը չբացվեց, ու ինքը ստիպված էր շարունակելու կենսաֆիզիկայի ուղղությամբ։ Հետագայում առաջարկ եղավ ասպիրանտուրան շարունակել ՀՀ ԳԱԱ կենդանաբանության ինստիտուտում և կատարելու ուսումնասիրություններ՝ ուղղված մակաբույծների բազմազանության, տարածվածության և մակաբույծ-տեր փոխհարաբերությունների բացահայտմանը: Սարգիսի կարիերայի կերտման գործում շրջադարձային եղավ հայ-պորտուգալական միջազգային ասպիրանտական ծրագրին մասնակցությունը, որը ճանապարհ հարթեց նրա հետագա հաջողությունների համար:

Ձեր շրջապատում, ընտանիքում կայի՞ն մարդիկ, ովքեր ոգեշնչում էին կամ աջակցում, որ գնաք դեպի գիտություն։

Ընտանիքս ընդհանրապես աջակցում էր սովորելուն: Հայրս մարզիկ է, մայրս՝ տնտեսագետ, ես ավելի շատ մաթեմատիկա-ֆիզիկա ուղղություններն էի նախընտրում, բայց ճակատագրի բերումով կենսաբանության ոլորտ գնացի: Համալսարան էլ հարցազրույցով էի ընդունվել՝ որպես Ֆոտոնի շրջանավարտ: Սկզբում ոչ ոք չէր պատկերացնում, որ պետք է գիտնական դառնամ, որովհետև միայն մագիստրատուրայի ավարտին և ասպիրանտուրայի ժամանակ հստակ նշմարվեց իմ հետագա գործունեությունը։ Սովորելուս տարիներին չնայած նրան, որ նաև զուգահեռ աշխատում էի Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում, գիշերները պահակ էի աշխատում խանութում (ինչպես ցանկացած նորմալ ուսանող, խմբ. ժպտում է), բայց ընտանիքիս աջակցությունը շատ մեծ է եղել։ Առանց այդ աջակցության՝ ես չէի շարունակի, մի տեղ կգնայի հաշվապահություն կանեի, կամ այլ աշխատանք, որն այդ պահին գումար կբերեր ու կհոգար որոշակի ծախսեր։ Բայց, իհարկե, մեծ զրկանքների գնով կարողացանք այդ փուլը հաղթահարել։ Նմանատիպ ուղի քույրս է անցել, մենք զուգահեռ ենք սովորել, այդ ընթացքում իրար շատ ենք օգնել: Նա էլ քիմիական բաժնում է սովորել ու հիմա ևս գիտնական է:

Եթե մոռանանք, որ Դուք գիտնական եք, ինչպե՞ս կբնորոշեք գիտնականին։ Եթե սկզբում այլ կերպ էիք պատկերացնում ու հետո փոխվեցին պատկերացումները, կխնդրեմ նաև այդ փոփոխությունները ներկայացնել։

Ինձ միշտ կենսաբանները մի փոքր տարօրինակ մարդիկ են թվացել: Դպրոցում ֆիզմաթ թեքումով էի սովորում, ինձ, որ տանում էին կենսաբանության օլիմպիադիայի, հենց ուսուցիչը գնում էր, փախնում-մտնում էի ֆիզիկայի օլիմպիադայի լսարանը: Միշտ խուսափել եմ կենսաբանությունից, նույնիսկ կասեի կենսաբաններից (ժպտում է): Նրանք այլ մտածելակերպ ունեին՝ սկսած դպրոցական, դասագրքային խնդիրների լուծման իրենց եղանակներից։ Մաթեմատիկական մտածելակերպով աշակերտներն այդ խնդիրներին լրիվ այլ կերպ էին մոտենում, ու մեզ համար շատ տարօրինակ էր, որ կենսաբանները նույն խնդիրների լուծմանը լրիվ այլ քայլերով էին հասնում: Ասում էինք «ջանջալ» մարդիկ են, խելքները չի հասնում։ Հետագայում պարզվեց կենսաբանության ֆակուլտետում ուսանողների համար ամենադաժան առարկան մաթեմատիկան էր. տարբեր տարիներին կուրսի կեսը կտրվում էր մաթեմատիկայից, դասախոսներն էլ շատ խիստ էին: Ու տարօրինակությունն իմ աչքերում հենց դա էր։ Ես հանգիստ անցել եմ այդ փուլերով, որովհետև ինձ համար մաթեմատիկան է եղել առաջնային։ Բայց հետո, երբ ավելի խորն ես ուսումնասիրում, տեսնում ես, որ բնագիտական ուղղություններով հետազոտությունների մոտ 90 տոկոսի օբյեկտը կենսաբանական է։ Դրանք սպիտակուցներ են, կենդանի օրգանիզմներ են, որոնց վրա տարբեր փորձեր են կատարում, նյութեր փորձարկվում։ Կենսաբանությունը շատ լավ առկա է բոլոր ուղղությունների մեջ, ու ես կասեի, որ քիմիկոսների, ֆիզիկոսների ու մնացածների մոտ էլ կաղում է կենսաբանության ուղղությունը։ Շատ դեպքերում էլ նշածս գիտնականները տարբեր արդյունքներ են գրանցում, բայց առանց կենսաբանի չեն կարող հասկանալ դրանց իմաստն ու բացատրությունը:

Ի՞նչն է Ձեզ ոգեշնչում արթնանալ առավոտյան:

Ոչ թե ոգեշնչել, ավելի շատ զարթուցիչն է արթնացնում, որ երեխաներին դասի հասցնենք։ Գիտնականները մի քիչ պրագմատիկ են. արթնանում ենք, որովհետև պետք է արթնանանք, հասցնենք տարբեր գործեր։ Իհարկե, աշխատանքը շարժիչ ուժ է կոնկրետ ինձ համար, ընտանիքից հետո ամենակարևոր մասն է կյանքի։ Ճիշտ է, գիտնականի աշխատանքը ժամանակատար է, երբեմն՝ լարված, բայց առանց աշխատանքի էլ չենք կարող, որովհետև պետք է ինչ-որ բանով զբաղվել, գոհանալ արածիցդ, առաջընթացը տեսնել ու նոր քայլերով շարունակել։ Նշեցի, որ տարբեր աշխատանքներ եմ կատարել, այդ թվում հաշվապահությամբ եմ զբաղվել, բայց ամբողջը թողել եմ, որովհետև ես ինձ ամեն անգամ նույն հարցն եմ տվել՝ տասը տարի հետո պատկերացնում եմ ինձ այդ գործին, թե ոչ: Այդպիսով՝ գիտությունը հաղթեց բոլոր գործերին, որովհետև տասը տարի հետո դու գիտության մեջ ավելի մեծ քայլեր ես տեսնում, քան ցանկացած այլ ոլորտում։ 

Կնշե՞ք Ձեզ ամենաշատը տպավորած բացահայտումը գիտական այն ուղղության մեջ, որում ընդգրկված եք:

Ինձ մոտ արմատական փոփոխություններ են եղել՝ ֆիզմաթից կենսաֆիզիկա, կենսաֆիզիկայից մակաբուծաբանություն. շատ մեծ բացահայտում էր մակաբույծների վարքագիծը։ Հետաքրքիր է, որ միևնույն տեսակի մակաբույծի տարբեր ենթատեսակներ կամ գենետիկական գծեր, ինչպես մենք ենք անվանում, իրենց տարբեր կերպ են դրսևորում նույն տեսակի կենդանիների մոտ։ Իմ ասպիրանտուրայի հետազոտական թեման թռչունների մալարիա հիվանդությունն էր ու դրա հարուցիչները։ Բացահայտումս այն էր, որ միևնույն մակաբույծը՝  կարող է որևէ թռչնատեսակի մոտ ուրիշ կերպ դրսևորել իրեն, մեկ այլ թռչի մոտ այլ ձևով, մեկից մյուսին չանցնել, կամ հակառակը՝ մի տեսակից մյուսին շատ արագ փոխանցվել։ Իմ առաջին արդյունքներն էին, կարևոր բացահայտում էր նաև ոլորտի այլ գիտնականների համար, և այն տպագրվեց բավականին հեղինակավոր գիտական ամսագրում, ինչն ինձ շատ տպավորել ու ոգևորել է: Չէի պատկերացնում, որ մակաբույծների աշխարհն այդքան հետաքրքիր կարող է լինել։

Կա՞ն գիտնականներ, ովքեր Ձեզ համար օրինակելի կերպար են եղել։

Իմ ասպիրանտական թեզի շրջանակում, երբ ուսումնասիրում էի թեման, աչքի առաջ ունեի ոլորտի առաջատար հեղինակներին, որոնք ունեին գրքեր ու ամենաակտիվն էին հոդվածներ տպագրելու մեջ: Ես նրանց բոլորին հնարավորություն ունեցա հանդիպելու 2013 թվականին Վիլնյուսում անցկացվող մի գիտաժողովի ժամանակ: Այդ պահին գիտակցեցի, որ ոլորտի լեգենդներով եմ շրջապատված: Անչափ հաճելի փորձառություն էր՝ քո կարդացած գրքերի հեղինակները, ում մեջբերել ես աշխատությանդ մեջ, մի տեղում են ու շատ պարզ մարդիկ, ինչն ինձ ամենաշատն էր ուրախացնում: Նրանցից մի քանիսին հրավիրեցի նաև Հայաստան, եկան, մեր գործունեությանը ծանոթացան։ Ինչ վերաբերում է օրինակելի կերպար լինելուն, միշտ մտածել եմ՝ ինչու մենք էլ Հայաստանից Նոբելյան մրցանակակիր չունենք: Անցած տարի հայազգի գիտնական Արտեմ Պատապուտյանը դարձավ, ինչն, իհարկե, շատ ոգևորիչ է: Սրանից հինգ-վեց տարի առաջ իրեն որպես վաստակավոր գիտնականի հրավիրել էինք Հայաստան, եկավ, այստեղ դասախոսություն կարդաց: Ու երբ իմացանք, որ Նոբելյան մրցանակի է արժանացել, շատ հպարտ էինք։ Ազգությամբ հայ մրցանակակիր արդեն ունենք, հուսանք շարունակական կլինի, Հայաստանից էլ կունենանք առաջիկայում։ Եթե դա որպես ուղենիշ վերցնենք ու ամեն ինչ անենք դրա համար որպես պետություն, ինձ թվում է զարգացումը մի փոքր այլ ձևով կգնա։ 

Ինչպե՞ս են մարդիկ արձագանքում, երբ տեղեկանում են, որ գիտնական եք:

Առաջին հերթին մարդիկ սկսում են «խղճալ», ասելով թե որքան ցածր է գիտնականի աշխատավարձը և ինչքան դժվար գոյատևելը Հայաստանում։ Շատ հետաքրքիր արձագանքներ են լինում հատկապես, երբ տեղեկանում են նեղ մասնագիտական ուղղվածության վերաբերյալ։ Շատերը մակաբուծաբանության փոխարեն ասում են մակաբուծություն, մյուսները թռչունների ուսումնասիրողին ասում են ծտաբան։ Բայց ամենազավեշտալի դեպքը իմ հետ եղել է գյուղերից մեկում, երբ մի ծրագրով տնային և թափառող շների մակաբույծներն էինք հետազոտում։ Իրականացնում էինք շների կղանքի հավաք և տներից մեկում մի ծեր կին, խոսելով հետներս և իմանալով ինչ է մեզ պետք և ինչ ենք հավաքում, արձագանքեց՝ «ոչինչ տղես ամեն ինչ լավ է լինելու»։ Իհարկե, ծիծաղը երկար ժամանակ չէր լքում մեզ․․․

Ի՞նչ կասեիք երեխային, ով ուզում է դառնալ գիտնական։

Հասարակության մեջ սխալ պատկերացումներ են ձևավորվել գիտնականի կերպարի ու գործունեության վերաբերյալ: Ուզում եմ անպայման շեշտել, որ գիտնականները շատ մեծ առավելություններ ունեն։ Օրինակ, ես շատ ընկերներ ունեմ տարբեր ոլորտներից, ովքեր ինձ միշտ նախանձում են անընդհատ ճամփորդելու համար։ Վերջերս մեկ շաբաթով Վիեննայում էի, դրանից առաջ ամիսուկես Փարիզում էի աշխատում, դրան նախորդել էր մեկշաբաթյա այցս Թաիլանդ, Թեհրան: Ավելի վաղ Պորտուգալիայում ու Գերմանիայում եմ եղել մեկ ամսով: Գիտնականը միշտ կարողանում է ճամփորդել, նույնիսկ դա մեր աշխատանքի պարտադիր մասն է, քանի որ փորձի փոխանակումը շատ կարևոր է։ Չի լինում հայկական գիտություն, գիտությունը միջազգային է։ Դրա համար պետք է ձգտել ու ամեն ինչ անել հավուր պատշաճի: Մենք ենք նաև հյուրընկալում այլ երկրներից գիտնականների, շուտով Նորվեգիայից ու Ավստրիայից գիտնականներ են գալու Հայաստան։ Գիտության մեջ անընդհատ տեղաշարժեր են, նոր բացահայտումներ են։ Երեխաները, եթե այդ ամենն իմանան, միանշանակ չեն ցանկանա դառնալ իրավաբան կամ հաշվապահ։ Իսկ կենդանաբան, բուսաբան գիտնականների աշխատանքը շատ ավելի հետաքրքիր է՝ տարվա կեսը սարերում են, նմուշներ են հավաքում, հետո արդեն լաբորատորիայում փորձարկումներ անում:  

Եղե՞լ է որևէ շրջադարձային պահ, ինչը կարևորում եք Ձեր կարիերայի կերտման գործում:

Կարծում եմ՝ Պորտուգալիայի այցն էր, մեկ տարուց ավելի անցկացրեցի այնտեղ։ Այստեղից նմուշներ էի հավաքում, այնտեղ մոլեկուլային, գենետիկական հետազոտություններ անցկացնում, որովհետև այդ ժամանակ մենք չունեինք բավարար պայմաններ Հայաստանում: Հետո նպատակ դարձավ, որ եթե այդ ամենն առկա է Պորտուգալիայում, մենք էլ սովորել ենք, ինչու չիրագործել նաև Հայաստանում: Ներկայում, մեր լաբորատոր պայմաններն էլ հնարավորինս մոտ են եվրոպական երկրների հագեցվածությանը: Մեր ուսանողները ստիպված չեն իրենց փորձարկումները երկրից դուրս իրականացնել, բայց, իհարկե, գնում-գալիս են, փորձի փոխանակման ծրագրերի մասնակցում: Առաջիկա կարևոր քայլերից է նաև միջազգային մագիստրոսական ծրագրի հիմնումը, որը թույլ կտա այլ երկրներից ուսանողներ հյուրընկալել, ստեղծել միջավայր միջազգային հետազոտությունների համար, ինչը շատ կարևոր փորձառություն կլինի նաև մեր ուսանողների համար:

Այս իմաստով՝ կխնդրեմ կիսվել ADVANCE դրամաշնորհային ծրագրին մասնակցության Ձեր փորձով:

Առաջին հայացքից տարօրինակ ծրագիր էր մեզ համար։ Սովորաբար ինչպես է լինում, որևէ դրամաշնորհի շրջանակում հայտարարվում է թեմատիկ ուղղվածություն, գիտնականն իր թիմով, կոնսորցիումով դիմում է, շահում ու իրականացնում հետազոտությունը։ Բայց այստեղ մոտեցումն այլ էր։ FAST-ը (խմբ. Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ) որոշեց, որ ամեն գիտնական դիմում է իր ծրագրով, իրենք էլ հինգ տարբեր ոլորտներից ընտրում են գիտնականների, ովքեր աշխատում են միջազգային մրցունակ հետազոտական ծրագրի շուրջ, որը հենց հիմնադրամն է առաջարկում։ Դժվար փորձառություն էր, հատկապես, բնագիտական ուղղությունների դեպքում, որովհետև բոլոր դեպքերում նեղ մասնագիտացում կա, ու հինգս պետք է աշխատեինք մեկ թեմայի շուրջ՝ յուրաքանյուրս մեր մասնագիտացման մասով: Դա մի կողմից շատ լավ է, որովհետև տարբեր մտածելակերպի մարդիկ ենք, բայց մյուս կողմից էլ ժամանակ էր պետք, որպեսզի թիմն ինտեգրվեր ու արդյունավետ աշխատանք իրականացներ: Ուրախությամբ կարող եմ ասել, որ արդեն ամենքս մեր դերը ստանձնել ենք, ու աշխատանքն առաջ է գնում, շատ հետաքրքիր փորձառություն է, և հույս ունեմ, որ վերջնարդյունքը շատ ավելի հետաքրքիր կլինի, քան եթե արդեն առկա թիմը դա իրագործեր:

Ի՞նչը կարող է լինել Ձեր կարիերայի գագաթնակետը։ 

Որպես գիտնական երևի Նոբելյան մրցանակ ստանալը: Ես կասեի, նույնիսկ սկզբունքի հարց է, որ Հայաստանից մրցանակ ստացող լինի: Ինչպես արդեն ասացի, մենք բոլորով պետք է լծվենք այդ գործին. կլինի տասը, թե քսան տարուց։ Եթե բարձր նպատակ ես դնում, քայլերդ էլ համապատասխանեցնում ես այդ նպատակին: Ինձ համար շատ մեծ ձեռքբերում էր Նախագահի մրցանակը (խմբ. ներկայում՝ Պողոսյան մրցանակ), որ ստացա 2020 թվականին բնական գիտությունների զարգացման ոլորտում ցուցաբերած ավանդի համար: Իմ տեղեկությունով՝ մինչ այդ երբևէ 35 տարեկանից ցածր որևէ գիտնական չէր ստացել այդ մրցանակը, ինչն իրոք պարտավորեցնող է ու մղում առաջ գնալուն: Կարծում եմ՝ խթաններ են պետք մեր գիտնականներին, որ ձգտեն արժանանալ տարբեր ոլորտներում մրցանակների, ու քիչ-քիչ ուղի հարթեն մեծ մրցանակի համար: Գիտական հանրույթում ճանաչելիություն է պետք, չես կարող պարզապես մի օր ելնել ու Նոբելյան մրցանակ ստանալ։ Երևի պետական խրախուսանքի միջոցներ են պետք, որ կմղեն գիտնականներին միջազգային մրցույթներում առաջադրվելուն ու տեղ գրավելուն:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]