Որոշեցի շարունակել գիտությամբ զբաղվելու ընտանեկան ավանդույթը. 10 հարց գիտնականին
14 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը երիտասարդ խոստումնալից գիտնական է՝ կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։ Նա միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում տպագրված 50-ից ավելի հոդվածների հեղինակ և համահեղինակ է: Իր կատարած աշխատանքներին հղումների քանակը մոտավորապես 1300-ի սահմանում է, Հիրշի ինդեքսը (h-index) տատանվում է 21-23-ի տիրույթում՝ կախված շտեմարաններից՝ Google Scholar, Web of Sciences, Scopus: Կարեն Թռչունյանը Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) գիտնականների աջակցման ADVANCE դրամաշնորհային ծրագրի մասնակիցներից է և ներգրավված է կենսատեխնոլոգիաների ուղղությամբ իրականացվող հետազոտական նախագծում:
Ինչպե՞ս գիտությամբ զբաղվելու որոշում կայացրիք:
Ես ժամանակին ուզում էի դառնալ ավիակոնստրուկտոր. փոքր ժամանակ շատ էի սիրում ինքնաթիռներ ու դրանց հետ կապված ամեն ինչ: Ներկայում նույնպես սիրում եմ ուսումնասիրել ինքնաթիռները։ Մայրական ու հայրական կողմից մենք գիտական մեծ ավանդույթներ ունենք, և ես ներկայացնում եմ գիտնական գերդաստանների երրորդ սերունդը: Ես էլ որոշեցի շարունակել նրանց գործը: Հայրական պապիկս՝ Համբարձում Թռչունյանը, աշխատել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում (հայտնի Մերգելյանի ինստիտուտում), Ռուսաստանից Հայաստան էր տեղափոխվել Սերգեյ Մերգելյանի ու այլ ընկերների հետ և դարձել որոշակի գիտական ուղղությունների հիմնադիրներից մեկը ինստիտուտում: Մյուս պապիկս՝ Վելլեր Վասիլյանը, եղել է առաջին կենսաֆիզիկոսը, ով պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը Հայաստանում, հետաքրքրական է, որ ես էլ եմ սովորել և ավարտել Կենսաբանության ֆակուլտետի կենսաֆիզիկայի բաժինը: Նա երկար տարիներ ղեկավարել է Բույսերի պաշտպանության գիտահետազոտական ինստիտուտը, զբաղվել է վնասատուների դեմ կենսաբանական պայքարի արդյունավետ միջոցների ստեղծմամբ:
Հետաքրքիր օրինաչափություն կա, պարզվում է՝ այն հետազոտությունները, որն իրականացնում ենք, այս կամ այն կերպ կապված են երկու պապերիս գիտական գործունեության հետ: Մեկը գյուղատնտեսական ուղղվածության է, ստացվեց, որ մայրական պապիս ուղղությունն եմ վերցրել, մյուս պապս էլ քիմիկոս էր, ուսումնասիրում էր որոշակի մետաղների ու ջրածնի փոխազդեցությունը: Ստացվեց, որ երկու ուղղություններն իմ մեջ միավորվեցին, ինչը լիովին պատահաբար է տեղի ունեցել:
Դուք ընտանիքում ունեցել եք գիտությամբ զբաղվող անձի կերպարը, ինչպիսի՞ն եք պատկերացրել գիտնականին:
Գիտնական դառնալու համար պետք է շատ սիրես այն, ինչով զբաղվում ես: Գիտնականի կերպարը մեր ընտանիքում մարմնավորում էր հայրս՝ Արմեն Թռչունյանը, որը նույնպես կենսաբան էր և ստեղծել է մեծ գիտական դպրոց, որը ներկայում շարունակում են իր աշակերտները, որոնցից մեկն էլ ես եմ։ Գիտնականն ինձ համար մարդ է, ով նոր հայտնագործություններ է իրականացնում, իր մտավոր ծանր աշխատանքով օգուտ տալիս մարդկությանը, միջազգային կապեր ստեղծում, այցելում այլ երկրներ, կիսվում իր փորձով, մասնակցում նաև գիտական բանավեճերի: Այդ առումով ես էլ բավականին բարդ ուղի եմ անցել. գիտական բանավեճերում պետք է կարողանաս ապացուցել ու փաստերով ներկայացնել քո տեսակետը, իսկ կան մարդիկ, ովքեր աշխարհահռչակ գիտնականներ են, ու դու պետք է քո տեսակետն իրենց առջև ապացուցես, իրենք էլ ընդունեն: Այդպիսի մի բարդ ուղի եմ պատկերացրել:
Նմանատիպ օրինակ կհիշե՞ք:
2010 թվականին մեր գիտական խումբն ապացուցել էր, որ աղիքային ցուպիկում հիդրոգենազ ֆերմենտը դարձելի է և կարող է աշխատել երկու ուղղություններով: Այդ ժամանակ աշխարհի տարբեր գիտահետազոտական խմբեր ցույց էին տվել, որ նշված ֆերմենտն աշխատում է մեկ ուղղությամբ և չէին ուզում ընդունել փաստը: Մեր հետազոտական տվյալները ֆերմենտի դարձելիության մասին կենսաբանության, կենսաքիմիայի մեջ կարևոր իրադարձություն էր: Առաջին անգամ գնացի Գերմանիա հետազոտական դրամաշնորհով, ու այնտեղի իմ ղեկավարին՝ պրոֆեսոր Գարի Սովերսին, ով շատ հայտնի մասնագետ է և իր ամբողջ կյանքը նվիրել է այդ ֆերմենտների հետազոտությանը, ներկայացրեցի մեր բացահայտումը: Ինչ-որ մեկը գալիս է Հայաստանից ու ասում՝ մենք էլ հակառակ բանն ենք ապացուցել, իհարկե, դա ոչ թե անտագոնիստական բացահայտում էր, այլ լրացում էր արդեն եղած գիտելիքի: Ղեկավարի մեծությունը կայանում է նրանում, որ ոչ թե անընդհատ անտագոնիզմի վերածի, այլ ընդհակառակը՝ ընդունի այն որպես լրացում ու մտածի այդ գիտելիքն ավելի խորացնելու ուղղությամբ: Նա, իհարկե, ի ուրախություն մեզ, ընդունեց դա: Մենք երկար ժամանակ է, որ համագործակցում ենք, ու մեր մոտեցումներն ընդունվել են ինչպես իր, այնպես էլ աշխարհի այլ հայտնի գիտնականների կողմից: Մեր գիտական ուղղություններով աշխարհում կան լուրջ մասնագետներ. Մայքլ Ադամսը՝ ԱՄՆ Ջորջիայի համալսարանից, Գարի Սովերսը՝ Գերմանիայի Մարթին Լյութերի անվան Հալլե-Վիթենբերգի համալսարանից, Ռուդոլֆ Տաուերը՝ Ֆրանկֆուրտի Մաքս Պլանկի ինստիտուտից, ու շատ այլ գիտնականներ, ում հետ մենք զրուցել ենք ու, կարելի է ասել, թուղթ ու գրիչով, գրատախտակի մոտ փորձել ենք հասկանալ իրենց մոտեցումները, նրանք էլ՝ մերը: Եվ ի ուրախություն մեզ՝ նրանք ընդունել են մեր ապացույցները և մոտեցումները, ինչին հասնելը շատ բարդ է, քանի որ դու մեծ երկրի ամենալավ լաբորատորիաներից մեկի անդամ չես, որ հավանականությունը մեծ լինի, որ դու ճիշտ կլինեիր: Բայց ասում ենք, չէ, ի վերջո գիտելիքը հաղթում է: Եթե դու ճիշտ ես, թեկուզ երկարատև դժվարությունների միջով անցնելով, հասնում ես արդյունքի: Իհարկե, հնարավոր են նաև դեպքեր, երբ դու հասնում ես արդյունքի, բայց չեն ընդունում, թեկուզ և նախանձախնդրությունից ելնելով, որովհետև գիտության մեջ էլ կա շատ մեծ մրցակցություն:
Ամեն դեպքում՝ ես սիրում եմ նմանատիպ գիտական բանավեճերը, որովհետև դրանից է ծնվում քո ճիշտը: Բանավեճերը երբեմն թեժ են լինում, բայց ինչո՞ւ է բանավեճ ծավալվում, որովհետև գիտության մեջ ասելիք ունես:
Ի տարբերություն հարցազրույցների այս շարքի մյուս գիտնականների՝ Դուք նաև պետական պաշտոն եք զբաղեցնում: Ինչպե՞ս եք համատեղում:
Բնագիտական կրթությունն ու գիտնական լինելը օգնում է վստահություն ու ազատություն ձեռք բերել: Ինչո՞ւ, որովհետև գիտությունն ու այն համակարգը, որի միջով անցել ես, քեզ տալիս են թևեր և ուժ՝ ունենալու ձևավորված կարծիք, կառավարման տեսանկյունից ոչ կամ այո ասելու կարողություն: Ես համակարգում եմ բարձրագույն կրթության ոլորտը, որի վերաբերյալ ձեռք բերած իմ գիտելիքն ու փորձառությունը կիրառում եմ ամենօրյա մարդկային ու գործնական շփումներում:
Պետական պաշտոնում զբաղվածությանս զուգահեռ՝ գիտությամբ զբաղվելու ինտենսիվությունն ընկել է, բայց շարունակում եմ գիտական գործունեությունս երբեմն հանգստի ժամանակի հաշվին և այս ընթացքում էլ տպագրել եմ և շարունակում եմ տպագրել գիտական հոդվածներ: Գիտությամբ զբաղվելը ես զուտ աշխատանք չեմ դիտարկում, այլ իմ կողմից կա մեծ ցանկություն դա անելու: Երբ որոշակի ուղի ես անցնում, ձևավորվում են ակնկալիքներ ոչ միայն տեղական, այլև միջազգային մակարդակում: Հետևաբար, գիտական նոր արդյունքներ գրանցելու հարցում շատ հետևողական եմ, քանի որ մեր խումբն աշխարհում ունի իր ուրույն տեղը, և բոլորը սպասում են մեզնից նոր հետազոտություններ և նոր արդյունքներ:
Ո՞րն է Ձեզ ամենաշատը տպավորած բացահայտումը Ձեր ոլորտում:
Իմ կուռքը Նոբելյան մրցանակակիր Պիտեր Միտչելն է, որովհետև նա այս կյանքի հիմնական սկզբունքի բացահայտողներից մեկն է: Իր բացահայտումն ինձ համար շատ ոգեշնչող է: Միտչելն ուզում էր հասկանալ, թե ինչպես է կառուցված կյանքը, ինչպես է էներգիա առաջանում, որտեղից է այն գալիս, ինչպես է սինթեզվում: Ահա նրա գիրքը (սեղանի վրայից վերցնում ու պարզում է գիրքը), որ ինքն անձամբ է մեզ նվիրել, ուղարկել է մեր լաբորատորիա: Հաշվի առնելով, որ իր բացահայտումներն արել է 1970-ականներին, երբ չկային այսօրվա սարքավորումները, դրանք շատ ավելի արժեքավոր են դառնում: Ինձ դուր է գալիս նրա մոտեցումը ոչ միայն փորձով ապացուցելու, այլև նախապես ենթադրելու բնության մեջ հնարավոր մեխանիզմները, և փորձել գտնել դրա ապացույցները: Մենք էլ այսօր ուսումնասիրում ենք, թե արդյոք խմորման ժամանակ Միտչելի տեսության հիմնական սկզբունքներն աշխատո՞ւմ են, թե՞ ոչ, կամ եթե աշխատում են՝ ինչպե՞ս: Ունենք հաջողություններ այս հարցում և երկարատև աշխատանքից հետո 2019 թվականին տպագրեցինք հոդված շատ հայտնի ամսագրում՝ “Trends in Biochemical Sciences”, որտեղ հենց անդրադարձանք Միտչելի քեմիօսմոսային տեսության հիմնախնդիրներին։
Մի փոքր կկիսվե՞ք ADVANCE դրամաշնորհային ծրագրին մասնակցության Ձեր փորձով:
Շատ հետաքրքիր ծրագիր է այն տեսանկյունից, որ միջդիսցիպլինար կապեր է ստեղծում խմբի անդամների միջև: Ծրագրի ներքո ձևավորված հետազոտական թիմը միայն մեկ ուղղությամբ նեղ աշխատանք չի կատարում, այլ տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց արժեքավոր գիտելիքն է օգտագործում: Մենք մինչ այդ էլ թիմային էինք աշխատում, բայց սա միջոլորտային թիմային աշխատանք է: Միգուցե որպես առանձին գիտնականներ մենք իրար գիտեինք, բայց համատեղ աշխատանքներ չէինք կատարում: Ես կարծում եմ, որ և միջազգային, և ներհայաստանյան գիտությունն ընդհանրապես համագործակցության հիման վրա պետք է ուղղորդվի, բայց ավելի շատ պետք է կարողանանք մեր հայաստանյան գիտությունը զարգացնել: ADVANCE ծրագիրն արժեքավոր է նաև նրանով, որ թիմը ղեկավարում է միջազգային առաջադեմ գիտնական պրոֆեսոր Գարաբեդ Անտրանիկյանը (Գերմանիա) ու կիսվում իր փորձով: Ծրագիրը, որ մենք ընտրել ենք, միանգամից արդյունք չի կարող տալ, որովհետև պահանջում է երկարատև փորձարարական աշխատանքներ: Այս ծրագրի միջոցով կարողացանք տարբեր մոտեցումներ մեկտեղել մեկ նախագծում, ինչը կարևոր ներդրում է մեր՝ գիտնականների կյանքում և Հայաստանում գիտական մշակույթ ձևավորելու առումով:
Ի՞նչ կասեիք երեխային, ով ուզում է դառնալ գիտնական:
Չփոշմանես ու հետ չկանգնես քո ցանկություններից:
Կա շրջադարձային պահ, որը չափազանց կարևոր է եղել Ձեր կարիերայի կերտման գործում:
Քանի որ ես նաև շախմատի էի հաճախում և բավականին լավ արդյունքներ էի գրանցում, առաջին կարգ էի դարձել, մտածում էի այդ ուղղությամբ շարունակելու մասին: Ութերորդ-իններորդ դասարաններում հենց այդ շրջադարձային պահն էր, երբ կամ պետք է որոշեի ու զբաղվեի պրոֆեսիոնալ շախմատով, կամ ընդունվեի համալսարան: Ես թողեցի շախմատը, ու գնացի կենսաբանության ուղղությամբ:
Ի՞նչն է ոգեշնչում արթնանալ առավոտյան:
Առաջին հերթին՝ դա բնական երևույթ է, ես չեմ կարող չարթնանալ: Իսկ եթե փիլիսոփայական տեսանկյունից մոտենանք հարցին, ապա ինչ-որ նոր բան ստեղծելու կամ անելու համար ենք արթնանում: Մանավանդ, երբ անձը կրթական ու գիտական համակարգի ներկայացուցիչ է, նոր սերնդին կրթելն ու գիտելիք փոխանցելն է դառնում կյանքի անբաժանելի մասնիկն ու շարժառիթը:
Ի՞նչը կհամարեք Ձեր կարիերայի գագաթնակետը:
Եթե ես ու իմ հետազոտական խումբը հասնենք մեր առջև դրված խնդիրների բացահայտմանն ու նպատակադրումներին, ապա դա իսկապես կլինի մեր աշխատանքի գագաթնակետը: Ինչո՞ւ, որովհետև այն հետազոտությունները, որ մենք ենք իրականացնում, ունեն կիրառական ու համամարդկային նշանակություն: Հուսանք, որ դա կգնահատվի մեծ գիտական մրցանակներով։
«10 հարց գիտնականին» շարքի նախորդ նյութերը՝ ստորև՝
Ոչինչ մարդուն այնպիսի հաճույք չի պատճառում, որքան գիտական արդյունքի պարգևած էմոցիան. Անի Պալոյան
Քսան տարի առաջ ԱՄՆ-ի լաբորատորիայում ինձ զգում էի ինչպես ֆիլմում. Աննա Փոլադյան
Գիտությունը հաղթեց բոլոր գործերին, որովհետև հեռանկարային է. Սարգիս Աղայան
Աշխարհը փոխելու ամենահեշտ ուղին գիտությամբ զբաղվելն է. Սոնա Հունանյան