1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայաստանում կանցկացվի «Լավագույն գործատու» ամենամյա մրցանակաբաշխություն

Հայաստանում կանցկացվի «Լավագույն գործատու» ամենամյա 
մրցանակաբաշխություն

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանում պետական և հասարակական կառույցների համագործակցությամբ ամեն տարի կանցկացվի «Լավագույն գործատու» մրցանակաբաշխությունը: Հավակնորդներից կընտրվի և կկազմվի 10 լավագույն գործատուների վարկանիշային աղյուսակ։

Նախաձեռնությունը կյանքի կոչելու համար «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության, Հայաստանի գործատուների հանրապետական միության, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի, «Մանթաշով գործարարների միության» միջև ստորագրվեց հուշագիր: ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը նշեց, որ իրենք ոչ միայն ստուգումներ են անցկացնում, անհրաժեշտության դեպքում՝ տուգանում ընկերություններին, այլև այս քայլով ներդնում են գործատուներին խրախուսելու մեխանիզմ:

«Մեր մոտեցումն է կապը չկտրել հասարակական հատվածի, բիզնես ասոցիացիաների, արհեստակցական միությունների հետ: Ու որպեսզի չստացվի այնպես, որ տեսչական մարմինը գնում է միայն տուգանքների ճանապարհով, եղավ այս նախաձեռնությունը: Շնորհակալ եմ գործընկերներին, որ միացան նախաձեռնությանը: Տեսչական մարմինը, բացի տուգանելուց, նաև խրախուսման մեխանիզմ է ներդնում»,-ասաց Հակոբ Ավագյանը:

Նախաձեռնությանը միացած կառույցների ներկայացուցիչները մինչև հաջորդ տարվա մարտ ամիսը կմշակեն «Լավագույն գործատու» մրցանակաբաշխության չափորոշիչները: Թե ի՞նչն է հաշվի առնվելու, նախաձեռնությունն իրականացնողները դեռ չեն շտապում ներկայացնել: Հակոբ Ավագյանը միայն նշեց, որ հաշվի կառնվի այն հանգամանքը, թե արդյոք այդ գործատուն իրենց տեսադաշտում հայտնվել է, բողոքներ եղել են տվյալ ընկերության հետ կապված: Կընտրվեն գործատուներ, որոնց մոտ տարվա ընթացքում խախտումներ չեն արձանագրվի, գործատուներ, որոնք տարվա ընթացքում աշխատանքային իրավունքի պահպանման մասով իրենց մոտ ներդրել են նոր մեխանիզմներ:

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը նշեց, որ կշեշտադրեն նաև այն հանգամանքը, թե աշխատանքային ֆիզիկական պայմանները որքանո՞վ են բարելավվում, ի՞նչ քայլեր են ձեռնարկվում աշխատանքային իրավունքների պաշտպանության, վերապատրաստումների և այլ հարցերի հետ կապված: Նրա խոսքով՝ այս նախաձեռնությունը շատ կարևոր է, այն գործատուներին խրախուսելու քայլերից մեկն է:

«Մենք կողմ ենք, որ լինեն աշխատանքային անվտանգության կառավարման, ռիսկերի գնահատման համակարգեր, ինչպես նաև՝ ներքին քաղաքականություն այդ պայմանների բարելավման համար: Այսօրվա աշխատուժի պակասը, խիստ մրցակցությունը նպաստել են, որ էականորեն փոխվի գործատուների մտածելակերպը: Ու այնպես չէ, որ գործատուները հակված են շահագործել իրենց աշխատողներին: Գործատուները շահագրգռված են, որ իրենց աշխատողները լինեն առողջ ու ապահովեն անհրաժեշտ արտադրողականությունը: Կարծում եմ, որ այս նախաձեռնությունը լավ խթան կհանդիսանա գործատուների համար»,-ասաց  Գագիկ Մակարյանը:  

Նախնական տվյալներով՝ առաջին մրցանակաբաշխությունը կանցկացվի հաջորդ տարվա վերջին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]