Հասարակական

Վարդան Օսկանյանը հարցաքննվել է Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով

2 րոպեի ընթերցում

Վարդան Օսկանյանը հարցաքննվել է Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը հարցաքննվել է կաշառք ստանալուվերաբերյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դատական նիստից հետո այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը:

«Այս գործով Օսկանյանն ունի վկայի կարգավիճակ»,- հավելեց Բաղդասարյանը:

Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1998թ․ ապրիլի 9-ից մինչև 2008 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ Նախագահի պաշտոնը, պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊԸ միակ մասնակից և տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927․000․000 ՀՀ դրամին համարժեք 3․000․000 ԱՄՆ դոլար կաշառք:

Արմեն Գևորգյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա, 2006 թվականի փետրվարից մինչև 2008 թվականի ապրիլի 21-ը հանդիսանալով պետական մարմնում պաշտոնատար անձ, վերոնշյալ գործարքի շրջանակներում Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ Սիլվա Համբարձումյանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 309․000․000 ՀՀ դրամին համարժեք 1․000․000 ԱՄՆ դոլար կաշառք և օրինականացրել է ստացված եկամուտները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում