Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Քսան տարի առաջ ԱՄՆ-ի լաբորատորիայում ինձ զգում էի ինչպես ֆիլմում. 10 հարց գիտնականին

Քսան տարի առաջ ԱՄՆ-ի լաբորատորիայում ինձ զգում էի ինչպես ֆիլմում. 10 հարց 
գիտնականին

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիտնական Աննա Փոլադյանը, ով իր կարիերան սկսել է շուրջ երեք տասնամյակ առաջ, Երևանի պետական համալսարանի Կենսաբանության ֆակուլտետի կենսաֆիզիկայի բաժնի ավագ լաբորանտից հասել է նույն ֆակուլտետի Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչի պաշտոնին՝ ձեռքում ունենալով նաև դոկտորի աստիճանը: Գիտնական դառնալու որոշումը կայացրել է դեռ մանկուց՝ որպես օրինակ ունենալով արևելագետ հայրիկին ու նրա ակադեմիական ընկերներին: Հետագայում արդեն Աննայի հետազոտական հետաքրքրությունների թրծման գործում նշանակալի դեր է ունեցել նրա գիտական ղեկավարը:

 

Ինչո՞ւ և ինչպե՞ս որոշեցիք դառնալ գիտնական:

Գիտնական դառնալու իմ ընտրության մեջ անչափելի է հայրիկիս դերը: Նա գիտնական-դիվանագետ է, մինչ 1996 թվականը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող է եղել, պատմական գիտությունների դոկտոր է: Մեր ընտանիքում միշտ թևածել է գիտական մթնոլորտը։ Դեռ մանկուց եմ ականատես եմ եղել նրա հետազոտական գործունեությանը, գիշերները հոդվածներ գրելուն, և միշտ ձգտել եմ նմանվել նրան: Միակ տարբերությունն այն է, որ ես հետաքրքրված էի բնական գիտություններով և ընտրեցի կենսաբանության ուղին: Համալսարանական ուսումնառության տարիներին արդեն իմ՝ որպես գիտնականի կայացման գործում մեծ ավանդ է ունեցել պրոֆեսոր Արմեն Համբարձումի Թռչունյանը՝ իմ գիտական ղեկավարը: Նա միջազգայնորեն ճանաչված գիտնական էր, ումից ոչ միայն մասնագիտական հմտություններ ենք յուրացրել, նաև սովորել ենք լինել պայքարող ու գաղափարին հետամուտ:

Ինչպե՞ս կբնութագրեք գիտնականին:

Գիտնականը պրպտող, նորը բացահայտելու մղումով առաջնորդվող մարդ է։ Գիտնականի գործունեության արդյունքը նոր գիտելիքի ստեղծումն է։ Եթե խոսենք կենսաբանության մասին, ապա այստեղ աշխատանքը ոչ միայն մտավոր է, այլև պահանջում է ձեռքերի հմտություն, այսինքն՝ տեսական ու փորձարարական մասը լիովին միաձուլված է, ինչն ավելի հետաքրքիր է դարձնում մեր աշխատանքը:

Ի՞նչն է Ձեզ ոգեշնչում արթնանալ առավոտյան։

Ամեն մեկս էլ հաջորդ օրվա պլաններով ենք քնում ու արթնանում: Երևի թե արթնանում եմ, որ ավարտին հասցնեմ պլանավորած գործերս: Իսկ ընդհանրապես կարծում եմ՝ լույսը բացվելուն պես պետք է գոհանալ եղածով, շնորհակալ լինել այդ օրվա համար ու ձգտել ավելիին:

Ո՞րն է Ձեզ ամենաշատը տպավորած բացահայտումը Ձեր ոլորտում։

Իմ հետազոտական հետաքրքրությունները մանրէաբանության և կենսաքիմիայի ոլորտում են, ու ինձ ամենաշատը տպավորել է այն, որ, չնայած մանրէները պարզագույն, միաբջիջ օրգանիզմներ են, բայց սոցիալական կյանքով են ապրում։ Նրանք ունեն միջավայրի փոփոխվող պայմաններին հարմարվելու և հակազդման բազմազան մեխանիզմներ, ինչը մարդկանց համար ևս շատ ուսանելի կարող է լինել:

Խոսեցիք արդեն Ձեր հայրիկի, ինչպես նաև գիտական ղեկավարի մասին, կա՞ն այլ գիտնականներ, ովքեր օրինակելի կերպար են Ձեզ համար։

Անգլիացի գիտնական Պիտեր Միտչելը, ով առաջ է քաշել կենդանի օրգանիզմներում էներգիայի ստացման ուղիների վերաբերյալ քեմիօսմոսային վարկածը. 17 տարի է պահանջվել, որպեսզի նա այդ բացահայտման համար ստանա Նոբելյան մրցանակ: Ջոն Ուոլքերն ու Փոլ Բոյերը՝ անգլիացի  և ամերիկացի գիտնականներ, ովքեր հայտնաբերել են կենսաբանական մոլեկուլային մեքենայի՝ զարմանահրաշ նանոմեքենայի աշխատանքի մեխանիզմը։ Օրինակ, նանոմեքենան կարող է գործել նաև մանրէների թաղանթում: Մեքենա բառն արդեն հուշում է, որ մեքենաներին բնորոշ ստատորով-ռոտորով (անշարժ ու պտտողական) հիմքով աշխատող մեխանիզմ է, որը սինթեզում է ԱԵՖ-ը՝ ադենոզինեռֆոսֆորական թթուն (խմբ. այն էներգիայի աղբյուր է բոլոր կենդանի օրգանիզմների և դրանցում ընթացող կենսաքիմիական ռեակցիաների համար):

Կան մեր ոլորտի այլ գիտնականներ ևս, ում աշխատանքներին հետևում եմ։ Նրանց թվում  է Գերմանիայի Համբուրգի տեխնոլոգիական համալսարանի Կենսալուծումների կենտրոնի տնօրեն Գարաբեդ Անտրանիկյանը, ռուս գիտնականներից էլ կնշեմ Վլադիմիր Սկուլաչովին:

 

Ի՞նչ կասեիք երեխային, ով ցանկանում է դառնալ գիտնական։

Երեխան ի ծնե հետազոտող է՝ սկսած իր վաղ մանկությունից նա աշխարհը ճանաչում է հետազոտելու և վերլուծելու միջոցով։ Ինչ-որ տարիքից սկսած՝ մենք գուցե կոտրում ենք նրա հետազոտական ջիղը, նրան դնում պարտադիր կանոնների շրջանակի մեջ: Ես խորհուրդ կտայի, որ նա չդադարեր լինել պրպտող, կանգ չառներ նորը բացահայտելու ճանապարհին, հետամուտ լիներ իրեն հուզող հարցերին պատասխանները գտնելու։ Ու անպայման վստահ լիներ, որ ինքը շատ խելացի է, և մեծերը սպասում են իր ասելիքին, նոր գաղափարներին:  

Կհիշեք որևէ պահ, որ շրջադարձային է եղել գիտնական դառնալու Ձեր ճանապարհին:

Այն տարիներին, երբ ես համալսարան ընդունվեցի, հետո արդեն սկսեցի աշխատել նույն ֆակուլտետում, հնարավորությունները շատ սահմանափակ էին, մանավանդ մեր դաշտում: Գաղափարներ կային, հետազոտական խումբը ձգտում էր անել հնարավորը, բայց բնագիտական ուղղություններով հետազոտությունները ծախսատար են, իսկ ֆինանսները չէին բավարարում: 2003 թվականն էր, շուրջ 19 տարի առաջ, գործուղվեցի Միացյալ Նահանգներ՝ Վիրջինիայի համալսարան: Առաջին տպավորությունս մեծագույն զարմանքն էր.  այդ ամենը ամերիկյան ֆիլմերում էի տեսել ու ինքս էլ կարծես հայտնվել էի այնտեղ: Նրանց ունեցած սարքավորումները, նյութերի առատությունը, ուսանողների կյանքը. այնտեղ ամեն ինչ այլ էր: Դա ինձ համար կարևոր խթան էր, որ այլ կերպ վերաբերվեի իմ ընտրած ուղուն։ Չորս տարի առաջ Գերմանիայում՝ Բեռլինի տեխնիկական համալսարանում էի աշխատում, այնտեղ արդեն նման զարմանք չեմ ապրել, քանի որ հիմա մեր լաբորատորիան շատ մոտ է գերմանականին, այս տարիների ընթացքում մենք բավականին զարգացում ենք ապրել։ Խորհրդային գիտությունը շատ զարգացած էր, բայց մութ ու ցուրտ տարիներն ու պատերազմը մեծապես խոչընդոտեցին Հայաստանում գիտության զարգացումը: Ինչու եմ ես պրոֆեսոր Թռչունյանի դերն այդքան կարևորում, որովհետև նա հաճախ աշխատում էր արտասահմանյան համալսարանների առաջադեմ գիտական խմբերում, ու հենց նա էր ապահովում մեր կապը ժամանակակից գիտության հետ: Նրա շնորհիվ է, որ մեր հետազոտությունները համաշխարհային գիտության մի մասն են կազմում:  

Կպատմե՞ք նաև գիտնականների աջակցման ADVANCE  ծրագրին Ձեր մասնակցության մասին, որքանո՞վ է այն կարևոր գիտնականի համար։

Ոլորտում կան տարբեր դրամաշնորհներ, այդ թվում նաև՝ ՀՀ ԿԳՄՍՆ Գիտության կոմիտեի կողմից տրամադրվող։ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կողմից իրականացվող այս ծրագիրը մի փոքր այլ ձևաչափով է, այն միավորում է տարբեր ոլորտների գիտնականներին։ Հայաստանում մենք կոլաբորացիա (համագործակցություն) շատ չենք սիրում, հիմա նոր-նոր գնում ենք դրան։ Կարելի է ասել ADVANCE-ով հիմքը դրվեց: Այս ծրագրի շրջանակում տարբեր գիտնականներով սկսեցինք համագործակցել, ու դա բավականին արդյունավետ է դարձնում մեր հետազոտական աշխատանքը: Ինչու հավելյալ ջանք գործադրել հասկանալու համար մի բան, որը քիմիկոսը շատ արագ կանի, եթե ստացած նմուշը տրամադրվի նրան, մյուս մասնագետն էլ կենսաբանական մշակումը կիրականացնի: Արդյունքում՝ միացյալ ուժերով, յուրաքանչյուրի նեղ մասնագիտական հմտությունների ներդրմամբ, շահում է հետազոտական նախագիծը։ Այստեղ կարևոր եմ համարում նաև խոսել մեր գիտական ղեկավարի՝ Գարաբեդ Անտրանիկյանի մասին, ով Գերմանիայում առաջադեմ հետազոտություններում է ներգրավված, բերում է նորարարության շունչն ու կապող օղակ հանդիսանում մեր ու արտասահմանյան գիտական խմբերի միջև:  Մեր հետազոտական նախագիծը վերաբերում է կենսատեխնոլոգիաների ոլորտին, ուսումնասիրում ենք՝ ինչպես մշակել ՀՀ-ում հասանելի օրգանական թափոնները և ստանալ մանրէային կենսազանգված և այլ օգտակար նյութեր:

Այդ հետազոտության արդյունքում ի՞նչ կիրառություններ են հնարավոր:

Ունենալով գիտելիք, թե ինչպես են միաբջիջ ու բազմաբջիջ օրգանիզմներում տարբեր կենսաքիմիական գործընթացներ տեղի ունենում՝ սննդի յուրացումից մինչև տարբեր նյութերի սինթեզ ու դրանց վերահսկում, դա կարելի է կիրառել կենսատեխնոլոգիաների ստեղծան մեջ: Հիմա՝ տարիներ հետո, հասկանում եմ, որ բնությունն արդեն ամեն ինչ ստեղծել է, մարդը պարզապես վերցնում է այդ մեխանիզմներն ու կիրառում կենցաղում: Մանրէների միջոցով մաքրվում են կեղտաջրերը, օրգանական թափոնները, սինթեզվում են օգտակար ֆերմենտներ, նյութեր, որոնք էլ կիրառվում են, օրինակ, սննդամթերք կամ այլընտրանքային էներգիա ստանալու համար: Այժմ արդիական ուղղություն է կենդանական սպիտակուցի փոխարիումն ու այլընտրանքային սննդի ստեղծումը, ինչը ևս հնարավոր է ստանալ մանրէներից։ Մանրէն աճեցվում է թափոնի վրա, հետո սպիտակուցային սննդամթերք (կաթ, մսամթերք) կամ կենսավառելիք է ստացվում, քանի որ այսօր արդեն երկրագնդի տարբեր հատվածներում սնունդը հասանելի չէ, ու առկա ռեսուրսները մի օր սպառվելու են։ Հնարավոր է նաև էկոլոգիապես մաքուր պարարտանյութեր ստանալ և կենսաբանական ճանապարհով պարարտացնել հողը։ Թափոնները մանրէների օգնությամբ մշակելու միջոցով կարելի է նաև կենսապլաստիկ ստանալ, ինչն էլ արագ քայքայվում է հողում՝ շեշտակի նվազեցնելով բնության աղտոտումը:  

Ինչպիսի՞ն եք տեսնում Ձեր կարիերայի գագաթնակետը։ 

Բոլոր գիտնականներն էլ իրենց հետազոտական թիմերով աշխատում են հիմնարար հետազոտությունների վրա, որն, իհարկե, անվերջ է: Որպես այդ ամենի հանգուցալուծում, կուզեի տեսնել մեր ստեղծած գիտական արդյունքի կիրառությունը, որպեսզի այն դառնար տեխնոլոգիա, որևէ արտադրանք և փոխեր մարդկանց կյանքը:

«10 հարց գիտնականին» շարքի նախորդ նյութերը՝ ստորև՝

Գիտությունը հաղթեց բոլոր գործերին, որովհետև հեռանկարային է. Սարգիս Աղայան

Աշխարհը փոխելու ամենահեշտ ուղին գիտությամբ զբաղվելն է. Սոնա Հունանյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]